Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

Ապրիլ 07,2011 00:00

\"\"ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ ընդդիմության քայլերը նախընտրական տարվա տրամաբանության մեջ են:

– Ձեր կարծիքով, ՀԱԿ հերթական՝ ապրիլի 8-ի հանրահավաքը կարո՞ղ է ազդեցիկ լինել, եւ իշխանությունը ինչպե՞ս է նախապատրաստվում դրան:
– Հանրահավաքները մեր երկրում միշտ էլ տեղի են ունենում, եւ վերջին տարիներին նույն քաղաքական ուժի կողմից պարբերաբար կազմակերպվում են հանրահավաքներ, պարբերաբար հնչում են ե՛ւ քննադատություն, ե՛ւ պահանջներ, ե՛ւ սպառնալիք, ե՛ւ առաջարկներ: Այս ամենը պետք է դիտարկել որպես քաղաքական գործընթաց, հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունների մի ձեւ: Եվ եթե լինում են ձեւակերպումներ, վարքագիծ, որը ընդունելի չէ կամ հակաօրինական է՝ լինում է համարժեք պատասխան:
– Բնական կլիներ, եթե իշխանություն եւ ՀԱԿ հարաբերությունները լինեին բավականին խիստ, անհանդուրժող, լիներ սուր առճակատում, բայց ակնհայտորեն այդպես չէ, եւ առաջին նախագահը հրապարակավ հայտարարեց, թե ոչ թե քինգ-բոքսինգի են դուրս եկել, այլ շախմատ են խաղում: Իսկ գաղտնիք չէ, որ շախմատը, գոնե արտաքուստ, ավելի հանդարտ վիճակ է ենթադրում, ոչ թե բռունցքների, այլ մտքի եւ խելքի կռիվ է: Կարծես իրոք էլ՝ իշխանությունը եւ ՀԱԿ-ը շախմատ են խաղում, մեկն ասում է, մյուսն ինչ-ինչ քայլեր է կատարում: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ ՀԱԿ-ը պարզապես հերթական ընտրություններին է պատրաստվում:
– Գաղտնիք չէ, որ արտահերթ ընտրության պահանջի ներքո յուրաքանչյուրը հասկանում է, որ դա պարզապես հերթական ընտրությանը պատրաստվելու գործընթաց է: Հիմա այլեւս որեւէ մեկի մոտ լուրջ տպավորություն չի թողնում արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ եթե քաղաքական ուժը՝ ընդդիմադիր, թե իշխանական, պատրաստվում է հերթական ընտրություններին, դա շատ բնական է: Եթե նկատել եք, վերջին շրջանում քաղաքական ուժերի գործելաոճը թելադրված է նախընտրական հանգամանքով:
– Իմ տպավորությամբ, Ազատության հրապարակը մի տեսակ կռվախնձորի նման բան է դարձել թե՛ ընդդիմություն-իշխանություն եւ թե՛ ընդդիմություն-ընդդիմություն հարաբերություններում: Նախ՝ «Ժառանգության» առաջնորդը այնտեղ նստեց, հետո ՀԱԿ-ը մտավ, իսկ իշխանությունը այնտեղ է ու այնտեղ:
– Իհարկե, կարելի է առաջին հայացքից կռվախնձոր էլ համարել, առաջին հայացքից կարելի է այնտեղ անընդհատ միջոցառումներ անցկացնել, բաց պահել, փակ պահել եւ այլն: Այո, այդ կռվախնձորը վերջին երեք տարվա քաղաքական պայքարի կարեւոր բաղադրիչներից մեկն է դարձել: Էլի եմ ասում՝ եթե այնտեղ անցկացվում են հանրահավաքներ, որոնք իրենց մեջ օրենքի խախտում չեն պարունակում, դրան պետք է նորմալ վերաբերվել: Բայց եթե հրապարակը օգտագործվելու է այնպես, որ փորձ է արվելու հետագա գործընթացները տանել մեր պետության համար անցանկալի հետեւանքների, ապա, իհարկե, պետությունը պարտավոր է դրա դեմ ի սկզբանե քայլեր ձեռնարկել: Իսկ ինչ վերաբերում է հրապարակը նվաճելուն ուղղված ընդդիմության ներքին պայքարին, սա եւս շատ հետաքրքիր է: Որեւէ մեկը ինձ չի կարող քննադատել այս բառերի համար, ես կարծում եմ՝ դա պայքար է ոչ թե հրապարակի համար, այլ ընդդիմության ներսում՝ լիդերության համար: Դա պայքար է՝ ընդդիմադիր զանգվածի ձայներին տիրանալու համար, 2012-ին խորհրդարանում հայտնվելու համար: Սա ակնհայտ է: Թե ընդդիմադիր ձայներին ով կտիրանա, ինչ քայլեր կանի դրան հասնելու համար, դա մեզ քիչ է հետաքրքրում, դա ընդդիմության խնդիրն է, ընդդիմության իրավունքը: Կնստեն՝ հացադուլ կանեն, իրենց իրավունքն է, չեն անի՝ դարձյալ իրենց իրավունքն է:
– Ի դեպ, ուզում եմ Ձեզ հարցնել. թերեւս, Դուք միակն էիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին կոպիտ արտահայտվեցիք, ասելով, թե օգտակարը հաճելիի հետ զուգակցելու փորձ է, Ձեզ դրա համար քննադատեցին: Չե՞ք ափսոսում, որ նման բան եք ասել:
– Եթե ընդդիմության լիդերներից մեկը հացադուլ արեց, բայց անունը դրեց ծոմապահություն, ես ուզում եմ ճշտել՝ ծոմը ի՞նչ է, դա ի՞նչ ակցիա է՝ կրոնակա՞ն է, քաղաքակա՞ն է, քաղաքացիակա՞ն է: Բայց, ամեն դեպքում, դա Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն է, իր իրավունքը, թե ինչ գործողություն կիրականացնի եւ ինչ նպատակով: Արդյո՞ւնքը՝ չգիտեմ դրա արդյունավետությունը: Ամեն մի քաղաքական ուժ օգտագործում է այն հնարավորությունները, որոնք ինքը կարող է անել: Օրինակ, ՀԱԿ-ը կարողանում է բազմամարդ հանրահավաքներ անցկացնել, «Ժառանգությունը» կարողանում է 4 հոգով 40 հազարի աղմուկ հանել, կամ՝ Րաֆֆին միայնակ կարողանում է երկու շաբաթից ավելի ամբողջ լրատվական դաշտը իր վրա սեւեռել: Դրան ես նորմալ եմ վերաբերվում, համարում եմ յուրաքանչյուրի քաղաքական կամ քաղաքացիական գործը:
– Վերջին օրերին շատ է խոսվում կառավարության մեջ որոշակի պաշտոնափոխությունների մասին, կոնկրետ՝ վարչապետի փոփոխության մասին լուրերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
– Վարչապետի հրաժարականի մասին լուրերը ոչ թե հիմա են տարածվում, այլ տեւական ժամանակ է՝ մամուլը տարածում է այդպիսի լուրեր, եւ դա պատահաբար չի արվում: Իմ կարծիքով՝ այդ լուրերը շրջանառության մեջ են դրվում շահագրգիռ անձերի կողմից: Ես դրանց թեթեւ եմ նայում, որովհետեւ միշտ էլ կա քաղաքական պայքար, կա մրցակցություն, եւ դա դրսեւորումներից մեկն է: Մի բան հաստատ գիտեմ, որ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինքը կարող է կռահել հանրապետության նախագահի մտքերի ընթացքը եւ նախապես իմանալ, թե նախագահը ինչ որոշումներ կարող է ընդունել եւ որ պահին: Այդ իսկ պատճառով այդ լուրերին ես հանգիստ եմ նայում: Այսօր ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ կա, եւ եթե մենք դա փորձենք կապել կառավարության եւ գործող իշխանության հետ եւ քավության նոխազներ գտնել, դա ուրիշ խնդիր է: Իհարկե, կա սոցիալական խնդիր, կա գնաճ, որը ունի օբյեկտիվ հիմքեր, եւ դա վարչապետի եւ կառավարության հետ կապելը ճիշտ չէ: Ես հիմա հարց եմ ուղղում այն մարդկանց, ովքեր այս հարցով շահագրգիռ են՝ իսկ եթե այս նույն պայմաններում այլ անձ լիներ վարչապետը, չե՞ք մտածում, որ կարող էր շատ ավելի վատ վիճակ լինել: Գուցե վարչապետի անձը, իր մասնագիտական եւ կրթական հմտություննե՞րն են պատճառը, որ ավելի վատ վիճակ չէ, քան կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930