Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայբիզնեսբանկը» զլացել է

Հոկտեմբեր 30,2010 00:00

Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքի մոտ տեղադրված «Հայբիզնեսբանկի» բանկոմատը սրանից դեռեւս 9 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, կուլ էր տվել «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի վճարային քարտը՝ սխալ PIN կոդ հավաքելու համար: Քանի որ քարտը «Ինեկոբանկինն» է, այն բանկը, որին պատկանում է բանկոմատը, պետք է քարտը հաներ եւ փոստով ուղարկեր «Ինեկոբանկ», որտեղից բանկի հաճախորդը պետք է ստանար իր քարտը: Սովորաբար նման դեպքում քարտն իր տիրոջը վերադարձվում է 3 աշխատանքային օրերի ընթացքում, համենայնդեպս, բոլոր բանկերում դա էին նշում՝ որպես ողջամիտ ժամկետ քարտի վերադարձման համար: Սակայն «Հայբիզնեսբանկի» դեպքում, փաստորեն, քարտը տիրոջը հասավ միայն երեկ՝ ոչ ողջամիտ ժամկետում, այն էլ՝ սպասարկման բաժին, վարչական մաս կատարած բազմաթիվ զանգերից ու ճշտումներից հետո: Փաստն այն է, որ 9 օրերի ընթացքում քարտապանը զրկված է եղել իր քարտն օգտագործելու հնարավորությունից, ինչ է թե՝ ինչ-որ բանկ զլացել է ժամանակին կատարել իր գործառույթները: Սպասարկման բաժնից երբ փորձում էինք պարզել, թե ուր է քարտը, ինչու են ուշ ուղարկել եւ երբ էին պարտավոր այն տեղ հասցնել՝ պատասխանեցին, թե «Դուք ոչ քարտի տերն եք, ոչ էլ նրա լիազոր մարմինը, մենք չենք կարող ձեզ ուրիշի քարտի հետ կապված որեւէ բան ասել»: Երբ աշխատակցին բացատրեցինք, որ նրանից բանկային գաղտնիք, հաշվեհամարի կամ հաշվի մնացորդի մասին տեղեկություն չենք ուզում, ընդամենը ճշտում ենք այդ բանկի կարգը, թե քանի ամիս հետո են պատրաստվում վերադարձնել իրենց բանկոմատ ընկած քարտերը՝ սպասարկման բաժնից հրաժարվեցին որեւէ պատասխան տալ: «Արմենիան քարդ» փակ բաժնետիրական ընկերությունից, որտեղ դիմում են քարտերի հետ կապված խնդիրների դեպքում, պարզաբանեցին. «Չնայած այդ ժամկետը որեւէ տեղ իսկապես չկա եւ չի սահմանափակվում, բայց սովորաբար ողջամիտ ժամկետը 3 օրն է, այդ աշխատանքային օրերի ընթացքում քարտը պետք է որ քարտապանի ձեռքում լինի արդեն: Տվյալ դեպքում, եթե 5-6 աշխատանքային օր է անցել՝ նշանակում է «Հայբիզնեսբանկը» ձգձգել է իր գործը, թեեւ նրան դրա համար դժվար թե ենթարկեն պատասխանատվության, ամեն բանկ իր գործելաոճն ունի»:
Այնպես որ, այս դեպքում վճարային քարտ ունեցողները պետք է ճանաչեն ոչ միայն իրենց դիմացինին, այլեւ իրենց դիմացի բանկոմատը, եւ իմանան որտեղից են օգտվում՝ տեղեկանալով, որ «Հայբիզնեսբանկի» բանկոմատը կարող է կուլ տվածը վերադարձնել մի քանի ամսից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել