Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԻՋԵՎԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐՑԱԽ

Դեկտեմբեր 25,2010 00:00

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն այն կարծիքին է, որ Ջավախքին եւ ՀՀ-ին նետված է լրջագույն մարտահրավեր. «Մոտ ապագայում Ջավախքը կամ կարժանանա Նախիջեւանի ճակատագրին, կամ կազատագրվի, ինչպես Արցախը»,- նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ջավախքի խնդիրների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է նա, ում կարծիքով՝ «ընտրությունը կատարելու է համայն հայությունը եւ ոչ թե մի խումբ հայախոսներ, որոնք ծառայում են Վրաստանի իշխանություններին»:

«Սարդարապատ» նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էլ կարծիք է հայտնել. «Մենք համոզված ենք, որ եթե վրացական իշխանությունները շարունակեն Ջավախքի հայաթափման այս ծրագիրը, նրանք կունենան ազատագրված Արցախի տարբերակը»: Խոսելով Ջավախքում տարեցտարի ավելի վատթարացող վիճակի մասին՝ Սեֆիլյանը նկատել է. «Այսօր այդ նույն հայաթափման քաղաքականությունը, որը կիրառվում է Թիֆլիսի իշխանությունների կողմից, դժբախտաբար, իրականացնում են այնտեղ բնակվող հայերը։ Այն հայերը, որոնք այսօր գործակցում են Թիֆլիսի իշխանությունների հետ, ենթարկվում են թիֆլիսյան հակահայկական բոլոր հրահանգներին, ես նրանց ուզում եմ հիշեցնել, որ եթե նրանք կարծում են, թե անպատիժ են մնալու, ապա չարաչար սխալվում են: Այն հայ անհատներին, որոնք այսօր գործակցում են, ենթարկվում են Թիֆլիսի իշխանություններին, հորդորում եմ, որ հետ կանգնեն իրենց դավաճանական ընթացքից՝ այն իմաստով, որ այսօր մեր սերունդը մի ամբողջ շարժման փորձ ունի, եւ եթե 88թ. շարժումից հետո որոշ չինովնիկներ կարողացան խուսափել հայկական արդար դատից, ապա դուք չեք ազատվելու»:

Նա նկատել է, որ այսօր Վահագն Չախալյանի ընկեր Գուրգեն Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ ոչ միայն վրացական, այլեւ ՀՀ իշխանություններից. «Այսօր մեր երիտասարդներին պատսպարվելու տեղ չի մնացել, եւ մեր օրակարգը մեկն է՝ ՀՀ-ում իրականացնել համակարգային փոփոխություններ, եւ միայն դրանից հետո է հնարավոր լրջորեն զբաղվել Ջավախքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել