Լրահոս
Օրվա լրահոսը

Կդատե՞ն անմեղ մարդուն

Փետրվար 26,2011 00:00

Ինչո՞ւ մի շարք կարեւոր ապացույցներ հաշվի չեն առնում

«Ռոման Սարգսյանին ոչ գործի վրա են բռնել, ոչ գործին կցված որեւէ իրեղեն ապացույց կա, մեր կողմից ներկայացված մի շարք ապացույցներն էլ, որոնք վկայում են Ռոմանի անմեղ լինելու մասին, նախաքննական մարմինը, չգիտես ինչու, հաշվի չի առել: Հենց սա էլ մեզ հիմք է տալիս մտածելու, որ այս ամենի հետեւում ինչ-որ մեկն է կանգնած, որն ամեն կերպ փորձում է շինծու գործն առաջ տանել»,- երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ մոտ 1 տարի ընթանում է քաղաքացի Ռոման Սարգսյանի դատավարությունը, մեզ հետ զրույցում վրդովված պատմեցին նրա հարազատները: Նրանք պարզապես ապշել էին, որ այն ամենից հետո, ինչ պարզվել էր դատարանի դահլիճում, դատախազ Մարատ Հակոբյանը Ռոմանի համար 13 տարի պատիժ պահանջեց: Եվ մինչ մարտի 22-ին դատարանը կլսի Ռ. Սարգսյանի փաստաբանի պաշտպանական ճառը եւ վճիռ կկայացնի, ներկայացնենք մի քանի կարեւոր հանգամանք. Ռ. Սարգսյանին առաջադրվել է մեղադրանք՝ թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Մինչդեռ քրեական գործի հիմքում ոչ մի իրեղեն ապացույց գոյություն չունի: Կան միայն 2 անձի՝ Տիգրան Ղարիբյանի եւ Սմբատ Կարա-Պողոսյանի ցուցմունքները, որոնք վկայում են, թե այսինչ օրը, այսինչ ժամին նրանք Ռոմանից թմրանյութ են գնել: Ընդ որում, այդ 2 անձն էլ մեղադրվում են թմրանյութ օգտագործելու մեջ: Առկա են նաեւ հեռախոսազանգերի վերծանումներ, ըստ որոնց՝ Ռոմանի հեռախոսահամարից զանգ է գնացել Տիգրանի եւ Սմբատի հեռախոսներին եւ՝ հակառակը, սակայն ոչ մի հեռախոսազրույցի վերծանում չկա, թե, ասենք, Սմբատն ու Տիգրանը Ռոմանի հետ ինչի մասին են խոսել: Ռոմանը տաքսու վարորդ է եւ, ըստ նրա, թե՛ Տիգրանը եւ թե՛ Սմբատը պարբերաբար օտվել են իր ծառայություններից: Նկատենք, որ նախորդ դատավարության ժամանակ ցուցմունք տված Սմբատ Կարա-Պողոսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ իրեն 6-րդ վարչությունում ծեծել են եւ ստիպել, որ Ռոմանի դեմ ցուցմունք գրի եւ ինքն էլ հարկադրաբար գրել է եւ ինքը Ռոմանից երբեք էլ թմրանյութ չի գնել: Սակայն այս հանգամանքը, չգիտես ինչու, հաշվի չեն առնում: Երեկ մեղադրող դատախազ Մարատ Հակոբյանը իր ելույթում դատարանին առաջարկեց հետ տալ Ռ. Սարգսյանի տնից առգրավված մոտ 800 հազար դրամ գումարը եւ խուզարկության ժամանակ տնից հայտնաբերված ոսկու կշեռքի կշռաքարերը, այն դեպքում, երբ նախորդ նիստերին դատախազը պնդում էր, որ դա հենց թմրանյութերի վաճառքից ստացված գումարն է, մինչդեռ Ռ. Սարգսյանի ընտանիքի անդամները մի շարք փաստաթղթեր էին ներկայացրել, որ այդ գումարը ընդամենը մի քանի ամիս առաջ բանկից վերցրած վարկ է: Ի դեպ, նախաքննական մարմինը այդ փաստաթղթերը հաշվի չէր առել եւ այդ գումարն էլ որպես ապացույց դրել էր գործի մեջ:
Նշենք, որ Ռոման Սարգսյանը ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Սամվել Սարգսյանի եղբայրն է: Ռոմանի հարազատները օրերս նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որտեղ մանրամասն նշել են, թե իրենց որդու նկատմամբ ինչպիսի անարդարություններ են կատարվում ու խնդրել, որպեսզի հարցը արդարացի լուծում ստանա, սակայն նրանք խիստ կասկածներ ունեն, որ իրենց նամակը հասել է ՀՀ նախագահին, հակառակ դեպքում ինչ-որ բան արդեն փոխված կլիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել