Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՂԱՄՅԱՆՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Իսկ Նիկոլ Փաշինյանի անհապաղ ազատ արձակման պահանջը կշարունակեն պնդել լրատվամիջոցների ներկայացուցիչները:

2008 թվականին՝ դեռ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից ի վեր, նաեւ քվեարկությունից հետո ու առավել եւս մարտիմեկյան ողբերգական դեպքերից հետո հայաստանյան բանտերը լցվեցին տարբեր մեղադրանքներով պիտակավորված ավելի քան հարյուր քաղբանտարկյալներով: Նրանց գերակշիռ մասն այսօր՝ երեք տարի անց, առավելապես ընդդիմության եւ հասարակության, նաեւ միջազգային հանրության ճնշման տակ ազատ արձակվեց: Բայց այսօր էլ անազատության մեջ է գտնվում դեռեւս 8 քաղբանտարկյալ: Այնպես չէ, որ նրանց առաջադրված մեղադրանքներն ավելի ծանր են, քան արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալներինը, բայց նրանք, ովքեր շարունակում են մնալ բանտերում, ըստ էության, հատուկ վերաբերմունքի են արժանացել իշխող ռեժիմի կողմից:
Դեռ ավելի քան մեկ շաբաթ առաջ տեղեկություններ կային, որ մոտ ժամանակներս ազատ է արձակվելու եւս երկու քաղբանտարկյալ՝ ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը եւ Արա Հովհաննիսյանը: Նրանց գործերը ավելի քան մեկ շաբաթ առաջ էին գտնվում քրեակատարողական հիմնարկների պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովներում: Երեկ հայտնի դարձավ, որ հինգշաբթի օրը «Սեւան» ՔԿՀ-ի հիշյալ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ միջնորդել Արամ Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Ենթադրվում է, որ սույն որոշումը համապատասխան անկախ հանձնաժողովին է ներկայացվելու մինչեւ ապրիլի 5-ը, որի կայացրած դրական եզրակացության դեպքում այն ներկայացվելու է դատարան, որին է վերապահված ընդդիմադիր գործչին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնելը:
Հիշեցնենք, որ Ա. Բարեղամյանը 2008-ի հուլիսին դատապարտվեց վեց տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու եւ առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով եւ բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա՝ առանց հավելյալ ապացույցների: Բարեղամյանը բանտում գտնվելու ժամանակ էլ շարունակել է ակտիվ պայքարը ոչ միայն ռեժիմի դեմ, այլեւ իր զինակիցների ազատ արձակման համար՝ միանալով մեկուսարաններում գտնվող նախկին քաղբանտարկյալների հայտարարած հացադուլներին ու հայտարարություններին:
Ակնկալվում է, որ առաջիկայում ազատ կարձակվի նաեւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու», «ապօրինի զենք պահելու» մեջ մեղադրված եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Արա Հովհաննիսյանը:
«Առավոտի» հետ զրույցում «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց. «Դեռ 2008-ին, երբ իշխանությունները քաղաքական դրդապատճառներով 100-ից ավելի մարդկանց դատապարտեցին, ըստ էության, բանտերը լցնելով քաղբանտարկյալներով, մենք ասում էինք, որ սրանք (իշխանությունները) ստիպված են լինելու նրանց բոլորին ազատ արձակել: Ճիշտ է՝ ժամանակը մի քիչ ձգվեց, բայց, այսպես, թե այնպես, բոլոր քաղբանտարկյալներին նրանք ոչ միայն ազատ են արձակելու, այլեւ փոխհատուցելու են նրանց կրած վնասները, ներողություն են խնդրելու ու պատասխանատվության են ենթարկվելու՝ անմեղ մարդկանց դատապարտելու համար: Այդ մարդիկ շատ ավելի վաղ պիտի լինեին դրսում, քան այսօր են հայտնվել:
Ինչ վերաբերում է Արամ Բարեղամյանին, ապա նա դեռ մի քանի ամիս առաջ արդեն ազատ արձակված պիտի լիներ, բայց այսօր նա դեռ շարունակում է մնալ բանտում, եւ դեռ հայտնի էլ չէ, թե դատարանում երբ է լսվելու նրա գործը»:
Այսինքն՝ քաղբանտարկյալներին, ինչպես օրինակ՝ Բարեղամյանին, ազատ արձակելու որոշումն ամենեւին էլ իշխանությունների բարի կամքի դրսեւորումը չէ: «Այո, դա ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ պարտադրված քայլ՝ Հայաստանի Հանրապետության ներսում եղած ճնշման արդյունքում: ՀԱԿ-ի, մեր բոլորի ճնշման արդյունքում է, որ իշխանությունները գնում են այդ քայլին»: Իրավապաշտպանն ասաց, թե Բարեղամյանի հնարավոր ազատ արձակումը պայմանավորված է թե ապրիլի 8-ին կայանալիք, թե՛ դրանից առաջ եղած եւ հաջորդող հանրահավաքներով, իրավապաշտպանների, լրագրողների եւ բոլոր այն ճնշումներով, որոնք իրենց կաշվի վրա զգում են իշխանությունները՝ օր առ օր:
Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե գործող իշխանությունը հատուկ՝ բացասական կամ նույնիսկ թշնամական վերաբերմունք է դրսեւորում հատկապես Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ուստի՝ իր կարծիքով, արդյոք քաղբանտարկյալների ազատ արձակելու գործընթացը, ի վերջո, նաեւ նրանց կվերաբերի՞, իրավապաշտպանը նկատեց. «Անկասկած, ե՛ւ Նիկոլը, ե՛ւ Սասունը վաղաժամկետ ազատ են արձակվելու: Եթե այս իշխանությունները մի քիչ խելք ունենային՝ դա կանեին շատ ավելի շուտ եւ շատ ավելի անցավ՝ իրենց համար: Նրանք այսքան ժամանակ դեռ չեն հասկացել, որ ստիպված են լինելու նրանց էլ ազատ արձակել: Իհարկե, Նիկոլի եւ Սասունի նկատմամբ նրանք ունեն, գոնե ի ցույց են դնում, իրենց հատուկ վերաբերմունքը, որը ծիծաղելի է: Հայաստանում ամենաբարձր իշխանավորի համար նույնիսկ կալանավորներն են բաժանվում տեսակների, ինչը ծիծաղելի է ու իշխանությանը ոչ վայել մտածելակերպ»:
Վ. Հարությունյանը դժվարացավ կանխատեսել, թե մինչեւ երբ կարող են բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվել: Նա ասաց, թե ժամկետներ ինքը երբեք չի նշում, բայց կարող է ասել, որ քաղբանտարկյալներն այնքան ամուր են, որ նրանց համար մի քիչ ավելի, մի քիչ պակաս «նստելը» էական չէ: «Դա մեզ՝ դրսում գտնվողներիս համար է ցավ: Իսկ նրանք գտնվում են մեր ընդհանուր պայքարի առաջին գծում եւ իրենց դրսեւորում են որպես մարդիկ, ովքեր պիտի կրեն իրենց բաժին ընկած բեռը»,- հայտարարեց իրավապաշտպանը:
Ի դեպ, դեռեւս անազատության մեջ գտնվող 8 քաղբանտարկյալներից մեկին՝ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ազատ արձակելու պահանջով արդեն հաջորդ շաբաթվանից սկսած տարատեսակ բողոքի ակցիաներ են նախաձեռնել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարները: Դեռ հինգշաբթի օրը նրանք լրատվամիջոցների համար փակ հավաք էին անցկացրել՝ մշակելու համար իրենց հնարավոր քայլերը: Նախատեսվում է, որ այդ պահանջով տարատեսակ ակցիաները կետեւեն ավելի քան մեկ ամիս: Հիշյալ հավաքին մասնակցել են «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, «Հրապարակ», «Ժամանակ», «168 ժամ», «Առավոտ» թերթերի խմբագիրները, նաեւ lragir.am կայքի ղեկավարը:
Իրավապաշտպան Վ. Հարությունյանը, պատասխանելով մեր հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կլինի ԶԼՄ-ների ներկայացուցիչների այս նոր նախաձեռնությունը՝ նկատի ունենալով նաեւ անցյալ տարվա նոյեմբերից սկսված եւ տարեսկզբին տեղի ունեցած ակցիաների փորձը, կարծիք հայտնեց, որ անցկացված նախորդ ակցիաներն իրենց դրական ազդեցությունն ունեցան. «Այն ժամանակ Նիկոլին փաստորեն փորձում էին ֆիզիկական բռնության ենթարկել, հիմա, օրինակ՝ այդ ֆիզիկական հաշվեհարդարը չկա: Հուսով ենք, որ մեր այս ակցիաները եւս դրական դեր կունենան Փաշինյանին վաղաժամ ազատ արձակելու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել