Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկի հայացքով

Ապրիլ 02,2011 00:00

Հուշարձաններն անմխիթար վիճակում են

Շուրջ 50 տարի ոտքով կտրում-անցնում եմ ՀՀ բոլոր բնակավայրերը: Հերթականը Զանգեզուրն էր, ուր այցելեցի անցյալ տարվա վերջին:
Սիրում եմ հատկապես Տաթեւը, չնայած ճանապարհը դժվար էր, բայց տպավորությունները հաճելի եւ մնայուն են:
Տաթեւի վանական համալիրը գտնվում է Որոտան եւ Սվարանց գետերի կիրճերով շրջապատված, բնականից լավ պահպանված հրվանդանի վրա: Այն հիմնադրվել է 4-րդ դարում: 5-8 դդ. եղել է դպրության կենտրոն: 8-րդ դ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության կենտրոն: Տաթեւի վանքի կազմում են՝ Պողոս-Պետրոս եկեղեցին (895-906թթ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1087 թ.), Սուրբ Գրիգոր եկեղեցին, գավիթ, զանգակատուն, բնակելի տներ, ձիթհան: 10-րդ դ. Տաթեւի վանքում գործել է մատենադարան: Գլաձորի համալսարանի փակվելու պատճառով Հովհան Որոտնեցին հաստատվում է Տաթեւում, եւ Օրբելյան իշխանական տոհմի աջակցությամբ հիմնադրում համալսարան, որտեղ ուսումնասիրվել են փիլիսոփայություն, ճարտասանություն, մայրենի լեզու, քերականություն, պատմություն, ինչպես նաեւ գրչության արվեստ, երաժշտություն: Համալսարանում գործել է Տաթեւի մանրանկարչության դպրոցը:
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ճոճվող սյունը: Այն եռաստիճան հորինվածք է, ունի 6 մ բարձրություն, գագաթին՝ խաչքար:
Մտնում եմ գլխավոր Պողոս-Պետրոս եկեղեցի, եւ զարմանքից քարանում: Եկեղեցու հատակը ծածկված է սեւ ու սպիտակ (նաեւ դարչնագույն) մարմարով: Նման բան չես հանդիպի Հայաստանի եւ ոչ մի եկեղեցում: Հոգեւորականի ասելով, կատարվել է հովանավորի պահանջը: Իսկ որտե՞ղ է եղել Հուշարձանների պահպանության գործակալությունը: Ինչո՞ւ ամենայն մանրամասնությամբ չի քննարկվել վերականգնման ծավալը:
Որակով չի վերականգնված կացարանների տանիքը, անձրեւը թափանցում է շինություն: Ստիպված տանիքը ծածկել են անջրթափանց կապույտ թաղանթով: Կեսօրից հետո հասա Սիսիանի շրջանի Զորաց քարեր (3-2 հազարամյակ մ.թ.ա) հուշարձան: Ըստ ՀԽ հանրագիտարանի, այն ամրոց- բնակատեղի է: Ակադեմիկոս Պ. Հերունին ապացուցում էր, որ Զորաց քարերը հնագույն աստղադիտարան է, եւ գոյություն ունի կապ նրա, անգլիական Սթոունհենջի եւ եգիպտական բուրգերի միջեւ:
Շատ տարիներ առաջ՝ 1970թ. Զորաց քարերում գտնվելիս նկատեցի, որ հուշարձանների հարեւանությամբ հողը տրակտորով հերկվում է: Մտքովս անցավ, որ դրանից կտուժի հուշարձանը: Այդպես էլ եղավ. այժմ վերացվել են մոտ 10 մ տրամագծով երկու շրջաններ, եզերված քարերով, իսկ կենտրոնում՝ 1-1,5 մ տրամագծով շրջաններ, լցված 10-15սմ չափի քարերով: Ամեն դեպքում այդ շրջանների առկայությունը հետազոտողներին լրացուցիչ տեղեկություն կհաղորդեր: Գիշերեցի Շաքի գյուղում:
Հաջորդ օրն առավոտյան ուղեւորվեցի Որոտնավանք: Սիսիանից շատ են արտագաղթել, աշխատատեղերը քիչ են, նորերը չեն բացվում, իսկ երիտասարդները ստիպված ժամանակն անցկացնում են բլոտ խաղալով: Քաղաքի ծայրամասում Որոտանի ափերը վերածվել են աղբանոցի, տիրում է գարշահոտություն: Նման վիճակը ինչպե՞ս են հանդուրժում քաղաքապետարանը, բնապահպանության նախարարությունը: Հասնում եմ Աղիտու (Աղուդի): Աղիտու գյուղում գտնվում է 6-րդ դ. կոթող-հուշարձանը: Վիճակն այստեղ էլ տխուր է: Իր ողջ գեղեցկությամբ բացվում է Որոտանի հովիտը՝ եզերված լեռներով: Որոտանի ձախ ափին, բլրի վրա, Որոտնավանքն է՝ շրջապատված այգիներով: Խորհրդային տարիներին այս այգիների ծիրանն ուղարկվում էր Մոսկվա, Կրեմլ: Իմ խումբը բախտ է ունեցել ճաշակելու այդ ծիրանից (այն իրոք լավն էր): Այգեպանը մեզ հյուրասիրեց: Վերջապես տեսնելու եմ Որոտնավանքը՝ վերականգնված: Ավաղ: Վերականգնումը կիսատ է մնացել: Այգեպանի պատմելով, չեն բավականացրել ամերիկահայ բարերարուհու տրամադրած միջոցները:
Առավոտյան հավաքում եմ վրանս, ուսապարկս, մեկնում եմ Երեւան: Վերադարձի ճանապարհին պետք է տեսնեմ Նորավանքը:
Այն հիմնադրել է այստեղ տեղափոխված Վահանավանքի Հովհաննես եպիսկոպոսը, իսկ կառուցապատումն իրականացվել է Օրբելյան իշխանական տոհմի միջոցներով:  Նորավանքի ժամատանը ուշադրությունս գրավեց գեղեցիկ խաչքարը, առջեւում՝ սեւ մետաղից պատրաստված տաշտը, որտեղ մոմեր էին վառվում: Ժամանակը չէ՞, որ պատրաստվեն զարդանախշ տաշտեր, որոնք կներդաշնակեն եկեղեցիների ինտերիերի հետ:
Նորավանքի պարսպից դուրս պահպանվել են կիսավեր վանքապատկան շենքեր, մատուռներ, ձիթհան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930