Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ծուռ սասունցի եւ մի խելոք մշեցի

Դեկտեմբեր 25,2010 00:00

Աղասի Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ Ռուբեն Սասունցին իրենց «Սասնա ծռերի» ծոռներ են համարում:

Ա՜խ, մեր էրգրի հովին մեռնեմ,

Պիտի գնանք վաղ, թե ուշ,

Հրով լինի, սրով լինի՝

Պիտի գնանք վաղ, թե ուշ…

 

\"\"Աղասի Իսպիրյան. «Ազգագրական երգի շունչը զգացել եմ 4-5 տարեկանից. մեր տանը երգում էին պապիկս ու հորեղբայրս՝ Ներսիկ Իսպիրյանը: Այսօրվա իմ կատարած ազգագրական երգերի համարյա 90%-ը գրել է պապիկս: Ուսուցիչ՝ որպես այդպիսին, չեմ ունեցել, որովհետեւ մեր տներում էլ միշտ հնչել է ազգագրական երգը, մենք դրա տակ ենք մեծացել ու սովորել դրանով: Միայն ես ու Գոհարը «Զորավար Անդրանիկ» խմբում երգելիս ունեցել ենք մի ուսուցիչ՝ Սահակ Գալոյանը: «Զորավար Անդրանիկ» խմբում սովորելուց հետո երգել եմ միայնակ, այնքան ժամանակ, երբ ծանոթացա Գոհար Հովհաննիսյանի եւ Ռուբեն Սասունցու հետ: Գոհարի հետ ծանոթացա 4 տարի առաջ ռեստորանում՝ մի երեկույթի ժամանակ, ու այդ օրվանից դարձանք քրոջ ու եղբոր նման: Ռուբենի հետ էլ ծանոթացա Սունդուկյանի անվան թատրոնում: Մեր երեքի միավորման գործում իր մեծ լուման ունեցավ հորեղբայրս՝ Ներսիկ Իսպիրյանը: Առաջին անգամ որպես մի խումբ «Սասնա էրգիր» խորագրով համերգ տվեցինք Լոս Անջելեսում՝ 2008թ.-ին: Վերադառնալով Հայաստան՝ այստեղի երգիչ-երգչուհիներից ոմանք ասում էին՝ «Դե, ձեզ դրսում սիրում են», այսինքն ուզում էին ասել, որ այստեղ պահանջ չկա, հանդիսատես չունենք, բայց վերջերս այստեղ կայացած մեր երկու մենահամերգները հակառակը ապացուցեցին: Կյանքում մի շատ կարեւոր երազանք ունեի. ուզում էի տեսահոլովակ նկարել Արեւմտյան Հայաստանում եւ նկարեցի: Դա ինձ համար անմոռանալի էր, մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա»:

Ես աղջիկ եմ՝ արմատներով սասունցի,

Դու չես զղջա, թե սիրտդ սիրե ընձի,

Ես կդառնամ օջախիդ լույսը անմար,

Մի ղոչ տղա կբերեմ քեզի համար…

\"\"Գոհար Հովհաննիսյան. «Երբեք չեմ մտածել, որ պիտի երգչուհի դառնամ, չնայած փոքրուց երգել եմ: Միշտ որոշում էի ուրիշ մասնագիտություն ձեռք բերել, բայց էլի հետ էի գալիս երգելուն: 8 տարի երգել եմ «Զորավար Անդրանիկ» խմբում, ավարտել եմ Ջազային-էստրադային քոլեջը, զուգահեռ երգել եմ Ջիվանու անվան դպրոցում, հետո Երգի պետական թատրոնում, ապա «4 տարբերակ» խմբում: Այս խմբում երգել եմ չորս տարի: Ամեն կերպ փորձում էի այդ ոճում պահել իմ տեսակը, բայց շուտով հասկացա, որ էստրադային կամ ջազային ոճերում ես այլեւս ասելիք չունեմ, քանի որ իմ ոճը ժողովրդականն է, ազգագրականը եւ այլ ոճում ես ինձ չեմ պատկերացնում: Դրանից հետո պատահականորեն ծանոթացա Աղասի Իսպիրյանի հետ: Ճիշտ է, մենք երկուսով երգում էինք նույն «Զորավար Անդրանիկ» խմբում, բայց չէինք ճանաչում իրար: Ես միշտ ուզում էի ծանոթանալ նրա հետ, քանի որ ինձ ասում էին, որ ես կարծես Աղասու աղջիկ տեսակը լինեմ: Հիմա երեքով դարձել ենք մի ամբողջություն ու արդեն առանց իրար չենք կարող: Հայաստանում, այսպես ասած, ռիսկ չէինք անում մենահամերգ տալ: Մի օր Ռուբենը եկավ ու ասաց, որ պիտի էս տարի մենահամերգ լինի ու եղավ: Ի դեպ ասեմ, որ հայաստանյան ու արտասահմանյան հանդիսատեսի մեջ էական տարբերություններ չկան: Ուղղակի այնտեղի հանդիսատեսի մեջ ավելի շատ կարոտն է գերիշխում»:

Հեեե՜յ, սասունցի ենք, սասունցի՜,

Սերունդն ենք մեր պապերի,

Եվ չենք փոխվի, թեկուզ դարեր էլ անցնի,

Ոչ մի երկիր մեր Սասունին չի

հասնի…

\"\"Ռուբեն Սասունցի. «Ընկերներիս նման իմ մանկության երգերը նույնպես ազգագրական էին: Շատ էի սիրում Ներսիկ Իսպիրյանին: Երբ իմացա, որ Աղասը նրա եղբոր տղան է, սկսեցի ավելի մեծ ուշադրությամբ հետեւել Աղասու գործին: Զգում էի, որ մենք պետք է ծանոթանանք: Ծանոթացանք շատ պատահական: Մի միջոցառման ժամանակ մեր հայացքները հանդիպեցին եւ երկուսս էլ զգացինք, որ մենք պետք ենք իրար: Երեքով շատ արագ մտերմացանք՝ չնայած ես եւ Գոհարը սասունցի էինք, իսկ Աղասին՝ մշեցի: Հիմա էլ կամաց-կամաց բարեկամանում ենք: Աղասը իմ հարսանիքի քավորն է լինելու»:

Այժմ, ինչպես իրենք են ասում, առանց իրար չեն կարողանում երկար ժամանակ ապրել: Միեւնույն ժամանակ միասին էլ երկար չեն մնում: Նրանց կողակիցներն էլ են հարմարվել այս վիճակին: Աղասու կինը նույնպես մշեցի է եւ շատ լավ հասկանում է ամուսնուն, Գոհարի ամուսինը նրան ընդունում է այնպիսին, ինչպիսին որ նա կա, իսկ Ռուբենի հարսնացուն առայժմ մի քիչ դժգոհում է, բայց դա էլ ժամանակի խնդիր է: Դե, իսկ հումորն էլ անպակաս է նրանցից: «Ֆրանսիայում խանութներով շրջում էինք, որ նվերներ գնենք մեր կողակիցների համար: Գոհարը ամուսնու համար ինչ-որ հետաքրքիր բան գտավ, ես նշանածիս համար, Աղասն էլ կնոջ համար մի մեծ պարկ լվացքի փոշի գնեց»,- պատմում է Ռուբենը:

Այս հետաքրքիր եռյակի վեճերը նույնպես հետաքրքիր են: Ամենաշատը վիճում են նրա համար, որ Աղասին եւ Ռուբենը իրենց համար շորեր են գնում, իսկ Գոհարի համար չեն գնում: «Ինչ որ իրենց են առնում, թող ինձ էլ առնեն: Ոչինչ, ես կհագնեմ»,- կատակում է Գոհարը:

Ահա այսպես երկու ծուռ սասունցի ու մի խելոք մշեցի ինքնակամ հանձն առան նոր սերնդին ցույց տալ ազգագրական երգն ու պարը: Նրանց ասելիքն էլ մեկն է. հերթական անգամ հիշեցնել իրենց պապերի կորցրած երկրի մասին եւ ասել, որ երգով լինի, վերքով լինի, պիտի գնանք վաղ, թե ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել