Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանում է սեռավարակների տարածվածությունը

Հունվար 29,2011 00:00

Սեռական դաստիարակության մասին խոսելով՝ հիվանդություններից հեռու մնալ հնարավոր չէ

«Հայաստանում սեռավարկների տոկոսը գնալով մեծանում է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, մի մասն էլ նորմալ չի համարում ընտանիքում կամ շրջապատում այդ մասին բարձրաձայնելը: Սակայն բժիշկները պնդում են, որ սեռավարակները թացքնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել ե՛ւ քո, ե՛ւ ընտանիքիդ անդամների առողջությունը:
Վ. Շահրամանյանը փաստում է, որ չնայած սեռավարակների տարածվածությունը գնալով մեծանում է, սակայն հաճախ բուժման համար մարդիկ չեմ իմանում ում դիմել՝ հարեւանի՞ն, բարեկամի՞ն, թե՝ դեղատան աշխատակցին, ու սա այն պարագայում, երբ կան հրաշալի մասնագետներ եւ կլինիկաներ:
Բժիշկը սեռավարակների տարածման հավանականության առումով առանձնացրեց ռիսկային սեռական վարք ունեցող անձանց, մասնավորապես՝ արտագնա աշխատանքի մեկնողներին:
Մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանն էլ ներկայացրեց Հայաստանում տարածված սեռավարակների մի քանի տեսակ: Ըստ նրա, հայերը հիմնականում զգուշանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունից՝ աչքաթող անելով մնացած սեռավարակները, որոնք եւս լուրջ խնդիրներ են առաջացնում. «Դասական վեներական հիվանդությունները հինգն են, որոնցից Հայաստանում տարածված են սիֆիլիսը եւ հոնորեան»: Նա նույնպես փաստեց, որ Հայաստանում գնալով մեծանում է սեռավարակների տարածվածությունը. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեռավարակները դասում է սոցիալական, առողջապահական, հոգեբանական գերխնդիրների շարքին: Սեռավարակ հիվանդություններն ավելի բնորոշ են վերարտադրողական տարիքի անձանց եւ բացասականորեն անդրադառնում են վերարտադրողական գործունեության վրա»:
Խոսելով սեռավարակների հետեւանքների եւ դրանց արդյունքում ձեռք բերված հիվանդությունների մասին, բժիշկները չժխտեցին այն, որ վարակները կարող են կրծքի կամ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ հանդիսանալ:
Վ. Շահրամանյանը, սակայն, նկատեց, որ սեռավարակները հիմնականում ազդում են տղամարդկանց վերարտադրողական ունակության վրա. «Հայ տղամարդկանց վերարտադրողական ունակությունն անկում է ապրում, որը ոչ միայն սեռավարակների, այլեւ շատ ուրիշ նպաստող հանգամանքների արդյունք է: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, վերարտադրողական ունակության նվազեցման պատճառները էկոլոգիական պայմաններն են, սխալ սննդակարգը, սեռավարակները, անկանոն սեռական կենսակերպը, սխալ հագուստը: Հայերի շրջանում, բացի վերը նշվածներից, վերջին մի քանի տարիների ընթացքում նաեւ նեղ հագուստներն են պատճառը»:
Անդրադառնալով Հայաստանում չբերության խնդրին, բժիշկները նշեցին, որ դրա տոկոսն էլ է վերջին շրջանում աճել՝ ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց շրջանում:
Սեռավարակների մասին իմացության, դրանց դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու եւ ընդհանրապես սեռական դաստիարակության պակասը բժիշկները վերագրեցին ուսումնական հաստատություններում սեռական դաստիարակության դասաժամերի բացակայությանը: Սեքսապաթոլոգը սեռական դաստիարակության դասաժամերը անհրաժեշտ պայման է համարում դպրոցներում. «Եթե ոչ դպրոցական, ապա գոնե բուհական ծրագրում սեռական դաստիարակության հիմունքներ դասընթացն անցկացնելը շատ անհրաժեշտ է մեր երիտասարդությանը: Մենք մի շարք նախաձեռնություններով ենք հանդես եկել, սակայն դրանք անպատասխան են մնացել: Դրա համար «Սեքսոլոգների ասոցիացիան» սկսել է հանդիպումներ կազմակերպել բուհերի ուսանողների, հասարակական կազմակերպությունների հետ»:
Ինչ վերաբերում է դպրոցներում սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացներին, Վ. Շահրամանյանի խոսքով, միշտ խնդիր է առաջանում, թե ո՞վ պետք է այն դասավանդի, քանի որ համապատասխան մասնագետներ չկան. «Մենք առաջարկեցինք, որ կենսաբանության մասնագետները վերապատրաստում անցնեն, որ կարողանան հնարավորինս մատչելի ու ճիշտ մատուցել նյութը: Ասեմ, որ մի քանի դպրոցներում նման փորձ արել ենք, ու պատկերը հուսադրող չէ: Աշակերտների շրջանում կատարած հարցումներից պարզվել է, որ սեռական կյանքի մասին տեղեկատվություն նրանք ստանում են կամ փողոցից, կամ ինտերնետից: Սխալ տեղեկատվության տարածումը կանխելու համար ասոցիացիան ստեղծեց հայալեզու կայք՝ www.sexology.am, որտեղ փորձել ենք թեմայի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ներկայացնել: Սակայն դա շատ քիչ է, հարկավոր է ծրագիր հաստատել, ձեռնարկներ կազմել, որտեղ ներկայացվող տեղեկատվությունը հարմարեցված կլինի Հայաստանին»:
Մասնագետները վերջում հավաստեցին, որ սեռական դաստիարակության մասին խոսելը շատ քիչ է եւ դրանով սեռավարակներից եւ այլ հիվանդություններից հնարավոր չէ հեռու պահել հասարակությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31