Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ-ՈՔԻՆԵՐ՝ ՏԱՐԲԵՐ ԵԼՔԵՐՈՎ

Օգոստոս 31,2010 00:00

\"\"Ամառային վերջին հանգստյան օրերը «խաղաղություն ու հավասարություն» բերեցին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը՝ 19-րդ տուրի չորս խաղերում գրանցելով միանգամից երեք ոչ-ոքի, ինչը յուրատեսակ ռեկորդ կարելի է համարել: Իհարկե, որքան էլ ոչ-ոքին «եղբայրաբար» է բաշխում միավորները, միեւնույն է՝ անգամ այս պարագայում միշտ կան հաղթողներ ու պարտվողներ, միավորներ կորցնող ու միավոր վաստակող: Այդպես, միանշանակ հաղթանակային կարելի է որակել Դիլիջանում տեղի «Իմպուլսի» հետ խաղում «Շիրակի» մեկ միավորը:
Ինն անընդմեջ պարտություններից հետո թվում էր, թե արդեն 35-րդ րոպեին բաց թողած երկու գնդակները 10-րդ պարտության ամուր հիմքն են, սակայն «Շիրակը» ոտքի է կանգնում: Դրա անհերքելի ապացույցը նախ հաշվի տարբերության կրճատումն էր, ապա՝ արդեն 11 մետրանոցից խփած երկրորդ պատասխան գնդակը: Եվ դա այն պարագայում, երբ 51-րդ րոպեից Բիչախչյանի սաները 10 հոգով մնացին խաղադաշտում՝ Գառնիկ Սարգսյանի հեռացումից հետո: Իսկապես որ՝ գյումրեցիների թասիբն անկոտրում է:
Բնականաբար, այս «հաղթանակած ոչ-ոքին» էական ազդեցություն չթողեց մրցաշարային աղյուսակում գյումրեցիների զբաղեցրած դիրքի վրա՝ մինչ այդ չափազանց խորը գլորվելու հետեւանքով, բայց սայլի տեղից շարժվելն արդեն առաջընթաց է, մանավանդ՝ երբ այդ տեղը ճահիճ է:
Մրցաշարային աղյուսակում Սամվել Դարբինյանի «Կիլիկիայի» տեղը, իհարկե, ճահիճ չէր, ու ոչ էլ այդքան խորը անդունդ, սակայն «Ուլիսի» հետ խաղում գոլազուրկ ոչ-ոքին կիլիկիացիների համար հաղթանակի արժեք ուներ: Առավել եւս այն պարագայում, որ մրցակիցն առաջատարների եռյակում իր տեղի փնտրտուքներով զբաղված ու մեծ հավակնություններ ունեցող թիմ էր: Իհարկե, վերջինս այս ոչ-ոքիով ավելին կորցրեց, քան, պարզապես, 2 միավորն էր, մանավանդ՝ նախորդ տուրում «Փյունիկից» կրած ցավալի պարտությունից հետո: Սեւադա Արզումանյանի թիմը այժմ ամբողջ վեց միավոր է զիջում առաջատարին, որի պատճառով չեմպիոնության համար պայքարի ուղին անչափ դժվարացել է:
Չեմպիոնության հավակնորդ մյուս 2 թիմերի հանդիպումը բախտի քմահաճույքով նույնպես խաղաղ ելք ունեցավ: Թեեւ «խաղաղ» բառը տվյալ դեպքում կիրառելի է բացառապես լուսատախտակին գրանցված արդյունքի տեսանկյունից: «Փյունիկի» ու «Բանանցի» հանդիպման երկու կեսերն էլ բավական հավասարակշիռ ընթացք ունեին, բայց երկու անչափ դրամատիկ վերջաբանով՝ սկզբում «Փյունիկի», ապա՝ «Բանանցի» սցենարով: Այդպես, առաջին խաղակեսի 45-րդ րոպեին փյունիկցիները բացեցին հաշիվը՝ Կառլեն Մկրտչյանի գոլի շնորհիվ, իսկ ընդամենը մեկ րոպե անց հարազատ թիմ վերադարձած Էդգար Մանուչարյանը տուգանայինից անչափ գեղեցիկ հարվածով կրկնապատկեց առավելությունը՝ սառը ցնցուղի ազդեցություն գործելով «Բանանցի» վրա: Բայց Կուզմանոսկու թիմը հանձնվելու ցանկություն չուներ, ու այդ գոլերը չկոտրեցին չեմպիոնության գնացող «Բանանցին»: Երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին Միգել Վեբերտ դա Սիլվան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մի քանի րոպե անց մեկ այլ բրազիլացի՝ Դենիրան Օրտեգան հավասարություն մտցրեց հաշվում: Ավելին անել թիմերից ոչ մեկին չհաջողվեց: Բայց նույնիսկ այս պարագայում հաղթանակը «Բանանցինն» էր. հինգ միավորի առավելությունը պահպանվում է, իսկ ամենակարեւորը՝ Կուզմանոսկու թիմը միակն է 19-րդ առաջնությունում, որ «Փյունիկին» դեռ չի պարտվել: Մեկ խաղում «Բանանցը» հաղթանակ է տոնել, եւս երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Տուրի միակ հաղթանակը գրանցվեց Երեւանի «Միկա» մարզադաշտում, որտեղ ընդունող կողմը գրանցած անհաջողությունների շարքից հետո երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Արմեն Շահգելդյանի թիմն այս անգամ պարտության մատնեց «Գանձասարին՝ 1:0: Ընդ որում, ինչպես եւ նախորդ տուրում, այս անգամ էլ միկացիների հաղթանակն ապահովեց Էդնեյի իրացրած 11 մետրանոց հարվածը: Բայց, միեւնույն է, «Միկան» ամբողջ ութ միավոր է զիջում 3-րդ հորիզոնականում հանգրվանած «Ուլիսին»՝ այդպիսով մեծ հավակնությունները գործնականում մի կողմ թողնելով:
Հաջորդ տուրին մեր առաջնությունը սպասելու է շուրջ երկու շաբաթ… Այդ ընթացքում հավակնությունները միայն մեր հավաքականներինն են՝ սեպտեմբերի 3-ին ու 7-ին իռլանդացիների ու մակեդոնացիների հետ խաղում ազգային թիմինը, իսկ նույն սեպտեմբերի 7-ին, վրացիների հետ խաղում՝ մեր երիտասարդներինը:
Մեծ ֆուտբոլի սեզոնը բացվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031