Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԻՆ՝ ԳԵՐԱԶԱՆՑ «ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՎ»

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը՝   հիմնադրի հիշատակին

Հիմնադրի ու առաջին ղեկավարի՝ Թաթուլ  Ալթունյանի անունը կրող Հայաստանի երգի-պարի պետական  վաստակավոր անսամբլը Մայր թատրոնում  ապրիլի 6-ին կայանալիք համերգով կսկսի հոբելյանական տարին՝ նվիրված Թ. Ալթունյանի ծննդյան 110-ամյակին:
70 տարուց ավելի անսամբլն իր ազգային վառ ու ինքնատիպ դիմագծով աշխարհին է ներկայացրել հայ ավանդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու գունագեղ տարազը, մի խոսքով՝ ժողովրդական մշակույթն իր լավագույն դրսեւորումներով: Ժամանակին բոլոր մայրցամաքներն այցելած երգի-պարի անսամբլը վերջին շրջանում էլ, թեկուզ հազվադեպ, բայց ներկայանում է արտերկրյա հանդիսատեսին: Օրինակ, 2010-ին նրանք  «Հայաստանի օրեր» ծրագրի շրջանակներում բարձրարվեստ կատարումներով ներկայացան Եգիպտոսում եւ Սիրիայում:
Մեծամասամբ իրենց աշխատավայրում՝ Հայաստանի երաժշտական ընկերությունում ունկնդրին ներկայացող անսամբլը հանրապետության այն եզակի կոլեկտիվներից է, որն իսկապես հանդիսատեսի պակաս չունի: Այստեղ գուցե ստեղծագործական առումով խնդիրներ չկան, սակայն, մեր կարծիքով, առաջին հայացքից մանր թվացող հարցերը անպակաս են: Օրինակ, չգիտես ինչ տրամաբանությամբ, վաստակավոր կոլեկտիվի հայտագիրը երբեք չես տեսնի Ազգային օպերային թատրոնի հարեւանությամբ շարված բազմապիսի ու բազմաբնույթ հայտագրերի կողքին, որտեղ երբեմն գովազդվում են նույնիսկ «ճ կլասի» միջոցառումները: TV-ների գովազդային բլոկներում  երբեք չես տեսնի այս անսամբլի մասին որեւէ տեղեկատվություն:  Կամ՝ շուրջ 100 հոգանոց վաստակավոր կոլեկտիվն այսօր ունի ընդամենը մեկ վաստակավոր արտիստ՝ երգիչ Ալեքսանդր Պողոսյանը: Իսկ վերջերս անսամբլը թեպետ ներկայացվել էր Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական համույթ» անվանակարգում, սակայն ժյուրիի կողմից չարժանացավ մրցանակի:
Վերը շարադրվածի առիթով «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգի-պարի անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը մեկնաբանություններ չանելով՝ միայն հայտնեց, որ կայանալիք  մենահամերգին «անսամբլը գերազանց մարզավիճակով կմտնի դաշտ», հավելելով, որ իրենց մոտ, ամենակարեւորը,  հիանալի ստեղծագործական մթնոլորտից բացի, կա թիմ հասկացություն: «1938-ին հիմնադրված անսամբլը այսօր էլ, հավատարիմ մնալով Թաթուլ Տիգրանիչի գործին, Հայաստանի տարբեր շրջաններից հավաքագրում է ժողովրդական երգը, հարկ եղած դեպքում՝ դրանք մաքրում, զտում եւ օտարամուտ տարրերից ազատելով՝ ներկայացնում հանդիսատեսին: Դրան զուգահեռ, ներկայացնում ենք մեր անվանի կոմպոզիտորների, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ մյուսների ստեղծագործությունները: Այս ամենը, իհարկե, շնորհիվ անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի, գլխավոր բալետմայստեր, մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանի, գործիքային մասի ղեկավար Հայկազ Հակոբյանի, պարուսույցներ Իննա Կոստանյանի եւ Պետրոս Կարապետյանի ամենօրյա ջանքերի եւ, անկասկած, պրոֆեսիոնալիզմի»,- հայտնեց պարոն Տիգրանյանը: Նա ասաց նաեւ, որ տարվա կտրվածքով Երեւանում եւ մարզերում անսամբլի շուրջ 25 համերգները, բնականաբար, նվիրվում են Թ. Ալթունյանի  հոբելյանին եւ այս պահի դրությամբ բանակցություններ են վարվում Ռուսաստանի տարբեր քաղաքներում կոլեկտիվի համերգները կազմակերպելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել