Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին ակնթարթի արքաները

Հոկտեմբեր 30,2010 00:00

Սպորտում հաճախ ակնթարթն է վճռում մարզիկի կամ թիմի ճակատագիրը եւ դրա օրինակները բազմաթիվ են

\"\" \"\"

Միակ շանսը
Հոկտեմբերի 10-ին լրացավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ սխրանքներից մեկի 37 տարին: 1973 թվականի այդ օրը Երեւանի «Արարատը» Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին»՝ նվաճեց ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթը, իսկ երեք շաբաթ անց դարձավ նաեւ Խորհրդային Միության չեմպիոն:
Ավագ տարիքի ֆուտբոլասերները երբեք չեն մոռանա դրամատիկ այդ օրը: Խաղի մեծ մասը կիեւցիները գլխավորում էին հաշիվը՝ շնորհիվ Կոլոտովի իրացրած 11 մետրանոց հարվածի: Ամեն բան տանում էր նրան, որ հախճապակյա գավաթը բաժին էր հասնելու ուկրաինացիներին: Խաղի վերջին րոպեներին «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սեւիդովը Բլոխինին եւ Բուրյակին փոխարինեց Զուեւով եւ Կոնդրատովով, որպեսզի այդ երիտասարդներն էլ ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ստանան: Ի պատասխան, «Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը դաշտ մտցրեց փորձառու Նիկոլայ Ղազարյանին: Վերջինը, ստանալով Անդրեասյանի փոխանցումը, հարվածեց դարպասին եւ Լեւոն Իշտոյանն առաջինը հասավ ետ մղված գնդակին ու վերականգնեց հավասարակշռությունը: Դա կատարվեց հանդիպման վերջին՝ 89-րդ րոպեին: Նշանակվեց լրացուցիչ խաղափուլ:
Սիմոնյանը հանդերձարանում իր սաներին ասել էր. «Կամ՝ հիմա, կամ՝ երբեք: Տղաներ, սա ձեր միակ շանսն է»: Եվ 103-րդ րոպեին նույն Անդրեասյանի փոխանցումից հետո Իշտոյանը գնդակն ուղարկեց կիեւցիների դարպասի վերին անկյունը՝ պատմական հաղթանակ բերելով «Արարատին»: Այդ երկու գոլերը Լեւոնին դարձրին ազգային հերոս, լեգենդ:

3 վայրկյան, որը օլիմպիական ոսկի արժեցավ
1972 թվական: Մյունխեն: 20-րդ ամառային օլիմպիական խաղեր: Բասկետբոլի մրցաշարի եզրափակչում հանդիպում են վերջին յոթ օլիմպիական խաղերի անփոփոխ չեմպիոն ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի հավաքականները: Ամբողջ խաղի ընթացքում խորհրդային երկրի հավաքականը հաշվի մեջ առջեւում էր: Խաղի ավարտից 9 վայրկյան առաջ ամերիկացիները պարտվում էին 48:49 հաշվով: Ալեքսանդր Բելովը հերթական նետումում վրիպեց: Իսկ երբ գնդակը կրկին հայտնվեց նրա մոտ, հավանաբար՝ վախենալով կրկին վրիպել, նա փոխանցում կատարեց Զուրաբ Սաքանդելիձեին: Բայց ամերիկացիներից Սքոլինզը խլեց գնդակը եւ վերջինին ուրիշ ոչինչ չէր մնում, քան խախտել կանոնները: Սքոլինզը հստակ կատարեց տուգանային երկու նետումները՝ 50:49: Այդ ժամանակ խաղի ավարտին մնում էր ընդամենը երեք վայրկյան: Պատասխան գրոհը ձախողվեց, եւ լուսատախտակը ցույց տվեց, որ ժամանակն սպառվել է: Վերջ: Ամերիկացիները ջերմ գրկախառնություններով հենց խաղադաշտում տոնում էին օլիմպիական ութերորդ հաղթանակը: Սակայն՝ ոչ: Խաղի ժամապահ մրցավարը հրաժարվում է ստորագրել խաղի արձանագրության տակ: Նրա ժամացույցով դեռ երեք վայրկյան կա: Լուսատախտակն սկսել է աշխատել փոխանցումը կատարելու, այլ ոչ թե մարզիկի՝ գնդակն ընդունելու պահից, ինչպես պահանջում է կարգը: Եվ որոշվեց վերջին երեք վայրկյանը վերախաղարկել: Սեփական զամբյուղի տակից Իվան Եդեշկոն գնդակն ամբողջ խաղադաշտի երկայնքով փոխանցեց Ալեքսանդր Բելովին: Նրան փակող ամերիկացի երկու բասկետբոլիստներից մեկն ընկավ, մյուսը անցավ սահմանագիծը, եւ Բելովը տիրելով գնդակին՝ այն անցկացրեց զամբյուղի միջով: Հաղթանակ: Ամերիկացիները այդ պահից սկսած եւ հետո էլ բողոքում էին, բայց՝ անօգուտ: Հաշիվը պաշտոնապես արձանագրվել էր: Պարգեւատրման արարողությանը ԱՄՆ-ի հավաքականը չներկայացավ եւ նրանց մեդալներն առայսօր պահվում են ՄՕԿ-ի գրասենյակի չհրկիզվող պահարաններից մեկում:
Անկասկած, հատուկենտ մարդիկ գիտեն, որ հեռավոր 1972 թվականին այս ամբողջ պատմության գլխավոր մեղավորը՝ այդ դրամատիկ խաղում արձանագրության տակ իր ստորագրությունը դնելուց հրաժարված ժամապահ մրցավարը, եղել է ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Զեպ Բլատերը, իսկ երկու մրցավարներից մեկը՝ բուլղարահայ Արտենիկ Արաբաջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել