Լրահոս
Օրվա լրահոսը

2010-ի հոբելյանները

Նոյեմբեր 30,2010 00:00

Մեծանուն արվեստագետների հոբելյաններով հարուստ էր 2010 թվականը: Այս առիթով մշակութային տարբեր օջախներում վերջին ակորդներն են հնչում, այսպիսով երախտիք մատուցելով ազգային այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Խորեն Աբրահամյանը (80), Հրանտ Մաթեւոսյանը (75), Կիմ Երիցյանը (80), Ղազարոս Սարյանը (90), Ռազմիկ Դավոյանը (70), Վլադիլեն Բալյանը (85): Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա թատերագետ Լեւոն Մութաֆյանի «Խորեն Աբրահամյանի արվեստը» գրքի շնորհանդեսը, որով կեզրափակվեն մեծ դերասանին նվիրված հոբելյանական հանդիսությունները: Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 1-ին մեծարանքի խոսքեր կհնչեն նշանավոր կատակերգակ Կիմ Երիցյանի հասցեին, դեկտեմբերի 11-ին կմեկնարկի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին նվիրված փառատոնը: Գրականության ու երաժշտարվեստի, մասնավորապես՝ երգարվեստի սիրահարները Ազգային օպերային թատրոնում նոյեմբերի 27-ին երախտիքի ու մեծարանքի խոսքեր լսեցին վաղուց ժողովրդական հնչողություն ձեռք բերած երգերի («Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի»…) եւ այլ ստեղծագործությունների հեղինակ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի, նոյեմբերի 29-ին էլ, դարձյալ օպերային թատրոնում, ազգային քնարերգության նշանավոր դեմքերից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի հասցեին: Նրանք արվեստագետներ են, ովքեր, հասնելով իրենց հոբելյանական տարեթվերին, հարստացնում են մեր գեղարվեստական գրականությունը, յուրաքանչյուրը յուրովի շարունակելով այն ավանդույթները, որոնք առկա են ազգային գրականության ու երաժշտության ոլորտում:
Դավոյանը իր «Մեղրահաց», «Կեղեւդ բաց արա» ժողովածուներով հարստացրեց ազգային մոդեռնը եւ դարձավ հետսեւակյան բանաստեղծության նշանավոր դեմք, իսկ Բալյանը հատկապես իր երգերով վերականգնեց ժողովրդական զուլալ ակունքները, ձեւավորելով երգ-բալլադի ժամանակակից ավանդույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել