Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ

Հունվար 29,2011 00:00

Լոռիում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մոտ է 100 տոկոսին

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանը լրագրողներին ներկայացրեց վարչության 2010 թ. գործունեությունը:
2010 թ. Լոռիում բացահայտված հանցագործությունների թիվը մոտ է 100 տոկոսին, մասնավորապես՝ սպանությունների բացահայտումը:
«Ես դա կապում եմ ոստիկանության լուրջ աշխատանքի հետ: Դա լուրջ օպերատիվ հետախուզական, քննչական գործողությունների արդյունք է»,- նշեց ոստիկանապետը:
Բացի այդ՝ ոստիկանապետը բացահայտումների թվի աճը պայմանավորում է բնակիչների վստահության հետ. «Մեզ վստահում եւ օգնում են»:
2010 թ.-ին Լոռիում գրանցվել է սպանության 6 դեպք: 2009-ի համեմատությամբ 2010-ին 1-ով պակաս սպանություն է արձանագրվել:
Բոլոր 6 սպանություններն էլ բացահայտվել են:
Իսկ նախկինում կատարված աղմկահարույց սպանություններից 7-ից 2-ն արդեն բացահայտվել է:
«Մյուսները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական բնույթի աշխատանքները ամենօրյա են, բոլոր միջոցները մեզ տրամադրված են, որպեսզի վերոնշյալ հանցագործությունները բացահայտենք»,- ասաց Անուբախ Համբարյանը:
Այնուամենայնիվ, Լոռիում չբացահայտված են մնում հնչեղ սպանությունները, այդ թվում՝ Լոռու մարզի նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը: «Ուղղակի մենք չենք կարողացել լավ աշխատել, որպեսզի այդ հանցագործությունները բացահայտենք: Հնարավոր է՝ ինչ-որ բան դեռ չենք կարողացել ճշտել, բայց խոչընդոտող հանգամանք չի եղել: Եթե 100 հանցագործությունից 1-ն էլ է մնում չբացահայտված, ուրեմն վատ ենք աշխատել: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում»,- նշեց Անուբախ Համբարյանը:
2010-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 89 դեպք է հայտնաբերվել, նախորդ տարվա 80 դեպքի համեմատությամբ: Իրացման դեպքերը 27-ն են: 2009-ին իրացման դեպքերը 2-ով պակաս են եղել: Ապօրինի շրջանառության բացահայտման դեպքերը 100 տոկոս են կազմել, իրացման դեպքերի բացահայտումը 95,5 տոկոս է:
2010 թվականին Լոռիում գրանցվել է ավելի քան 1200 հանցագործություն՝ ընդամենը 6 դեպքով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել