Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիքը եւ ստեղծագործական ակտիվությունը

Սեպտեմբեր 30,2010 00:00

Պետական, քաղաքական գործիչների օրինակով

Մարդկությանը հայտնի են խոր ծերության ժամանակ կատարված ոգեշունչ եւ լարված ստեղծագործական աշխատանքի բազմաթիվ օրինակներ: Աշխատունակության նվազումը տարբեր մարդկանց, տարբեր մասնագետների մոտ սկսվում է տարբեր տարիքում: Պատմությանը հայտնի է, որ բազմաթիվ գրողներ, պետական գործիչներ, դերասաններ, շախմատիստներ, նկարիչներ եւ արվեստի այլ գործիչներ պահպանել են ստեղծագործական ուժերի վերելքը մինչեւ խոր ծերություն:
Օրինակներ՝ որքան ուզեք:
Տիցիանը նկարում էր անգամ մահից մի քանի օր առաջ եւ վախճանվեց 99 տարեկանում, այն էլ ժանտախտից: 80-ամյա Վ. Գյոթեն ավարտեց իր հռչակավոր «Ֆաուստը», իսկ Միքելանջելոն միայն 90 տարեկանում  կերտեց իր լավագույն քանդակներից մեկը:
101-ամյա մեծանուն Իգ. Մոիսեեւը շուրջ 70 տարի ԽՍՀՄ (ՌԴ) պարի ակադեմիական համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր պարուսույցն էր:
Երկարակյացները ցավալիորեն քիչ թիվ են կազմում երկրագնդի վրա: Հատկապես երկարակյաց են գիտնականները, արվեստագետները: Տարածված է այն թյուր կարծիքը, որ առողջության համար օգտակար է ֆիզիկական աշխատանքը, մինչդեռ մտավորը վաղ ծերություն է առաջ բերում. «Շատ բան իմանաս՝ շուտ կծերանաս»:
Մեր կողմից ուսումնասիրություն է կատարվել մտավոր եւ ֆիզիկական ոլորտների աշխատողների կյանքի միջին տեւողության շուրջ: Մասնավորապես հետազոտություններ իրականացվեցին կոնկրետ մասնագիտությունների գծով եւ …պարզվեց, որ մարդու առողջության համար ամենանպաստավորներից են դիրիժորությունը, պետական, քաղաքական գործունեությունը, դիվանագիտությունը, գիտություն…
Իրոք, բավականին երկար, ստեղծագործական հագեցած կյանքով են ապրում պետական, քաղաքական գործիչները, դիվանագետները, եկեղեցականները: Իսկ որքան են ապրել (ապրում), ստեղծագործել (ստեղծագործում) մեզ հայտնի պետական գործիչները, դիվանագետները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ պետական, քաղաքական գործիչների մոտ կենսականորեն կարեւոր մտավոր ունակությունների կտրուկ անկում տեղի չի ունեցել: Չնայած ֆիզիկական տվյալներով, որպես կանոն, չեն փայլում: Իսկ փաստերի լեզուն վիճարկման ենթակա չէ:
Պետական, դիվանագիտական հանդիպումներ, ճոխ բանկետներ, պարահանդեսներ, գեղեցիկ աղջիկներ, հախուռն ասուլիսներ եւ հանկարծ…
Պետական գործիչները վարում են խստաբարո կենսակերպ: Նրանք ապրում են արտաքուստ հանգիստ կյանքով, բայց պատրաստ են ամեն ցնցումի, սթրեսի՝ վաղօրոք: Նրանց անակնկալի չեն բերի, ինչպես դիվանագիտության մեջ:
83-ամյա ծերունազարդ Ֆ. Կաստրոն մինչեւ վերջերս հակաիմպերիալիստական, հակաամերիկյան ոգով 2-3 ժամանոց ճառ էր արտասանում եւ հանգիստ հեռանում ամբոխի հետ:
Միայն 80 տարեկանում է Ու. Չերչիլը հեռացել ակտիվ քաղաքական գործունեությունից: Ի դեպ, Չերչիլը չէր փայլում ֆիզիկական տվյալներով եւ ապրեց 91 տարի:
Անշուշտ, խոսքը սոսկ երկարակեցության մասին չէ, այլ ակտիվ ստեղծագործական աշխատանքի: Պետական գործիչները, դիվանագետները պաշտոնաթող լինելուց հետո էլ զուսպ, կանոնակարգված կյանք են վարում, որոշակի ֆիզիկական եւ մտավոր ծանրաբեռնվածություն ստանձնում (մանկավարժություն, հուշեր):
Այսպես թե այնպես, երկարակեցության հիմնահարցում վճռականը բժշկության հաջողությունները չեն: Հավանաբար, երկարակեցության գաղտնիքը մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի զուգակցումն ու ներդաշնակումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930