Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԱԿԱՄԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

Օգոստոս 31,2010 00:00

Պաշտոնատար անձինք դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման

Բնության նկատմամբ սերը, հոգատարությունը մարդկանց մեջ սերմանում են դեռ վաղ հասակից, քանզի մշտապես, իսկ այսօր այն մարդկանց խնամքի եւ հոգատարության կարիքն ունի առավել, քան երբեւէ: Բնության պահպանությունը նաեւ պետության հոգատարության առարկա է, եւ պետությունը համապատասխան կառույցներ ձեւավորելու միջոցով խնդիր է դրել պահպանել բնությունը:
Բնության պահպանության համար կոչված ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը ստուգումներ է անցկացնում «Դելտա Ֆրագմենտ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող՝ «Երեւան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի եւ բազալտների հանքավայրում»: Պաշտոնյային խիստ անհանգստացրել էր, թե տվյալ ընկերության կողմից ինչպես են պահպանվում բնության պահպանության եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառի օրենսդրության պահանջները: Ստուգումներից հետո, 2009 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ կառավարության N 3 մասնաշենքի 5-րդ հարկի իր աշխատասենյակ է հրավիրում ՍՊԸ-ի տնօրեն Վ. Ասլանյանին՝ ստուգման արդյունքներին ծանոթանալու եւ ակտի կազմմանը մասնակցելու համար: Նրա հետ զրույցի ընթացքում Արսեն Պետրոսյանը թվարկում է հիշյալ հանքավայրը շահագործելու ընթացքում թույլ տված՝ ստուգմամբ ի հայտ բերված թերությունները եւ բնապահպանական բնագավառում գործող նորմատիվային ակտերի պահանջների խախտումները:
Վերջում հայտնելով, որ ստուգման ակտում թվարկված բոլոր խախտումների արձանագրումը կառաջացնի ընկերության եւ անձամբ տնօրենի համար խոշոր տուգանք, շեշտում է. «բա մենք էլ ո՞ր օրվա ախպերն ենք», եւ ասում, որ պատրաստ է գնալ զիջումների եւ ակտում արձանագրել հայտնաբերված խախտումներից միայն մեկը, որը կկազմի մոտ 100.000 դրամ:
«…Տոներից առաջ է, շատ մարդիկ սպասելիքներ ունեն, մի բան արեք՝ ակտը փակենք»,- ասում է պետի տեղակալը, հասկացնելով կաշառք տալու անհրաժեշտությունը: Վ. Ասլանյանը պատասխանում է, թե սեզոնի ընթացքում ընկերությունը շահութաբեր չի աշխատել, ուստի իր հնարավորությունը կկազմի մոտ 1000 ԱՄՆ դոլարի չափով, որը խոստանում է տալ ակտը կազմելուց եւ ստորագրելուց անմիջապես հետո: Արսեն Պետրոսյանը համաձայնում է: Ձեռք ձեռքի են տալիս, ակտը կնքվում է, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, Վարդան Ասլանյանը ներկայանալով Արսեն Պետրոսյանի աշխատավայր, նրա գրպանն է դնում պահանջած կաշառքը՝ 400 հազար ՀՀ դրամ:
Տոները մոտենում են, ախորժակը ուտելիս է բացվում, եւ Արսեն Պետրոսյանը, շարունակելով հանցավոր գործունեությունը, կրկին կաշառք ստանալու դիտավորությամբ, իր ղեկավար, նույն տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, որոշում են խոշոր գումար շորթել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ-ից, ընկերության օգտին գործողություն կատարելու, մասնավորապես՝ բնության պահպանության եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումները ստուգման ակտում ոչ լրիվությամբ արձանագրելու եւ այդ եղանակով բյուջե վճարման ենթակա վնասի գումարը պակաս հաշվարկելու, ինչպես նաեւ ՓԲԸ-ի Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու դիմաց:
Այդ դիտավորությունն իրագործելու նպատակով նա ընկերության տնօրենի տեղակալ Լեւոն Վարդանյանի հետ հեռախոսային խոսակցությունների ընթացքում հայտնում է, թե նախարարության պատասխանը կարող է նաեւ բացասական լինել, եւ շեշտում է հարցի շուրջ իր հետ բանակցելու անհրաժեշտության մասին: 2009 թվականի դեկտեմբերի 26-ին անձամբ հեռախոսային կապ հաստատելով Լ. Վարդանյանի հետ՝ նա պահանջում է շտապ հանդիպում: Վերջինս ասում է, որ գտնվում է Ախթալայում եւ շտապ Երեւան գալ չի կարող, խոստանում է այդ հարցով նրա մոտ ուղարկել ձեռնարկության երեւանյան գրասենյակի աշխատակիցներից մեկին: Նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում, ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանը, նախապես պայմանավորվելով, ներկայանում է Արսեն Պետրոսյանին: Վերջինս նեղացած ասում է, թե ստուգումներով ի հայտ բերված մեծաքանակ խախտումները չեն արձանագրել, սահմանափակվել են ընդամենը 10 մլն դրամի ակտով, որը չնչին թիվ է իրական վնասների դիմաց, սակայն փոխհատուցում չեն ստացել, ուստի նամակի պատասխանը կարող է ձգձգվել:
Լսելով այդ մասին՝ Հրանտ Ավագյանը հարցրել է, թե ընկերությունից ինչ է պահանջվում՝ պատասխանը դրական լինելու, այսինքն՝ շրջանառու ջրամատակարարման համակարգի գործարկման ժամկետը երկարաձգելու համար, որին պատասխանելով՝ Արսեն Պետրոսյանը նախ որպես կաշառք պահանջում է 15 մլն դրամ, ապա սակարկման արդյունքում կաշառքի վերջնական չափ է սահմանում 5 մլն դրամը՝ ասելով. «5 միլիոն դրամ կբերես՝ ամեն ինչ նորմալ կլինի»:
Հրանտ Ավագյանը բացատրում է, որ ինքը լիազորված չէ նման բանակցություն վարելու, ուստի պահանջի մասին կհայտնի ՓԲԸ-ի ղեկավարությանը եւ համաձայնության դեպքում երկուշաբթի՝ դեկտեմբերի 28-ին, պահանջված գումարը կբերի նրա աշխատանքի վայր: Արսեն Պետրոսյանը համաձայնում է:
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը, Հրանտ Ավագյանից լսելով պահանջվող կաշառքի մասին, նրան հանձնարարում է ներկայանալ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն եւ հայտարարություն անել հանցագործության մասին, որը եւ նա կատարում է:
Մնացածը, ինչպես ասում են,  տեխնիկական խնդիր է: 2009 թ. դեկտեմբերի 12-ին Արսեն Պետրոսյանը հեռախոսով կապվում է Հրանտ Ավագյանի հետ, պայմանավորվում, հանդիպում են իր աշխատասենյակում, վերցնում կապոցով 5 մլն ՀՀ դրամը: Հրանտ Ավագյանի հեռանալուց հետո նրա աշխատասենյակ է մտնում պետը՝ Տիգրան Գրիգորյանը, ում Արսեն Պետրոսյանը հայտնում է պահանջված կաշառքն ստանալու մասին եւ հաշվելով՝ հանձնում գումարի նրա մասնաբաժինը՝ 3.790.000 դրամ:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո կատարված անձնական խուզարկության եւ դեպքի վայրի զննության արդյունքում՝ երկուսի մոտից հայտնաբերում են գումարը:
Նախաքննական մարմինը նկարագրված հանցավոր արարքի համար Արսեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրում ՀՀ քրօրի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Տիգրան Գրիգորյանին՝ ՀՀ քրօրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Հետաքրքիր է այն պատճառաբանությունը, որով Արսեն Պետրոսյանը առարկում է արարքի որակման, այն է, որպես առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու դեմ, ասելով, թե իբր 2009թ. դեկտեմբերի 26-ին իր աշխատասենյակում առաջին անգամ հանդիպելով Հրանտ Ավագյանին՝ քննարկել են տեխնոլոգիական հարցեր, որի ժամանակ վերջինս ասել է շնորհակալություն հայտնելու իր ցանկության մասին: Դա ընդունելով որպես կաշառքի առաջարկ՝ ինքը պատասխանել է, թե ընկերության անելիքն ընդամենը 1000 ԱՄՆ դոլարի պատմություն է, ինչը համարժեք է իր եւ ստուգման մյուս մասնակիցների վազվզոցին, տրանսպորտային ու սնվելու ծախսերին, որի փոխհատուցումը ՓԲ ընկերության հայեցողության հարցն է ու պարտադիր չէ: Ա. Պետրոսյանը նաեւ նշել է, թե այդ խոսակցությունն իրեն հիմք է տվել մտածելու, որ առաջարկվող կաշառքը 1000 ԱՄՆ դոլարից ավելի չի լինի, ուստի պայմանավորված օրն իր աշխատասենյակում ընդունելով Հրանտ Ավագյանի ձեռքից թղթադրամների տրցակը՝ չի իմացել չափի մասին: Հայտնել է, թե իբր գումարի կոնկրետ չափի մասին իմացել է կաշառքը տվողի հեռանալուց հետո, երբ վերահաշվել է: Արսեն Պետրոսյանը չի ընդունում նաեւ հանցագործությունը խմբակային կատարելու հանգամանքը՝ պատճառաբանելով, թե իբր իր պետ Տիգրան Գրիգորյանի հետ նախնական պայմանավորվածություն չի ունեցել, կաշառքի մասին վերջինս իմացել է գումարն ստանալուց հետո միայն: «Երբ Հրանտի դուրս գալուց հետո Տիգրան Գրիգորյանը ներս մտավ եւ տեսավ փողը սեղանին դրված, ես նրան ճիշտը պատմեցի, որ Հրանտն է բերել, բայց ես սպասում էի, որ 1000 դոլար պետք է բերեր, բայց 5 000 000 դրամ է բերել: Հարցրի, թե ինչ անեմ: Նա էլ ասաց. «ՍՈՍՐՈջ» պարտքեր ունեմ, 10 000 դոլարի չափով տուր ինձ», եւ ես հաշվելով տվեցի 10 000 դոլարին համարժեք 3 800 000 դրամ, բայց ինչպես հետո պարզվեց՝ 10.000 դրամ սխալմամբ պակաս էի տվել», իր ցուցմունքում գրում է Ա. Պետրոսյանը: Մեղադրող կողմը, սակայն, հիմնավորված համարելով նրանց մեղսագրված արարքը, միջնորդեց նրանց դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 2010 թվականի օգոստոսի 6-ին Արսեն Պետրոսյանը դատապարտվեց՝ 10, Տիգրան Գրիգորյանը՝ 7 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031