Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայից մինչեւ ԲՈՀ

Փետրվար 26,2011 00:00

Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ ԲՈՀ նախագահի պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանի ասուլիսը: Նա ասաց, որ աշխատանքային 3 ամիսների ընթացքում ԲՈՀ-ը վերանայել եւ հաստատել է ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների եւ ատենախոսությունների հիմնական դրույթների եւ արդյունքների տպագրման համար ընդունելի պարբերակների ցուցակը: Հավելեց, որ թեկնածուական, դոկտորական ատենախոսությունների համար սահմանվել են նոր չափորոշիչներ, պահանջվելու է 20 գիտական հոդված, 5-ը պետք է լինի օտարերկրյա պետություններում տպագրվող գիտական պարբերականներում: Սկսվել է նաեւ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձեւավորման գործընթացը. 61 խորհուրդներից 55-ի գործունեությունը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Փոփոխություններով՝ խորհուրդներում կարող են ընդգրկվել գիտության այն թեկնածուները եւ դոկտորները, որոնք վերջին 5 տարում ունեն տպագրված առնվազն 5 գիտական հոդված կամ իրենց ղեկավարությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն: Նորություն է նաեւ նախորդ տարվա վերջին հրատարակված գիտական պարբերականների նոր ցանկը: «Առավոտը» մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորին խնդրեց մեկնաբանել այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նա միայն 2010 թվականին իր անձնական բջջային հեռախոսը լիցքավորելու համար 7 մլն դրամ է ծախսել բուհի միջոցներից: Ի պատասխան, նախկին ռեկտորը պատմեց, թե բուհում իր ռեկտորության 8 տարիները լավագույններից են եղել մանկավարժական համալսարանի համար, ապա գալով բուն հարցին՝ հավելեց, թե ինքը այդ հրապարակումից հետո զանգել է պրոռեկտորին եւ պարզել, որ 7 միլիոնը բուհի բոլոր հեռախոսների տարեկան ծախսն է. «Մեծ բուհ է, կարող է այդքան ծախս եղել է: Մնացածը թողնում եմ լրագրողի խղճին: Պարզ է, որ ռեկտորի հեռախոսը կարող է լինել ծառայողական նպատակներով»: Թե ինչու ռեկտորն իր «բարի» համբավը արատավորելու համար հերքում չի տպագրել, այսպես պատասխանեց. «Դե՛ հիմա»: Ապա հնչեցին լրագրողական բազմաթիվ քննադատություններ այն մասին, որ բուհը ղեկավարելու տարիներին այդ հաստատությունը տարեցտարի որակական անկում էր արձանագրել: Ա. Ղուկասյանը դրանք լուռ լսեց եւ ոչ մի պատասխան չտվեց: Միայն կցկտուր ասաց. «Ոչ մի միտում չունեմ որեւէ բան կոծկելու, ասելու կամ սուբյեկտիվ դատողություններ անելու… Միայն փոփոխություններ եմ ակնկալում, բարեփոխումներ՝ նոր ստեղծված խորհուրդներից: Ի վերջո, գիտական աստիճանը շնորհում է մասնագիտական խորհուրդը, ոչ թե ԲՈՀ-ը»: Ռեկտորին մի քանի հարց էլ փորձեցինք ուղղել, օրինակ՝ ինչպե՞ս է գնահատում ներկա ռեկտորի այն քայլը, որ դադարեցրել է բոլոր շինարարական աշխատանքները եւ բարձրացրել աշխատավարձերը: Ղուկասյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ մեր հարցերը այլ ասուլիսի թեմա են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել