Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորեն ներկրողները վնասո՞վ են աշխատում

Օգոստոս 31,2010 00:00

Հուլիսին գյուղատնտեսությունում արձանագրված 23% անկումը ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հիմնականում պայմանավորում է բուսաբուծության ոլորտում գրանցված անկմամբ: «Տնտեսական անկման հիմնական պատճառները բնակլիմայական վատ պայմաններն են, նախորդ տարվա 161 հազար տոննա պտղի դիմաց այս տարի, լավագույն կանխատեսումներով, կունենանք 60-70 հազար տոննա»,- երեկվա ասուլիսում ասաց նախարարը: Նրա կանխատեսմամբ, ոլորտում առաջիկա երկու ամիսներին որոշակի առաջընթաց կգրանցվի. «Ամեն դեպքում պտղի, բանջարեղենի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատությամբ խիստ պակաս կլինեն: Տարին կփակենք կենդանական ծագման արտադրանքի մասով որոշակի աճով, բուսաբուծության ոլորտում էլի անկում կգրանցվի, կարծում եմ՝ տարին կավարտենք նախորդ տարվա ցուցանիշներով»: Նախարարը հորդորեց չմտահոգվել ցորենի պաշարներով, որովհետեւ. «Բավականաչափ պաշարներ կան, միայն այս օգոստոսին ավելի շատ են ներկրել, քան նախորդ տարի»: Ինչ վերաբերում է հանրապետությունում ալյուրի ու հացի գների բարձրացմանը, պարոն Ալավերդյանը հավատացրեց, որ էական բարձրացումներ չեն եղել ու չեն էլ սպասվում. «Եթե հաշվի առնենք միջազգային շուկայում ցորենի գնաճը, Հայաստան բերելու ծախսերն ու գազի գների բարձրացումը, կարծում եմ, որ հացի գնաճը չի կարելի էական համարել»: Նախարարը նաեւ գովաբանեց ցորեն ներկրողների գործունեությունը. «Այդ կազմակերպությունների շնորհիվ այսօր հարցերը լուծվում են անխափան պայմանագրերով ու հեռախոսազրույցներով: Բայց չանտեսենք, որ տնտեսագիտական հաշվարկներով, ցորեն ներկրող ընկերությունները որոշ առումով նույնիսկ վնասով են աշխատում, քանի որ բավականին լուրջ ծախսեր ունեն ներկրման հետ կապված: Հեշտ է կողքից ուրիշի եկամուտները հաշվել, բայց մարդիկ լուրջ խնդիրներ են լուծում»: Իսկ կարտոֆիլի գների բարձրացումը նախարարը հիմնավորեց դրա աննախադեպ լավ վաճառքով. «Մարդիկ անցած տարի իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունեցան, բայց այս տարի, երբ հնարավորություն ստեղծվեց իրացնելու, ամբողջը վաճառեցին, նույնիսկ տարածաշրջաններ կան, որ սերմացուն էլ են վաճառել ու մնացել են առանց սերմացուի»:
Նա նաեւ նշեց, որ այս տարեսկզբին էլ 4-5 հազար տոննա կարտոֆիլ են արտահանել մասնավորապես Իրան ու Վրաստան. «Մոտ 30 հազար հա կարտոֆիլ է ցանված, աշնանն էլ մոտ 500 հազար տոննայից ավելի կարտոֆիլի լավ բերքի ենք սպասում»: Նախարարն անդրադարձավ նաեւ ոչխարի արտահանմանն ու նշեց, որ նախորդ տարվա 147 հազար գլխաքանակի փոխարեն այս տարի նախատեսել են 150-250 հազար գլուխ ոչխար արտահանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել