Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՇՄԱՆԻ ԳՐԱԾԻՑ ԿՈՇՄԱՐ ԱՊՐԵՑԻ»

Մարտ 31,2011 00:00

\"\"Աղմուկ՝ Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի շուրջ

Վերջերս հայաստանցի կինոռեժիսոր Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի գերմանացի համապրոդյուսեր Սահար Կոշմանը «Ռեգնումին» տված հարցազրույցում դժգոհել էր, թե Հայաստանում տաղանդավոր մարդիկ շատ են, բայց նրանց  խանգարում է կինոարտադրության խորհրդային մոդելը: Կոշմանն օրինակ էր բերել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարները համագործակցության պայմանագրեր ստորագրելուց առաջ չեն էլ կարդում ֆիլմերի բյուջետային պարտավորությունները, դրա համար էլ միանգամից 7 ֆիլմ է մտնում արտադրության փուլ, վերջում էլ պարզվում է, որ գումար չկա՝ դրանք ավարտելու համար։ Կոշմանը նշել էր, որ Կինոկենտրոնը հրաժարվել է գումար հատկացնել իրենց ֆիլմի մոնտաժային աշխատանքների համար, անհեթեթ համարել, որ ֆիլմի նկարահանող խմբի կողմից գնված տեխնիկան պետք է Կինոկենտրոնի սեփականությունը դառնա։
Կինոռեժիսոր,  «Աղասի Այվազյան» հիմնադրամի նախագահ Նիկա Շեկն էլ «Առավոտի» էլեկտրոնային հասցեին էր նամակ ուղարկել: Նա ներկայացնելով Կոշմանի՝ «Ռեգնումին» տված հարցազրույցն ու նույն լրատվամիջոցում Կինոկենտրոնի պատասխանը,  խնդրում էր տպագրել իր նամակը:  Շեկը գրում է, որ ստիպված  է խառնվում Կինոկենտրոնի եւ Կոշմանի երկխոսությանը: Իր «բաց նամակում»  նա  ասում է, թե Կոշմանը «Ռեգնումին» զուտ իր անձնական կարծիքն է հայտնել, նաեւ հավելում է, որ նրա եւ Կինոկենտրոնի միջեւ չէր կարող պայմանագիր լինել, քանի որ երկուսն էլ իր հետ են կնքել պայմանագիր: Ն. Շեկը համաձայն չէ Կինոկենտրոնի պատասխանի հետ եւ դժգոհ, որ ֆիլմի բյուջեի հետ կապված կոնկրետ թվեր են հրապարակվել մամուլում, առանց իր՝ պրոդյուսերի հետ համաձայնեցնելու: Ըստ Շեկի, Կոշմանը ֆիլմի՝ ավարտին հասցնելու համար պակասող գումարով աջակցելու  խնդրանքով գրավոր դիմել է Կինոկենտրոնին, սակայն նրա նամակը մինչ օրս անարձագանք է մնացել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Առավոտին» ասաց, որ իր եւ Կինոկենտորնի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները հերյուրանք են. «Երբ կարդացի՝ «կոշմար» ապրեցի Կոշմանի գրածից»: Ըստ Գեւորգյանի, երիտասարդ կինոռեժիսոր Նիկա Շեկի կարիերայի համար ի սկզբանե  էլ Կինոկենտրոնը կանաչ ճանապարհ է բացել, ինչի համար մշտապես շնորհակալություններ է լսել: Կինոկենտրոնի տնօրենը զրույցի ընթացքում մեզ ցույց տվեց ֆիլմի հետ առնչվող փաստաթղթեր՝ պայմանագիր, հայտ, նախահաշիվ եւ այլն:  «Նիկա Շեկը հայտ է ներկայացրել, որտեղ նշված են պայմանները, ժամկետները: Իր լրացրած հայտի համաձայն, նախագծի ընդհանուր գումարը՝ իր ստորագրությամբ 110 000 եվրո է, որտեղ նա գրել է, թե դա որտեղից է առաջանալու: 45 000 եվրո պիտի տար «Միկա Լիմիթեդը»՝ ի դեմս Բաղդասարովի, 20 000 եվրո՝ Կոշմանը, 35 000 եվրո՝ Կինոկենտրոնը: 10 000 եվրո էլ  չի հերիքել, Նիկան գրիչով ավելացրել է, որ 5000 եվրո կտա Երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիան, 5000-ն էլ՝ «Աղասի Այվազյան» հիմնադրամը: Փաստորեն, հայտը լրացնելու ժամանակ մենք ֆիլմի ամբողջ բյուջեն ունեցել ենք… Շատ հաճախ, երբ փաթեթը ներկայացնում են, նախահաշիվը սխալ է կազմված լինում: Երբ դա հետագայում կազմեցին պրոֆեսիոնալ մասնագետները, պարզվեց, որ ֆիլմի բյուջեն ոչ թե 110 000, այլ 120 000 եվրո է կազմում՝ 64 մլն 800 հազար դրամ, որից  19 միլիոնը, այն, ինչ ուզել էին, տվել ենք, մնացած 45 մլն 839 հազարը ինքը՝ պրոդյուսերը պիտի լրացներ»,- ասում է նա: Գ. Գեւորգյանը լուրջ չի համարում այն խոսակցությունները, թե բանավոր պայմանավորվածություն կար՝ պակասող գումարը Կինոկենտրոնի կողմից լրացնելու «մասով», ասում է՝ գրավոր փաստաթուղթ էլ չկա: «Ամեն դեպքում Կինոկենտրոնը իր բաժին 19 մլն դրամը մինչեւ վերջին կոպեկը տվել է, ինչը ապացուցվում  է փաստաթղթերով: Մենք իրավունք ունենք պահանջել, որ իրենց մասի ծախսը եւս ցույց տան ու դարձյալ փաստաթղթերով հիմնավորեն:  Եթե ինքը ստացել է բոլոր գումարները «Միկա Լիմիթեդից», «Աղասի Այվազյան» հիմնադրամից եւ Կոշմանից, ուրեմն պետք է ֆիլմը արդեն ավարտված լիներ: Եթե չի ավարտվել, նշանակում է՝ կա՛մ գումարները լրիվ չի ստացել,  կա՛մ ընթացքում ֆիլմը փոխել է, լրացուցիչ ծախսեր են առաջացել: Նման պարագայում Նիկա Շեկը պիտի անպայման մեզ հետ համաձայնեցներ: Երբ օրերս Նիկան ինձ զանգեց ու ասաց, որ ինքը հրապարակման հետ կապ չունի, տեսնելով հուզմունքը՝ ազդվեցի, ի վերջո երիտասարդ կին է,  երկու երեխաների մայր: Ափսոսացի միայն, որ մարդկային եւ բարոյական նորմեր են խախտվել: Չնայած այս պատմությանը, իրեն ասել եմ, որ ֆիլմի հետ կապված բոլոր նյութերն ուղարկի, քանի որ շուտով  Կանն ենք գնալու: Անկախ նրանից, ով՝ ինչ է մտածում, այդ ֆիլմը մեր երեխան է, պիտի օգնենք, որ ծնվի»,- ասում է Կինոկենտրոնի տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել