Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական անվտանգության մասնագետների նկատառումները

Փետրվար 26,2011 00:00

\"\"Ըստ նրանց՝ Հայաստանում սոցիալական ցանցերը առանձնապես մեծ ազդեցություն չունեն

«Համացանցում ոչինչ ապահով չէ՝ ոչ facebook-ը, ոչ twitter-ը եւ ոչ էլ առավել եւս ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ-ն»,- զգուշացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանը: Բլոգեր, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ հաստատում՝ համացանցում ցանկացած նկար կամ ստատուս տեղադրելուց առաջ մի լավ մտածել: Հայ բլոգերներն անհանգստացած են տեղեկատվական դաշտում տիրող խառնաշփոթից: Նրանց փոխանցմամբ, սոցիալական ցանցերը այն լրջությունը չունեն Հայաստանում, ինչպիսի տպավորություն շատերը փորձում են ստեղծել:
Տ. Քոչարյանի կարծիքով՝ facebook-ին եւ twitter-ին շատ մեծ տեղ է տրվում. «Այն աստիճանի չէ, որքան իրականում նրանք կարող են ազդել: Կոնկրետ Հայաստանում վերջին երկու-երեք տարվա մեջ մի քանի քաղաքական եւ հասարակական շարժումներ էին առաջացել facebook-ում, որի արդյունավետությունը բավական ցածր է: Օրինակ՝ որեւէ խումբ կարող է 4-5 հազար անդամ ունենալ, սակայն ակցիաների ժամանակ փողոց դուրս են գալիս քչերը՝ 100-150»: Մասնագետը նշեց, որ facebook-ը ոչ այնքան շարժում կազմակերպելու, որքան ինֆորմացիա կամ ապատեղեկատվություն տարածելու, փոխանցելու միջոց է, սակայն Հայաստանում չեն հասկանում դրա բուն իմաստը:
«Օրինակ՝ Իրանում 10-15 հոգի տպավորություն են ստեծղում twitter-ում, թե շուրջ 1000-1500 հոգի ինչ-որ բաներ են գրում: Այսինքն՝ սա հնարավոր է անել ինտերնետում»,- նկատեց Տիգրանը:
Նա նաեւ նշեց, որ իրեն ամենից շատ զարմացրել են կարծիքները, թե facebook-ը Հայաստանում վերահսկվում է. «Նույն այդ մարդիկ չեն մտահոգվում նրանից, որ ում ասես իրենց անձնական տվյալները հանձնում են եւ սկսել են մտահոգվել նրանով, որ Հայաստանում այն վերահսկվում է: Առնվազն մանկամիտ պետք է լինել, որ մտածել՝ facebook-ը, twitter-ը կամ որեւէ սոցիալական ցանց ազատ մի տեղ է, որտեղ կարող ես արտահայտվել. պարզ է, որ քեզ կհետեւեն, կուսումնասիրեն: Ինձ զարմացնում է նաեւ այն, որ մարդ կարող է ասել՝ ինձ մոտ 100 հոգի լցվել են եւ նրանցում մարդիկ կան, որոնք ԱԱԾ-ից են: Սա կրկին, իմ կարծիքով, մանկամտություն է, որովհետեւ ԱԱԾ-ից բավական է մեկ հոգի ուրիշ անունով մտնի եւ ընկերանա իր հետ եւ ամեն ինչ պատրաստ է. այսինքն՝ պարտադիր չէ 100 հոգի մեկ հիմնարկությունից մտնեն եւ սկսեն քեզ հետեւել»:
Տ. Քոչարյանը հավաստիացնում է, որ Հայաստանում արաբական աշխարհի սցենարը չի կրկնվի՝ տեղեկատվական դաշտում. «Հեղափոխության ալիքը դեռեւս սպառնում է միայն արաբական աշխարհին. Հայաստանում այդ ամենը քիչ հավանական է, քանի որ Եգիպտոսի, Լիբիայի եւ այլ երկրների կարգավիճակով մոտ 30-40 ոչ արաբական երկրներ կան, որոնցում ներքին քաղաքական իրավիճակը բավականին հանգիստ է: Կարծես ինչ-որ մեկին ձեռնտու է, որ հենց արաբական աշխարհում տեղի ունենան այդ իրադարձությունները: Բացի դա՝ Հայաստանում սոցիալական ցանցերը այն մեծ ազդեցությունը չունեն, ինչ այդ երկրներում է»:
Տեղեկատվական անվտանգության մեկ այլ մասնագետ՝ Սեդրակ Մկրտչյանը գտնում է, որ Հայաստանում սոցիալական ցանցերով հեղափոխության հասնելը քիչ հավանական է. «Սոցիալական ցանցերը նպաստում են մարդկանց մոբիլիզացնելուն, սակայն հայկական վիրտուալ կյանքում հավաքվում են հազարավոր մարդիկ, որոնցից միայն մի քանի տասնյակն է իր գործողություններն իրականություն տեղափոխում»:
Կ. Վրթանեսյանի խոսքով էլ՝ Հայաստանում վիրտուալ կյանքը կապված է իրական կյանքի հետ. «Իրականում Եգիպտոսում ոչ թե սոցիալական ցանցերի հեղափոխություն էր, այլ ռազմական հեղաշրջում: Եթե Եգիպտոսի բանակը նման դիրքորոշում չցուցաբերեր, այնտեղ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չէր ունենա՝ անկախ սոցիալական ցանցերից եւ այլ տեղեկատվական միջոցներից: Սոցիալական ցանցերը Եգիպտոսում ընդամենը գործիք էին, որոնք հաջողությամբ օգտագործվեցին»:
Թե ինչպես պահպանել անվտանգությունը համացանցում, Կ.Վրթանեսյանն ասաց. «Չմտնել ինտերնետ… իրականում մենք ինքներս ենք մեզ վտանգի տակ դնում: Մի բան, որը չես ուզում մի օր բացահայտվի, երբեք մի գրի ինտերնետում, անգամ եթե դա հազար կողպեքի տակ է դրվում: Համացանցին վատ ծանոթ մարդիկ այնպիսի գործողություններ են անում, որոնք խնդիրներ են առաջացնում, բավականին թույլ տեղեր են առաջացնում: Օրինակ՝ սոցիալական ցանցերում զորամասերի անուններով խմբեր են ստեղծում, կամ զինծառայողներից մեկը զենքով նկար է դնում ծառայության վայրից… Սա պետական անվտագության համար է խոցելի: Պետք է զգույշ լինել համացանցում անձնական տվյալներ տեղադրելիս»:
Անդրադառնալով հայկական բլոգոսֆերայի աճին, Վրթանեսյանն ասաց, որ սերնդափոխության պես մի բան է կատարվում, եւ համացանց են գալիս նոր, անծանոթ երիտասարդ մարդիկ, սակայն ոչ բլոգերների տեսքով, քանի որ բլոգների տեղը սկսել է զբաղեցնել facebook-ը:
Սեդրակն էլ հավելեց, որ չնայած ամբողջ աշխարհում բլոգերային կյանքի զարգացմանը, Հայաստանում նախկինում նկատված բլոգերային աճն այսօր գրեթե կանգնած է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28