Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՆՁԱՍԱՐԸ»՝ «ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԱՎԱԹԻ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Փետրվար 26,2011 00:00

\"\"Մինչ հայ ֆուտբոլասերներն իրենց ուշադրությունը սեւեռել էին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումներին, Կապանի «Գանձասարը» հաղթահարում էր «Թուրքմենբաշիի գավաթի» 17-րդ խաղարկության խմբային փուլը:
Աբրահամ Խաշմանյանի սաներն Աշգաբադ մեկնեցին Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո, որի ընթացքում երկու ստուգողական հանդիպում էին անցկացրել. կապանցիները նախ ջախջախել էին «Կռիլյա սովետովի» երիտասարդական թիմին, ապա՝ պարտություն կրել Յարոսլավլի «Շիննիկից»:
«Թուրքմենստանի նախագահի գավաթի» խաղարկությանը չորրորդ անգամ ներկայացած «Գանձասարի» մրցակիցներն էին («A» խմբում) Ռուսաստանի «Անժին», Իրանի «Օգաբ Գոնդբադը» եւ տեղի «Ալթին Ասիրը»: Ընդ որում, մեր թիմի մրցակիցներից երկուսը՝ «Անժին» ու «Օգաբ Գոնդբադը», մրցաշարին էին ներկայացել երիտասարդական կազմով: Աբրահամ Խաշմանյանի սաները մրցաշարի բացման խաղում հանդիպեցին նախորդ խաղարկության հաղթող «Ալթին Ասիրին», որի հետ «խաչվել» էին նաեւ 2010 թվականին ու պարտվել 0:3 հաշվով: Այս տարի էլ թուրքմենական ակումբը հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր համարվում, սակայն արդեն մեկնարկային խաղում «Գանձասարը» խառնեց նրանց խաղաքարտերը՝ 1:0 հաշվով հաղթանակ տոնելով: Երկրորդ խաղում կապանցիներն ուժերը չափեցին Ռոբերտո Կարլոսի նոր թիմի՝ Մախաչկալայի «Անժիի» երիտասարդական կազմի հետ: Այս խաղում էլ հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթեց՝ միակ գնդակը խփելով 11 մետրանոց տուգանային հարվածից: Ի դեպ, պետք է նշել, որ «Անժիի» հետ մրցավեճում հայկական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 հոգով՝ Արա Խաչատրյանի հեռացման պատճառով:
Արդեն երկրորդ տուրից հետո պարզ էր, որ կապանցիները նվաճել են կիսաեզրափակչի ուղեգիր, ուստի խմբային մրցաշարի վերջին՝ «Օգաբ Գոնդբադի» հետ խաղին Խաշմանյանը թիմի առաջատար ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն ընձեռեց: Այդուհանդերձ, «Գանձասարը» երրորդ խաղում եւս հաղթանակ տոնեց՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցիակցի դարպասը:
Այսպիսով, Խաշմանյանի սաները խմբային փուլի երեք խաղում երեք հաղթանակ տոնեցին՝ 5 գոլ խփելով եւ սեփական դարպասն անառիկ պահելով:
Արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով 16:00-ին «Գանձասարը» մրցաշարի կիսաեզրափակիչում կհանդիպի «B» խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28