Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 02,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ հինգերորդ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒ ՀԱՃԵԼԻ

Վաթսունականների վերջերին պրոլետբանաստեղծի ուրվականը դեռեւս էնքան առկա էր, որ սովետական քաղաքային իշխանությունները պրոլետբանաստեղծի անունով երկրորդ փողոցը բացեցին Մերգելյան ինստիտուտի շրջակայքում, բայց քանի որ միեւնույն մարդու անունով նույն քաղաքում երկու փողոց չէր կարող լինել, մերը վերանվանեցին Հակոբ Հակոբյանի նրբանցք, իսկ երկու տարի անց՝ Մարքսի 4-րդ փակուղի, եւ անկախությունից հետո՝ Խորենացու 4-րդ փակուղի, բայց, այսուհանդերձ, էդ փակուղու բնակիչների ու Մետաքսի ողջ բնակչության համար առ էսօր էլ դա Հակոբ Հակոբյան փողոց է, ու մանավանդ ինձ համար է էդպես, որովհետեւ վաթսունյոթին, երբ մենք ընտանյոք քոչեցինք Կրիվոյ, իմ ծննդավայրը դեռեւս պրոլետբանաստեղծի անունն էր կրում, ու էդ Հակոբ Հակոբյան անվան հետ կապված մի պատմություն կա, որն անպայման ուզում եմ ձեզ համար պատմել. հիսունութին, երբ իմ քեռի Ֆրեդին ու իր տարեկիցներին կանչում են զինկոմիսարիատ, եւ երբ տղերքը ներկայանում են, զինկոմը՝ որ մի աժդահա տղամարդ էր, սկսում է մեկ առ մեկ տղերքի անուններն ու հասցեները հարցնել, եւ երբ Ֆրեդից անմիջապես հետո անցնում է Հակոբին եւ անունն ու ազգանունն է հարցնում, «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոյի ավագ եղբայր Հակոբը զինկոմին պատասխանում ու ասում է՝ «Հակոբ Հակոբյան», եւ երբ զինկոմը Հակոբի հասցեն է հարցնում, «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոյի ավագ եղբայր Հակոբը ժպտալով պատասխանում ու ասում է՝ «Հակոբ Հակոբյան», եւ զինկոմը կարծելով թե՝ Հակոբն իրեն ձեռ է առնում, տեղից վեր է թռչում ու մեր Հակոբին էնպես է ապտակում, որ, ականատեսների ասելով, աչքերից կայծեր են թռչում, եւ էդ դեպքի գլխավոր ականատեսն իմ քեռի Ֆրեդն էր, եւ իմ քեռի Ֆրեդն էդ դեպքը պատմելիս միշտ նշում ու շեշտում էր, որ «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոյի ավագ եղբայր Հակոբի աչքերից թռած էդ կայծերն անձամբ է տեսել, բայց «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոյի ավագ եղբայր Հակոբի պատմելով՝ զինկոմն իրեն ոչ թե խփել է, այլ ընդամենն ուզեցել է խփի, բայց երբ ինքն ուխոդ անելով՝ իր անձնագիրն է զինկոմին դեմ արել, զինկոմն ու մյուս ներկաները Հակոբի անձնագրի մեջ նշված հասցեն տեսնելով՝ փորները բռնած հռհռացել են, բայց էդ տարբերակն «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոյի ավագ եղբայր Հակոբի տարբերակն էր, մինչդեռ իմ քեռի Ֆրեդի տարբերակում զինկոմի ապտակը ոչ միայն նպատակակետին էր հասել, այլեւ ապտակից հետո «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոյի ավագ եղբայր Հակոբի աչքերից իսկապես կայծեր էին թռել, եւ Ֆրեդը երդվելով ասում էր, որ ինքն անձամբ ոչ միայն ապտակելն է տեսել, այլեւ՝ աջուձախ թռած էդ, ուրեմն, կայծերը, եւ անցած ու գնացած էս պատմությունը հիշելով ու ձեզ համար պատմելով՝ ուզում եմ նշել, որ մարդկանց անունները մարդկանց կյանքում կարող են ճակատագրական նշանակություն ունենալ, եւ «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյան Սաքոյի ավագ եղբայր Հակոբի կյանքում էլ էր էդպես, եւ Հակոբի ֆուտբոլիստ եղբայր Հակոբյան Սաքոյի կյանքում էլ իր Սաքո անունը ճակատագրական նշանակություն ունեցավ, որովհետեւ երբ ինքը վաթսունականների սկզբներին ամրապնդվեց «Արարատի» հիմնական կազմում, որտեղից որտեղ հանկարծ հայտնվեց հայկական ֆուտբոլի իսկական Սաքոն՝ Հովիվյանը, ու մեր Սաքոն հիմնական կազմում դեռ կարգին չխաղացած՝ վերստին տեղափոխվեց փոխարինողների կազմ, եւ չնայած մեր Սաքոն հիմնական կազմում ընդամենը մի քանի խաղ խաղալով՝ արդեն Ալմա-Աթայում «Կայրաթին» երեք գոլ էր խփել, իսկական Սաքոյի հայտնվելուց հետո այլեւս հիմնական կազմ ոտք չդրեց, եւ չնայած Հայաստանով մեկ Սաքո անունը թնդում էր, դա միանգամայն այլ Սաքո էր՝ Հովիվյան ազգանունով, իսկ մեր Սաքոն որոշ ժամանակ պահեստայինների նստարանին նստելուց հետո խռովեց ու հեռացավ Կիսլովոդսկ եւ մի քանի տարի Կիսլովոդսկի թիմում խաղալով՝ էնտեղից էլ տեղափոխվեց Պյատիգորսկ եւ Պյատիգորսկում ամուսնանալով ու տնավորվելով՝ առ էսօր էլ էնտեղ է ու էնտեղի ֆուտբոլային ոլորտն է ղեկավարում ու, ասում են, ինքն էնտեղ շատ մեծ հարգանք է վայելում, ու այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ մեր Սաքոն Հովիվյան Սաքոյի պես համեստ ու Հովիվյան Սաքոյի պես սիրուն էր եւ, որ ամենակարեւորն է, Հովիվյան Սաքոյի պես էլ սիրուն էր խաղում, եւ սա Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի բնակիչներիս կարծիքն էր, ու առ էսօր Հակոբյան Հակոբի կրտսեր եղբայր Հակոբյան Սաքոյին հիշելով ու Հակոբյան Սաքոյի մասին մտածելով՝ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ու ըմբռնել, թե ինչու Հայաստանի ու Երեւանի էն ժամանակվա էն մեծ արեւի տակ երկրորդ Սաքոյի համար տեղ չգտնվեց, ու նմանապես չեմ կարողանում հասկանալ՝ ինչու էր էն թվերին Շիրազը գրողներին, բանաստեղծներին եւ նույնիսկ Սեւակին ածականներ կպցնում, եւ Շիրազը մինչեւ անգամ իր երբեմնի կնոջը՝ տիկին Սիլվային չէր խնայում, եւ եթե Սեւակի թաղման օրը մղկտացող Շիրազին տեսած չլինեի, պիտի մտածեի թե՝ Շիրազը չարությունից ու չկամությունից էր Սեւակին ու մյուսներին ածականներ կպցնում, եւ տարօրինակն էն էր, որ Շիրազը հիմնականում տաղանդավորներին էր թունավոր ու գեշ ածականներ կպցնում, մինչդեռ թույլերին ու անտաղանդներին միանգամայն դրական ու պատվավոր գրական կեղծանուններ էր շռայլում ու շնորհում, բայց քանի որ նվաստս ցանկացած երեւույթի մեջ դրականն է փորձում գտնել, հիմա Շիրազին ու իր ածականները հիշելով՝ հակված եմ կարծել, որ Շիրազը հատկապես տաղանդավորների հանդեպ էր խստապահանջ ու տաղանդավորներից էր մեծ բաներ պահանջում, որովհետեւ էն թվերին Հայաստանում քաղաքական գործիչներ չկային, եւ ժողովրդի ուշադրությունը գրողներին ու արվեստագետներին էր ուղղված, եւ ժողովուրդը գրողների ու արվեստագետների հետ էր հույսեր կապում, եւ հատկապես գրողների ու առանձնապես բանաստեղծների հետ էր իր հույսերը կապում, եւ հիմնականում ու գլխավորապես Շիրազի հետ էր իր հույսերը կապում, եւ հատկապես յոթանասունականներին էր էդպես, որովհետեւ յոթանասունականներին Հայաստանում, ուր իբրեւ բանաստեղծ ձեւավորվում ու թեւավորվում էինք, ոչ միայն քաղաքական գործիչներ չկային, այլեւ արդեն Սեւակն էլ չկար, եւ ժողովրդի ուշադրությունը հիմնականում Շիրազին էր ուղղված, եւ քանի որ էդ թվերին Հայաստանում քաղաքական գործիչներ չկային, ընթերցողներն ու բոլորն իշխանական կերակրատաշտի մերձակայքում մտավորականներ, արվեստագետներ ու հատկապես բանաստեղծներ էին փնտրում ու գտնում, ու էդ տարածքում բանաստեղծներից հատկապես Շիրազին չգտնելով՝ Շիրազին ուրիշ վայրերում էին փնտրում ու գտնում, եւ էդ թվերին Շիրազի պահանջն էնքան ուժեղ էր զգացվում, որ նույնիսկ Շիրազն ինքն էր ամենուր ու բոլորի մեջ Շիրազ փնտրում եւ այլոց մեջ Շիրազ չգտնելով՝ մշտապես ու շարունակաբար վերադառնում ու ինքն իր վրա էր կանգ առնում եւ ստիպված ինքն իր անձի շուրջ էր ժողովվում ու կենտրոնանում, որովհետեւ ոչ միայն ժողովրդին, այլեւ անձամբ Շիրազին էլ էր Շիրազ հարկավոր, եւ ժողովուրդն ու անձամբ Շիրազն էդ թվերին ստիպված էին Շիրազով գոհանալ ու բավարարվել, որովհետեւ Սեւակն արդեն չկար, եւ ժողովրդին ու անձամբ Շիրազին ապրեցնող ու հույս տվող բանաստեղծ էր անհրաժեշտ, ու էդ բանաստեղծն անկասկած Շիրազն էր, որովհետեւ մյուսները կյանքով էին զբաղված ու ապրում էին, ու էդ էր պատճառը, որ ժողովրդի կողմից չէին ընդունվում, որովհետեւ մեր ժողովուրդը հատկապես մեր բանաստեղծների՛ ապրելը չի հանդուրժում եւ հատկապես մեր բանաստեղծների մարդավարի՛ ապրելը չի հանդուրժում, եւ բնական է, որ ժողովրդի ընտրությունը Շիրազի վրա պիտի կանգ առներ, որովհետեւ Շիրազը երբեւէ տեսածս միակ մարդն ու բանաստեղծն էր, որ ոչ թե ապրում էր, այլ իր կյանքի օրոք իր անմահությունն էր ըմբոշխնում, ընդ որում՝ ամեն վայրկյան ու ամեն քայլափոխի էր ըմբոշխնում, ընդ որում՝ ամբողջ հոգով ու անմնացորդ էր ըմբոշխնում, եւ Շիրազն իրեն էնքան անշահախնդրորեն էր սիրում՝ ինչպես մեծ մարդասերներն ուրիշներին են անշահախնդրորեն սիրում, եւ չնայած որոշ գրագետներ կարծում են թե՝ Շիրազը նախանձից էր իր կոլեգաներին ածականներ կպցնում, ես, ընդհակառակը, կարծում եմ, որ Շիրազն էն միակ մարդն ու բանաստեղծն էր՝ ով ուրիշներին նախանձելու առիթ ու պատճառ բացարձակապես չուներ, եւ հիմա իր մասին էսքան մտածելով՝ սկսում եմ հասկանալ նաեւ, որ Շիրազն էն եզակի մարդկանցից էր, որոնք կյանքից ստացել են էն ամենը՝ ինչ փափագել են ստանալ եւ ունենալ, եւ Շիրազի մասին էսքանն ասելով ու առայժմ էսքանով բավարարվելով՝ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Շիրազն էլ է ժամանակին իր ազգանունից հրաժարվելով՝ գրական կեղծանուն ստանձնել, ընդ որում՝ ճիշտ ժամանակին է իր Շիրազ կեղծանունն ստանձնել, ու էսօրվա դրությամբ շատ դժվար է պատկերացնել՝ ինչպիսի բախտի ու ճակատագրի կարժանանար իր իսկական ու սկզբնական Հովհաննես Կարապետյան անվամբ ու ազգանվամբ. այսինքն, ուզում եմ ասել, որ մարդու անունն ու ազգանունը, հնարավոր է, վճռորոշ նշանակություն ունեն տվյալ մարդու կյանքում, եւ Հովհաննես Շիրազը, որ մշտապես ու աջուձախ քննադատում էր օտար անուններ կրող իր հայրենակիցներին, իր էդ Շիրազ անվան ներքո իրեն միանգամայն լավ էր զգում. էնքան լավ, որ մարդիկ չէին էլ հիշում, որ իր էդ Շիրազ կեղծանունն օտար ծագում ունի, եւ Համո Սահյանն էդ անարդարությանը չդիմանալով՝ Շիրազի մասին գրել էր՝ «Օտար անուն առել վրան, / Ծաղր է անում սրան-նրան», եւ երբ մի առիթով Շիրազին Սահյանի էդ տողերը հիշեցրի, ինքը բավական երկար մտածելուց հետո ժպտալով ասաց՝ «Համոն էդիկ չար մտքով է գրել, բայց, խոսքը մեր մեջ, շատ էլ ճիշտ է գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս Շիրազ անունս ներսեն ի՛մ աչքը կհանի, դրսեն՝ ուրիշների» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էդ օտար անունն ինձ ընպես պինդ է կպել, օր արդեն ուզենամ էլ, չեմ կրնա փոխեմ», եւ ես հարցրի՝ «բայց ինչի՞ փոխես», եւ Շիրազը պատասխանեց ու ասաց՝ «օր չուզողներս ավելպակաս չխոսան», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա ավելպակաս խոսում», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկը՝ Համոն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ինչըղ է ըսե՞լ», եւ ես ժպտալով արտասանեցի՝ «Օտար անուն առել վրան, / Ծաղր է անում սրան-նրան», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խոսքը մեր մեջ, շատ ուժեղ է ձեւակերպել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «օր ճիշտը կուզես իմանաս, Համոն հեչ էլ անշնորհք մարդ չէ», եւ ես ասացի՝ «իրա «Նաիրյան դալար բարդին» շատ ուժեղ բանաստեղծություն ա» եւ ավելացրի՝ «լիքը ուրիշ ուժեղ գործեր էլ ունի», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա ուսումնասիրության առարկան բնությունն է, իմը՝ մարդը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Համոն բնապաշտական բանաստեղծ է, ես՝ փիլիսոփայական», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց փիլիսոփայական բանաստեղծություններ էլ ա գրել», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կրնա գրած էղնի, բայց ծառների ու թփերի մասին ավելի լավ կգրե» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ մասրենիների», եւ ես ժպտալով ասացի՝ «նաիրյան դալար բարդու մասին էլ ա շատ ուժեղ գրել», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն օր կուզես իմանաս, Համոյի էդ բարդին ահագին փիլիսոփայական իմաստ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ բանաստեղծությունն ինչըղ ե՛ս գրած էղնիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «օր էդ տեսակ փիլիսոփայական գրվածքներ շատ ունենար, ինքն էլ Շիրազ կէղներ», եւ ես ժպտալով ասացի՝ «մի հատ Շիրազ կա՝ հերիք ա», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն օր կուզես իմանաս, մի հատ Շիրազը ձեզի շատ էլ է», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ ա շատ», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ղադրս ու արժեքս չեք հասկնա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «օր մեռնիմ, նոր իրական արժեքս ու ղադրս կհասկնաք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մեր ժողովուրդը ոչ մի բանաստեղծի կյանքի օրոք էնքան չի սիրել, ինչքան՝ քեզ», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանց հասկնալու՝ կուրորեն կսիրեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդուն մենակ մեռնելուց հետո կհասկնան», եւ հիմա, երբ Շիրազի հետ իմ էդ խոսակցությունը հիշելով վերականգնում եմ, ես էլ եմ սկսում մտածել, որ մեր ժողովուրդն իսկապես կուրորեն էր սիրում Շիրազին, եւ հետաքրքիր է, որ բոլորից սիրված Շիրազն էլ էր մյուսներիս պես կարծում թե՝ իրեն չեն հասկանում, եւ բոլորից սիրված Շիրազն ամենից ավելի էր սիրո կարիք զգում, ամենից ավելի էր սիրո կարիքից ու սիրո քչությունից տանջվում, որովհետեւ էն սերը, որին ինքն ամեն րոպե ու ամեն քայլափոխի արժանանում էր, ոչ թե մարդկային հասարակ ու սովորական սեր էր, այլ՝ համընդհանուր ու հասարակական, ավելի ճիշտ՝ ազգային ու ազատագրական, մինչդեռ Շիրազն ու բոլորս կյանքից ու մարդկանցից սիրո ամենատարրական ու ամենահասկանալի տարբերակն ենք ակնկալել ու ակնկալում, բայց առ Հովհաննես Շիրազ մեր սերը ոչ միայն Շիրազին էր անհասկանալի, այլեւ՝ մեզ, եւ էդ սիրո մեջ գրականությունն ու պոեզիան թերեւս ամենավերջին տեղերում էին, եւ, ըստ ամենայնի, էդ սիրո մեջ սերն էլ էր ամենավերջին տեղերում, որովհետեւ ժողովուրդն ու բոլորս Շիրազին հետեւողականորեն ու սկզբունքորեն սիրելով՝ ոչ թե Շիրազի հանդեպ մեր սերն էինք դրսեւորում ու արտահայտում, այլ՝ ուրիշների եւ հատկապես ուրիշ բանաստեղծների հանդեպ մեր չկամությունն ու ատելությունը, որովհետեւ մարդիկ ու մանավանդ հայերս ինչ-որ մեկին ոչ թե պարզապես սիրում ենք, այլ էդ ինչ-որ մեկին ի հեճուկս մեկ ուրիշի ենք սիրում, եւ մարդիկ ու մանավանդ հայերս ոչ թե ուզում ենք էս կյանքում երջանիկ լինել, այլ ուզում ենք ավելի երջանիկ լինել, քան՝ մեր դիմացինը, եւ մարդիկ ու մանավանդ հայերս ոչ թե ուզում ենք մեր էս մինուճար կյանքն ապրել, այլ ուզում ենք մեր էս մինուճար կյանքն ավելի լավ ապրել, քան՝ դիմացինը, եւ քանի որ մեր դիմացինն էլ է հիմնականում մարդ ու հիմնականում հայ, մեր դիմացինն էլ է նույնը ցանկանում, ու էսպես միասնաբար նույնը ցանկանալով՝ մշտապես դժգոհ ենք, որովհետեւ երջանկության մեր բաժինը շարունակաբար չստանալով՝ շարունակաբար կարծում ենք թե՝ երջանկության մեր բաժինը դիմացինին է բաժին հասել, եւ, բնականաբար, դիմացինն էլ իր գծով է նույնը կարծում, եւ չնայած երջանկության մասին էս իմաստակությունս որեւէ կապ չունի ընդհանուր ասելիքիս հետ, այդուհանդերձ, էս կյանքում եւ նույնիսկ էս վեպիս մեջ որեւէ անկապ բան գոյություն չունի, եւ էս միտքս էս պահին միանգամայն վստահ եմ ասում, որովհետեւ մինչ երջանկության մասին վերստին իմաստակում էի, էկրանին վերստին Նազենին հայտնվեց, ավելի ճիշտ՝ իր «Երջանկության մեխանիկան» հաղորդումը, իսկ ավելի ճշգրիտ՝ իր էդ իրիկնային հաղորդման ցերեկային կրկնությունը. այսինքն, «Հարսնացու հյուսիսիցի» եւ «Երեք ընկերոջ» վրա արդեն մի գիշեր անցել է, եւ արդեն կուշտ քնել, զարթնել եւ արդեն նախաճաշել եմ, եւ արդեն հաջողացրել եմ ճողոպրել Աբազյան Աշխենի կշտամբանքներից՝ չնայած Աշխենի էս շարունակվող կշտամբանքներն իրենց մեջ հիմնականում հաճոյախոսություն են պարունակում, եւ արդեն երկրորդ օրն է, ինչ ինքն աջուձախ բողոքում է, որ էս վեպիս չորս հատորներն ինձնից ստանալով ու էդ հատորներիս մեջ մխրճվելով՝ ոչ մի կերպ չի կարողանում էս վեպիցս կտրվել ու իր գրելիքին վերադառնալ, եւ էդ մասին ասելով ու տրտնջալով՝ ավելացնում է նաեւ, որ իր գրելիքին վերադառնալու եւ իր գիրքն ամբողջացնելու ընդամենը մի շաբաթ ունի, որովհետեւ իր էդ պետպատվերով գրքին տպարանում անհամբեր են սպասում, եւ տպարանի տնօրենն արդեն երկու անգամ զանգել Ծաղկաձոր ու շտապեցրել է, մինչդեռ ինքը՝ Աշխենը Ծաղկաձորում մնալու ու աշխատելու ընդամենը մի շաբաթ ունի, բայց չորս հատորներիցս չկարդացված երեքն էդ շաբաթն էլ են սպառնում կլանել, եւ չնայած Աշխենի էս շարունակական մուննաթների մեջ որոշ չափազանցություն կա, ես իրեն հիմնականում հավատում եմ եւ հատկապես իր էդ պետպատվերով գրքի իսկությանն եմ հավատում, որովհետեւ Աբազյան Աշխենը նոյեմբերյանցի ու Անանյան Լեւոնի համերկրացին է, եւ չնայած Լեւոնն էդ տեսակ մարդկային հանգամանքներին սովորաբար սառնասրտորեն է վերաբերվում, Աշխենի պետպատվերով գրքի իսկությանն ամենեւին չեմ կասկածում, որովհետեւ Աշխենը շարունակաբար ոչ միայն իր ու Լեւոնի համերկրացի լինելն է շեշտում, այլեւ՝ Լեւոնի մարդ լինելը, ընդ որում՝ միանգամայն դրական իմաստով, բայց հիմա, երբ արդեն հաջողությամբ ճողոպրել եմ Աշխենի կշտամբանքներից ու մուննաթներից, արդեն Աշխենի՛ մարդեղենությունից եմ զգացված ու տպավորված, որովհետեւ իր էդ շարունակելի մուննաթներն ու կշտամբանքներն ավելի քան մարդկային ու հաճելի են, եւ իր հումորն էլ է մարդկային ու հաճելի, եւ էսօրվա մեր խոսակցության վերջում ասաց՝ «բախտս բերել ա, որ ընդամենը չորս հատորն ես տպել», եւ երբ իրեն ասացի, որ մնացած հատորներն «Առավոտում» են տպագրվել ու տպագրվում, ինքը ծիծաղելով ասաց՝ «բախտս բերել ա, որ ձեր էդ «Առավոտը» Նոյեմբերյան չի հասնում», եւ հետո, երբ Աշխենից ճողոպրել ու երջանկության մասին իմաստակություններս էի էս թղթերին շաղ տալիս, վերստին էկրանին հայտնվեց Նազենին, եւ հիմա, Նազենիի առկայությամբ, երջանկության մասին նախկին պատկերացումներս լրիվ հօդս են ցնդում, եւ սկսում եմ ենթադրել, որ եթե օրերից մի օր Նազենին իր էս երջանկության հյուրասրահում իմ ընտանիքին հյուրընկալի, իր էս հյուրերի պես մենք էլ ենք մեր երջանիկ հայացքներով Հ1-ի էկրանից բազմահազար հեռուստադիտողներին ժպտալով նայելու, որովհետեւ Նազենին իր էս հաղորդման մասնակիցներին ոչ միայն պարտադրում է երջանիկ լինել, այլեւ պարտադրում է խոստովանել իրենց իսկ երջանիկ լինելը, իսկ որ Նազենին օրերից մի օր ինձ էլ ընտանյոք կհրավիրի իր էս հաղորդմանը, ես հարյուր տոկոսով եմ համոզված՝ ոչ միայն էն պատճառով, որ էսօրվա էս հրավիրյալների պես իմ ընտանիքն էլ է հիմնականում արվեստագետներից բաղկացած, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ Նազենին դեռեւս չի ամուսնացել եւ բոլոր չամուսնացածների պես երջանկության հանգամանքը հաջող ամուսնությանը հաջորդող պարտադիր հետեւանք է համարում, եւ որ մարդիկ սովորաբար ուրիշների ամուսնությունը հաջողված են համարում, դա միանգամայն ստուգված ու ճշտված փաստ է, եւ առավել եւս չամուսնացածներն են ամուսնացածների ամուսնությունը հաջողված համարում, եւ, ըստ ամենայնի, Նազենին ինքն էլ է էդպես համարում, չնայած, այդուհանդերձ, Նազենիի ուրախությամբ լեցուն աչքերը ճիշտ հակառակն են ասում. ասում են, որ չամուսնացածները կարող են առավել երջանիկ լինել, քան՝ ամուսնացածները, մանավանդ՝ եթե իրենց սիրած աշխատանքով են զբաղված, եւ Նազենիի դեպքում էս պայմանս լիովին է առկա, որովհետեւ Նազենին իր էս հաղորդումը հաճույքով ու սիրով է վարում, եւ չնայած չափազանց դժվար է օրական մի երջանիկ ընտանիք հայտնաբերելը, Նազենին էդ էլ է հաջողացնում անել, ու, էդքանով հանդերձ, շարունակում է կարծել թե՝ մարդ արարածը երջանիկ կարող է լինել միայն ու միայն ամուսնանալու ու ընտանիք կազմելու դեպքում, եւ ոչ միայն Նազենին է էդպես կարծում, այլեւ՝ բոլոր հայերը, եւ հատկապես ու առանձնապես Նազենին է էդպես կարծում, այլապես իր էս հաղորդմանը երբեմն նաեւ ազապ տղերքի ու տանը մնացած աղջկերքի կհրավիրեր, բայց Նազենին իր իսկ երջանկությունն ի վիճակի չի տեսնել ու ընկալել՝ ոչ միայն էն պատճառով, որ մարդ արարածն ուրիշների երջանկությունն ավելի հեշտ է նկատում, այլեւ էն պատճառով, որ անընդհատ իր էս հաղորդումներում ու ֆիլմերում զբաղված լինելով՝ իր երջանկությունը հասկանալու ու ընկալելու ժամանակ էլ չունի, մանավանդ որ՝ կեսգիշերային ֆիլմերն էլ են իր ակտիվ մասնակցությամբ կրկնօրինակվում, բայց, էս ամենով հանդերձ, դժվար է ասել թե՝ Նազենին անձնական կյանք չունի, որովհետեւ եթե ինքը միայն էդ «Երեք ընկեր» ֆիլմում էլ զբաղված լիներ, էլի կարող էինք վկայել, որ ինքը լավ էլ հագեցած ու բովանդակալից անձնական կյանք ունի, որովհետեւ ինքն էս «Երեք ընկեր» ֆիլմում էնքան անկեղծորեն, ազնվորեն ու ջերմորեն է սիրում Ռոբին, որ ոչ ոք չի կարող պնդել թե՝ իր էդ սերը վիրտուալ ու դերասանական է, եւ քանի որ էդ սերը միանգամայն փոխադարձ է, եւ քանի որ Ռոբն էլ Նազենիին է ազնվորեն ու ջերմորեն սիրում, որեւէ մեկը չի կարող պնդել թե՝ իրենց ու մանավանդ Նազենիի էդ երջանկությունը վիրտուալ ու դերասանական է, որովհետեւ էս ֆիլմն ուշադիր նայելով՝ որեւէ մեկը չի կարող պնդել թե՝ Ռոբն ու մանավանդ Նազենին իրականում իրար չեն սիրում, եւ առավել եւս որեւէ մեկը չի կարող պնդել թե՝ էն բոլոր սերերը, որ տեղի են ունենում ֆիլմերում, կեղծ են, եւ առավել եւս չենք կարող պնդել թե՝ էն բոլոր սերերը՝ որ տեղի են ունենում կյանքում ու իրականության մեջ, անկեղծ են ու իսկական. անշահախնդրության ու անձնազոհության մասին չեմ էլ խոսում, որովհետեւ Նազենիի սիրած Ռոբն էս ֆիլմում ոչ միայն վարձով է ապրում, այլեւ մշտական աշխատանք էլ չունի եւ հույս էլ չունի թե՝ երբեւէ սեփական տուն ու մշտական աշխատանք կունենա, ու էս հանգամանքներն ամենեւին չեն խանգարում, որ գեղեցկուհի Պատրիցիա-Նազենին առաջին հայացքից սիրահարվի երեք ընկերներից հենց Ռոբին, եւ չնայած առաջին հայացքից սիրահարվելու պահին Պատրիցիա-Նազենին չգիտեր, որ Ռոբը վարձով է ապրում ու նորմալ աշխատանք չունի, այդուհանդերձ, իմանալուց հետո էլ շարունակեց սիրել, ընդ որում՝ առավել ինքնամոռաց ու առավել ուժգին:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել