Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿԵՆ ԷԼ՝ ԳՆԱՑՈՂ ՉԿԱ

Փետրվար 26,2011 00:00

\"\"Կարդալով «Առավոտ» թերթի «Ում որ պետք է OK չեն խփում» հոդվածը, ես կասեի, որ ԱՄՆ-ի դեսպանատան արտոնագիր տվող բաժնի մասին այդ քննադատությունը մեղմ է գրված: Այն արժանի է ավելի շատ քննադատության, քանի որ իմ նկատմամբ եւս նրանք անարդարացի են վարվել: Այդ բաժնի աշխատակիցները  չեն խորանում մարդկանց էության մեջ, չեն հետաքրքրվում մարդկանց անցյալով եւ ներկայով, եւ բոլոր մերժված անձանց նույն նախադասությունն են կրկնում, թե՝ կգնաս ու էլ հետ չես գա: Դեմառդեմ հարցազրույցի փոխարեն նրանք պատուհանի նեղ ճեղքից են «շփվում» մեզ հետ եւ այդ «շփումը» տեւում է կես կամ մեկ րոպե, մերժում են քեզ ու՝ վերջ:
Այդպես է եղել նաեւ ինձ հետ՝ 3 տարի շարունակ, 3 անգամ մտել եմ հարցազրույցի եւ մեկ րոպե անց դուրս եկել, այդ թանկարժեք րոպեն ինձ արժեցել է 100 դոլար: Հարուստ երկիր է Ամերիկան, եւ է՛լ ավելի է հարստանում մեզ նմաններից մեկ րոպեում 100 դոլար պոկելով, եւ դա տարածված է ամբողջ աշխարհով մեկ: Եթե մերժում եք վիզա տալը, էլ ինչո՞ւ եք մարդկանցից փող կորզում:
Դեռեւս 7 տարի առաջ դիմեցի՝ վիզա ստանալու համար, մերժեցին, պատասխանելով, որ՝ կինդ 10 տարի առաջ գնացել է եւ հետ չի եկել, ու այնտեղ աշխատում է: Ես առարկեցի՝ ցույց տալով, որ 1975թ.-ից ես բաժանված եմ կնոջիցս, ներկայացրի դատարանի վճիռը, զագսի համապատասխան վկայականը, սակայն աշխատակիցը ինձ պատասխանեց, որ դա սովետական իշխանության տարիներին է եղել, իրենց հետ կապ չունի: Հաջորդ տարի ես դատարանի արխիվից վերցրի նոր վճիռը, որի վրա 3 կլոր կնիք խփեցին՝ հաստատելով այն, զագսից ստացած նոր վկայականով ներկայացա՝ նորից մուծեցի 100 դոլար եւ նորից մերժեցին՝ կրկնելով, թե «կգնաս ու կմնաս, կինդ այնտեղ է…»:
Եթե իրոք ես մտադիր եմ գնալ՝ բաժանված կնոջս հետ միանալու եւ նորից ընտանիք կազմելու համար, ապա ինչո՞ւ եք խանգարում, ինչո՞ւ չեք ցանկանում, որ ընտանիքը վերականգնվի: Բայց ճշմարտությունն այն է, որ ես բացարձակապես կնոջս հետ միանալու միտք չեմ ունեցել, այնտեղ մնալու ցանկություն՝ նույնպես, ինչո՞ւ ես պիտի գնամ ու մնամ մի երկրում, որի լեզուն անգամ չգիտեմ: Շրջապատված եմ երեխաներով ու թոռներով, 75 տարեկան եմ, մասնագիտությամբ՝ բժիշկ: Իմ ծննդավայր Երեւանում, Աբովյան փողոցում ունեմ 3 սենյականոց բնակարան, 2 արտասահմանյան ավտոմեքենա, բանկում՝ մեծ գումար, ամառանոց, ինչո՞ւ պիտի թողնեմ այս ամենը եւ գնամ ու մնամ: Ցանկանում էի գոնե մեկ անգամ տեսնել ամերիկացի իմ բարեկամներին, ընկերներին, նաեւ կատարել քավորի իմ պարտականությունները քեռուս որդու նկատմամբ, հետո նոր մեռնել ու թաղվել ծնողներիս գերեզմանոցում:
Ի վերջո, երեք տարի առաջ ես բողոք-նամակ գրեցի ԱՄՆ նոր դեսպանին, ուղարկեցի փաստաթղթերիս կրկնօրինակները, բացատրեցի, որ գնալու եմ զուտ զբոսաշրջության նպատակով, նրանք պատասխանեցին, որ՝ կարող եք գալ, 40000 դրամ մուծել եւ գնալ, բայց քանի որ իրենց վարվելաձեւն ինձ արդեն հիասթափեցրել էր, մտափոխվեցի, եւ այլեւս չեմ ցանկանում գնալ՝ որքան էլ առաջարկեն, էլ գնացող չկա…:
Ցտեսություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դուք իմ երեսը երբեք չեք տեսնի ձեր երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել