Լրահոս
Օրվա լրահոսը

Հետդարձի ճանապարհ չկա

Օգոստոս 31,2010 00:00

Անկախ որեւէ բանաձեւից, Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում

Կիրակի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի ուսուցչի հարցին. «Այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում եւ բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանրապետությունը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձեւեր առաջ քաշել՝ դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը, եւ չե՞ն հասկանում, վերջապես, որ սա այլ Հանրապետություն է, եւ նրանց հետ ոչ մի կապ չունի»:
Ըստ նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանի պատասխանը հետեւյալն էր. «Լավ կլինի, որ այս հարցը Ալիեւին տաք, որովհետեւ ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի եւ, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով, եւ մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք: Միգուցե պետք է անհանգստանալ, բայց այդ անհանգստությունը որեւէ ազդեցություն չպետք է ունենա ձեր գործունեության վրա: Իսկ հիմա ավելի կոնկրետ՝ այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձեւ (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական կյանքում, ո՛չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձեւին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերեւս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձեւին: Առնվազն գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:
Սա՝ մի հանգամանք, եւ երկրորդ հանգամանքը՝ կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, եւ այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին: Բայց նորից եմ խնդրում, որ ինձ հարցնեք մեր գործունեության մասին, իսկ մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե՝ փոքր, միգուցե՝ դեռեւս պրոբլեմներով լի, բայց պետություն է, եւ այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031