Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԼԻՐ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻՆ

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին չվերաօծվեց ու մնաց առանց գմբեթ ու խաչ

Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք կառուցված Ախթալայի ամրոցի ներսում գտնվող վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում արդեն 200 տար իպատարագ չի հնչել: Ախթալայի համալիրը՝ 3 եկեղեցիներով, զանգակատնով, սրահով եւ քարաշեն կացարաններով, ունի ուխտագնացության օրեր: Հատկապես Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին (նշվում է հին եւ նոր տոմարներով) վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ: Վանական համալիրը գրավիչ է նաեւ զբոսաշրջիկների համար:
Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում նույն տարածքում նաեւ Ախթալա քաղաքին նվիրված տոնակատարությանն է հիմք դրվել, անցած տարի տոնի բաղկացուցիչ դարձավ խորովածի փառատոնը, \"\"իսկ այս տարի նախատեսվել էր վերաօծել համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, սակայն միջոցառումը ձախողվեց: Թե ինչու միայն վերջին պահին որոշվեց պատարագ չմատուցել՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի համար էլ էր անակնկալ, քանի որ նախօրոք պայմանավորվածություն էր եղել. «Մենք պայմանավորվել էինք Գուգարաց թեմի հետ, թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն անձամբ էր օծելու, բայց սրբազանը ուշացավ, ու պարզ դարձավ, որ եկեղեցում պատարագ չի լինելու»:
Ախթալայի հոգեւոր հովիվ Վիգեն քահանա Ղազարյանը պարզաբանում է՝ խոնարհված եկեղեցիները միայն ուխտատեղի են ծառայում, բայց չի բացառվում, որ ցանկության դեպքում ամուսնության օրհնություն կամ մկրտություն կատարվի: Եկեղեցին հնարավոր է վերաօծել միայն խաչի առկայության դեպքում, իսկ խաչ ունենալու համար նախ գմբեթ է հարկավոր կառուցել, որը, ըստ քահանայի, շատ ծախսատար է, եւ մեկ բարերարի համար՝ դժվար իրականացնելի: Քահանայի համար առաջին լուրջ քայլը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կողմից 8 ամիս առաջ Ախթալայում հոգեւորական նշանակելն է:
Լոռեցիները համոզված են, որ եկեղեցում վաղ թե ուշ պատարագ կհնչի, մտահոգվելու առիթ կա գմբեթի, իսկ ավելի շատ՝ բացառիկ որմնանկարների պահպանման համար, քանի որ գմբեթ չլինելու պատճառով անձրեւաջրերը անարգել լցվում են եկեղեցի, հոսում որմնանկարների վրայով, վնասում դրանք: Որմնանկարների մեծ մասն այնքան է վնասվել, որ Ախթալայի քաղաքապետարանը այս տարի բարերարների օգնությամբ երկշերտ հաստ ապակի տեղադրելով՝ փորձել է կանխել որմնանկարչության բացառիկ նմուշների ոչնչացումը:
1979 թվականին Խորհրդային միությունը վերականգնեց վանական համալիրի բացառիկ որմնանկարների մեծ մասը: Դրանք պահպանելու համար ժամանակավոր թիթեղյա գմբեթ տեղադրվեց, որը անկախ Հայաստանում մաս-մաս գողացան: Խորհրդային կարգերի փլուզումը ոչ միայն եկեղեցին առանց գմբեթի թողեց, այլեւ որմնանկարների վերականգնումը ավարտին չհասավ, իսկ վերականգնող որմնանկարիչներ Հայաստանում այլեւս չկան:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը կարծում է, որ չի կարելի ոչնչից մեծ աղմուկ բարձրացնել եւ հասարակության միտքը զբաղեցնել անհարկի խնդիրներով: Ամեն հարց չէ, որ կարելի է հանրային կամ ոչ մասնագետ մարդկանց քննարկման նյութ դարձնել. «Մեր հանրային կյանքում, ազգային եւ պետական, ինչու չէ՝ նաեւ եկեղեցական կյանքում, յուրահատուկ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվեն տվյալ ոլորտի պատասխանատուները, ժամանակն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զբաղվի իր ոլորտի խնդիրներով»,- ասաց եպիսկոպոս Չուլջյանը եւ հավելեց, որ պատարագ կարելի է մատուցել յուրաքանչյուր օջախում, նույնիսկ դպրոցում, եթե ունենանք անհրաժեշտ օծված քարը: Գուգարաց թեմի առաջնորդը չի ժխտում, որ վիճելի հարց կա եւ խոստանում է ամիսուկես հետո ավելի հստակ պատասխան տալ:
Հնագետ Շավարշ Ավետյանը կարծում է, որ նշված մեկնաբանությունները ընդամենը պատրվակ են եկեղեցին չօծելու համար: Իրականում վանական համալիրում հնարավոր չէ օրհնության կարգ կատարել՝ առանց վրացական իշխանությունների հետ համաձայնության գալու, քանի որ Պղնձահանք անուն ստացած բնակավայրը 1180-ականներին դարձել է Իվանե Ա. Զաքարյանի սեփականությունը, որն ընդունել է բյուզանդական ուղղափառությունը՝ քաղկեդոնությունը, վանքը վերածելով քաղկեդոնական մենաստանի, որը 12-13-րդ դարերից Գուգարքի վրացադավան կամ քաղկեդոնական հույների, նաեւ հայերի կրոնական կենտրոն եւ հայ-վրացական կրթարան է ծառայել: Հնագետը համոզված է, որ եթե հիմնական պատճառը գմբեթ ու խաչ չունենալը լիներ, ապա ճարտարապետներն էլ ներգրավված կլինեին, քննարկում կսկսվեր:
Շավարշ Ավետյանը կարծում է, որ գմբեթի կառուցմամբ շատ հարցեր կլուծվեն, եկեղեցու հայկականությունը ցայտուն կդառնա, իսկ վերաօծել հնարավոր է Վրաստանի իշխանության հետ միակարծիք լինելուց հետո. «Վիճելի հարց է, հարկավոր է հաշվի նստել հարեւան Վրաստանի հետ, մեծ դեր ու անելիք ունի Մայր աթոռ սբ. Էջմիածինը, ԱԳ նախարարությունը»: Հնագետը ցավով նշում է, որ հաճախ մենք մեղադրում ենք Վրաստանին, Թուրքիային հայկական հնագույն կոթողները, մեղմ ասած, չպահպանելու համար, սակայն աչք ենք փակում մեր կողքին խոնարհվող հազարավոր եկեղեցիների վրա. «Ժամանակին Խորհրդային միությունը ուղղակի փլուզում էր, հիմա պատշաճ պահպանություն չիրականացնելու արդյունքում են ինքնափլուզվում, այդպիսով կորցնելով պատմականությունը, դրանք ինչպես էլ նորոգես՝ նույնը չես ստանա, իսկ այսպիսի վիճելի հարցերի դեպքում դա շատ կարեւոր է»,- ասում է Շավարշ Ավետյանը: Հնագետը պնդում է, որ եկեղեցին հայկական է՝ առաքելական, քանի որ ճարտարապետության մեջ գերիշխողը հայկականն է, թեեւ վրացական տարրեր էլ կան: Որմնանկարները բնորոշ են բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը, մի մասն ունի վրացերեն, մյուսները՝ հունարեն արձանագրություն. «Թեեւ կան վրացական ճարտարապետության նմուշներ, սակայն եթե եկեղեցին ամբողջությամբ վրացական լիներ, նրանք թույլ չէին տա Գրիգոր Լուսավորչի մեծադիր որմնանկարը ունենալ եկեղեցում, դա լրիվ հայկական մանրանկարչություն է»,- փաստում է հնագետը եւ ավելացնում է, որ թեեւ 1763-ին Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Գյումուշխանե բնակավայրից Ախթալա տեղափոխված 800 հույն ընտանիքները վանքը անվանակոչել են «Մերամանի», նաեւ հունական մի շարք արձանագրություններ թողել, այնուամենայնիվ, հանքափորներին տեղափոխելու նախաձեռնությունը վրաց թագավոր Հերակլ Բ-ինն էր: Այդ ժամանակից ի վեր վրացիները հավակնություններ ունեն Ախթալայի եկեղեցու նկատմամբ: Մինչեւ հիմա էլ Վրաստանի Ծալկայի շրջանից ուխտավորներ ու հավատացյալներ են գալիս Ախթալա:
Հնագետի կարծիքով, անհրաժեշտ է անհապաղ ծրագրերի շարք իրականացնել եւ եթե շահագրգիռ բոլոր կազմակերպությունները հետեւողականությամբ կարողանան համագործակցել ճարտարապետների հետ եւ ներգրավել ամեն տարի Ախթալայի տոնին եւ խորովածի փառատոնին ներկա պաշտոնյաներին՝ գմբեթի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար, ապա Հայաստանի անկախ Հանրապետությունում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում խաչ ունենալն ու պատարագ հնչեցնելը անիրականանալի երազանք չի մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել