Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՀԱՐՈՆՆ ԱՆՄԵՂ Է»

Փետրվար 26,2011 00:00

Բանկի գողությունից 5 տարի հետո

2006թ.-ին «Արդշինինվեստ բանկում» տեղի ունեցավ գողություն: 13 տարի 7 ամիս ազատազրկման դատապարտվեց Ահարոն Հակոբյանը:
Ըստ Ահարոնի մոր՝ Նելլի Հակոբյանի, որդուն մեղադրեցին այն բանի համար, որ նա «իբր բանկի գողությունից 10 օր առաջ կատարել է ավազակային հարձակման փորձ՝ բանկի ոստիկան Կնյազ Ենոքյանի նկատմամբ: Իրականում իմ որդին կապ չունի դրա հետ: Գողության մասնակից Արթուր Խանոյանը բանկի գողությունից 1 ամիս առաջ մոտեցել է Ահարոնին եւ ասել, թե բանկի հերթապահ-ոստիկան Արսեն Հակոբյանն առաջարկում է «տանել» բանկը եւ ոստիկանը խոստացել է ամեն գնով օգնել իրենց: Ահարոնը մերժում է Արթուր Խանոյանի առաջարկը եւ ասում՝ մոռացեք, որ անգամ ասել եք ինձ դրա մասին»:
Ահարոնի մայրը «Առավոտին» պատմածը նույնությամբ նամակով տեղեկացրել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին:
«Արթուր Խանոյանը, Արթուր Բաբայանը, Արսեն Հակոբյանը պատրաստում են բանկի պահոցի բանալիները եւ տանում բանկ: Իսկ բանկի գողությունից 10 օր առաջ Խանոյանը եւ Բաբայանը գտնվել էին բանկի տարածքի հարակից այգում»,- շարունակում է Ն. Հակոբյանը:
Ըստ մոր հաղորդած տեղեկատվության, որը նաեւ դատարանում է հրապարակվել, Կնյազը դուրս է գալիս բանկից՝ պաղպաղակ գնելու. «Լսելով այգու կողմից խոսակցություններ, նա գնում է ձայնի ուղղությամբ: Նա կարգադրում է տղաներին հեռանալ տարածքից: Տղաները չեն հեռանում, վիճաբանում են ոստիկանի հետ, ինչը հետագայում նախաքննության մարմինները որակեցին ավազակային հարձակման փորձ»:
Ահարոնի մորն անհասկանալի է մինչ օրս մնացել, թե ինչպես իր տղայի անունը ինչ-ինչ պատճառներով հայտնվեց այդ պատմության մեջ: «Ահարոնին դատարանում չեն մեղադրում գողության մեջ: Ավելին, Ահարոնը դատարանում դիմեց Կնյազին, հարցնելով, թե արդյոք այն երկու տղաներից մե՞կն եմ, որոնց հետ վիճել եք: Կնյազ Ենոքյանը տվեց բացասական պատասխան: Ոստիկան Ենոքյանը նկարագրեց իր հետ վեճի բռնված տղաների արտաքինը. նրանք բարձրահասակ էին, իսկ Ահարոնը իր ուսից էլ ցածր է: Անգամ ձայնը նման չի եղել նրա հետ վեճի բռնված տղաների ձայնին: Դատախազը ընդմիջման ժամանակ մոտեցել է Կնյազին, ահաբեկել նրան, եւ խորհուրդ տվել, որ Կնյազն ասի, թե ինքը կանգնած է եղել բարձր տեղում, Ահարոնն էլ՝ ցածր…»,- հավելում է մայրը: Ի դեպ, փաստաբան Արմեն Մանուկյանն այդ խոսակցությունը ոչ միայն լսել էր, այլ դատական նիստը սկսելուց առաջ բացարկ էր հայտնել դատախազին, հայտնելով, որ նա զբաղվում է սպառնալիքով: Հիշեցնենք, որ այս դատաքննությանը անդրադառնալով՝ «Առավոտը» տեղեկացրել էր, որ Կնյազ Ենոքյանն անգամ ճանաչվել էր տուժող: Նախ որակել էին, թե փայտով են նրան հարվածել, ապա՝ ինքնաձիգի խզակոթով: Ահարոնին ձերբակալել են դատաքննությունը սկսելուց 2 օր առաջ: Ոչ մեկի հետ առերեսում չի եղել, հարցաքննություն՝ նույնպես: Մեղադրողի միջնորդությունից հետո 2 երեխաների հայրը ստիպված դատարանի դահլիճից դիմել է փախուստի: Նա իր բողոքն այդպես էր փորձել արտահայտել:
«Իմ որդին անմեղ է: Հազար անգամ կարող եմ գոչել այդ մասին: Ահարոնը մարդ չի սպանել, բանկ չի թալանել, չի բռնաբարել, հեղաշրջման չի մասնակցել, հայրենիքը չի դավաճանել, պետական բյուջեն չի թալանել: Ում իրավասության տակ է գտնվում հայոց աշխարհում գտնվող անարդար գործերին ճիշտ լուծում տալը: Միգուցե դիմեմ Թուրքիային կամ Ադրբեջանի՞ն: Իմ դիմումներին տրվում են լակոնիկ պատասխաններ: Սա մոր հարցադրում է. ինչո՞ւ եք անմեղ որդուս դատապարտել 13 տարի 7 ամսվա ազատազրկման… Ես այս երկրի իշխանություններից ռեալ պատասխան եմ պահանջում»,- հայտարարում է Նելլի Հակոբյանը, որը մի նամակ էլ երկրի նախագահին է ուղարկել:
Իմիջիայլոց, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Բաբայանը փաստաբան Արմեն Մանուկյանին էր դիմել նամակով, հայտնելով, որ Ահարոն Հակոբյանը չի մասնակցել եւ տեղյակ չի եղել իրենց մասնակցությամբ բանկի գողությանը. «Մենք առաջարկել ենք, նա մեզ ասել է, «Բանկը պապիրոսի բուդկա չի»: Նա տեղյակ չի եղել, թե մենք երբ, ինչպես, ում հետ, որ ժամին պետք է բանկը կողոպտեինք»: Սակայն այս հայտարարությունն էլ բանի տեղ չի դրվել:«

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել