Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայնի իրավունք

Դեկտեմբեր 25,2010 00:00

Խոսափողի մենախոսությունը

– Երեկ ինձ տարան մի ժողով կամ էլ հանրահավաք, չեմ կարող ճիշտն ասել, հարմար չէր, չէի տեսնում, այսինքն՝ տեսնում էի մի մարդու՝ զայրացած գոռում էր, գոչում: Զարմանում եմ, թե որ ինձ տարել եք, էլ ինչի՞ եք գոռում: Դեռ դա ոչինչ, մի քանի օր առաջ էլ հարսանիքի էի, հաստատ հարսանիք էր, բոլորին տեսա, բոլորի ձեռքն էլ ընկա: Ամենասարսափելին այն է, որ հերիք չի, ով պատահի ինձ վերցնում է, ինչ պատահի՝ ասում է, մի հատ էլ գլխիս են խփում մի քանի անգամ, չեմ հասկանում՝ ո՞ր մեղքիս համար: Վայ, բա ոնց եմ զզվել էդ «ռազ-ռազ»-ներից, զզվել եմ էդ հարսանիքների «խմենք զույգ ծաղիկների կենաց»-ից: Ամենասարսափելին դեռ առջեւում էր. փեսայի եղբոր երգն էր: Չէ, բայց դա պետք է տեսնեք, պատմելու չէ. այդ խեղճը, կարծես, դժվարությամբ էր բացում բերանը, բայց ես տեսա նրա ձայնալարերը, որոնք պատրաստ չէին դրան: Աչքիս առաջ է՝ բերանը ջանք ու եռանդ չի խնայում, բայց ձայնալարերից մեղեդու նշույլ անգամ չի ելնում: Ամենազվարճալին նախկինում էր, երբ համերգներին մեր անտաղանդ երգիչների ձեռքն էի ընկնում: Վայելում էի երկար սպասված հանգիստս: Վերցնում էին ինձ եւ երգում, ես ոչինչ չէի անում, չէ, այսինքն անում էի, զվարճանում էի՝ տեսնելով, թե ինչպես է մի բերան բացվում-փակվում՝ ճգնելով ձայն չհանել: Հիմա սկսել են ավելի քիչ «չերգել»: Բայց երբ երգում են, գլուխդ բռնիր ու փախիր: Երբեմն, իհարկե, հաճույք եմ ստանում իմ գործից, այնքան հաճելի է լսել մեղեդային երգեր, հաճելի խոսքեր: Խոսքեր ասեցի՝ հիշեցի: Չեմ սիրում, երբ Ազգային ժողովում եմ լինում: Հարցը այն չէ, որ այնտեղ տհաճ բաներ եմ լսում, ընդհակառակը, իմ կարճ խելքով հասկանում եմ, որ այստեղ հավաքված են երկրի ճակատագիրը որոշող մարդիկ, ովքեր խոսում են երկրի կարեւորագույն խնդիրների մասին, օգտագործում են այնպիսի կարեւոր բառեր, ինչպիսիք են՝ ժողովրդավարություն, երկրի զարգացում, տնտեսական աճ եւ այլն: Բայց, չգիտեմ ինչու, չեմ սիրում այնտեղ մնալ: Խոսում են, խոսում, մեկը՝ երկար, մյուսը՝ կարճ, պատահում է՝ վիճում են, իրար վրա գոռում: Հիմա դեռ լավ է, մի քիչ գլուխս հանգիստ է, բա որ մի ժամանակ ինձ չորրորդ խոսափող էին ասում, այ, այդ ժամանակ անիծում էի բախտս եւ մտածում՝ ախր ինչո՞ւ եմ հենց խոսափող, այլ ոչ՝ շուն կամ կատու, որ ոտքեր ունենայի եւ փախչեի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել