Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՀԱԿԱՍՈՂ ՊՆԴՈՒՄՆԵՐ

Հունվար 29,2011 00:00

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարելիք փոփոխությունների շուրջ համաձայնության է եկել ու այժմ պատրաստվում է համապատասխան տեքստը: Այդ մասին «Panorama.am»-ին հունվարի 28-ին տեղեկացրել է ՄԻՊ Արմեն Հարությունյանը. «Այժմ տեխնիկական գործընթաց է գնում, եւ իրավաբանական ձեւակերպումներն ենք տալիս»: Պաշտպանը, սակայն, չի պատասխանել հարցին, թե մասնավորապես ի՞նչ փոփոխություններ են կատարվելու օրենքում՝ սահմանափակվելով այսքանով. «Հիմնական հարցերը, թե՝ մրցույթը ոնց պետք է արվի, ինչը պետք է լիցենզավորվի, ինչը՝ ոչ եւ այլն, եւ այլն: Բոլոր խնդրահարույց հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցում ունենք, որոնք համընկնում են միջազգային փորձագետների մոտեցումների հետ»: Աշխատանքային խմբում, ըստ Հարությունյանի, տարաձայնություններ չկան, քանի որ բոլոր հարցերի վերաբերյալ մոտեցումն ընդհանուր է եղել: Օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերջնական տարբերակի ներկայացման հստակ ժամկետներ Հարությունյանը դժվարացել է նշել. «Դա մասնագիտական հարց է եւ ժամանակ է պահանջում»:
Այնուամենայնիվ, համաձայնությունների վերաբերյալ այս պնդումը բավական զարմանալի է՝ հաշվի առնելով, որ հունվարի 27-ին նույն աշխատանքային խմբի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը «ԶԼՄ-ները Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ այդպես էլ հստակ պատասխան չտվեց մեր այն հարցին, թե արդյոք պայմանավորվե՞լ են, որ իրենց նախագծով տարանջատում է արվելու ինտերնետային, բջջային, արբանյակային եւ հեռուստատեսային հեռարձակումների միջեւ, եւ դրանց բոլորի հիմքը չի դիտվելու ՀՌԱՀ կողմից տրամադրվող արտոնագիրը: Արմեն Տեր-Տաճատյանն, ի դեպ, նաեւ հնարավոր համարեց, որ կներկայացնեն օրենքի նոր նախագիծ: Մինչդեռ նախկինում հրապարակվել էր, թե աշխատանքային խումբը որոշել է, թե միայն լրամշակելու են օրենքը:
Նշենք, որ հաջորդ շաբաթ պրն Հարությունյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել