Լրահոս
Օրվա լրահոսը

Հողն ու երկիրը՝ հայ հոր կերպարում

Ապրիլ 08,2011 00:00

Կամ Արտաշես Արամի «Չափազանց ուրախ եւ չափազանց տխուր ֆիեստան»

Օրերս «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում ՀԹԳՄ-ում ցուցադրվեց բեմադրիչ Արտաշես Արամի «Չափազանց ուրախ եւ չափազանց տխուր ֆիեստա» մոնոներկայացումը: Դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանն է: Բեմադրության գործողությունները տեղի են ունենում գլխավոր հերոսի՝ Կորոյի տանը: Կորոյի մենախոսությունը պանդուխտ որդու մասին է ու նրա հետ, որը հանգրվան է գտել հեռավոր Լեհաստանում եւ մոռացել հոր գոյության մասին: Պիեսի՝ դժվար եւ իմաստալից կյանք ապրած հերոսը, բազում խոչընդոտներ հաղթահարած, իր կյանքի մայրամուտին հայտնվել է բացարձակ մենության մեջ, բայց չի ուզում հաշտվել եւ համառորեն ելք է փնտրում: Կորոն ապրել է չարքաշ աշխատավորի իր կյանքը, բայց երբեք չի վհատվել, չի կորցրել ոգու արիությունը եւ իր կյանքի մայրամուտին պայծառ ու լուսավոր հայացքով է նայում աշխարհին: Կորոն իր բողոք-մենախոսության մեջ որդուն որպես օրինակ հիշեցնում է հայ սիրասուն զավակների մասին՝ Վարդան Մամիկոնյանից մինչեւ Մոնթե, եւ երազում որդուն էլ տեսնել այդ հայրենասերների շարքում: Նա մենախոսում է որդու մանկության ընկերոջ՝ գնդակի, թռչնի դատարկ վանդակի, որդու սիրելի կիթառի հետ: Հերոսը երբեմն-երբեմն զրույցի է բռնվում իր սրտի հետ եւս, խնդրելով համբերել մինչեւ որդու վերադարձը: Պիեսի ավարտին՝ Կորոն հեռավոր Լեհաստանից լուր է ստանում, որ որդին եկող ուրբաթ կլինի Հայաստանում, ու սիրտն ուրախությունից կանգ է առնում՝ այդպես էլ Կորոն չի տեսնում որդուն:

Պիեսի հեղինակ Արտաշես Արամը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սիրո եւ ակնածանքի մեծագույն չափաբաժինը պետք է հասցեագրվի աշխատանքի, արարող-ստեղծող մարդուն: Ժամանակն ավերիչ է ու կործանարար, եւ այդ ավերիչ ուժին դիմակայելու համար հոգու կորով եւ հաստատակամություն է պետք: Յուրաքանչյուր անհատ երեւույթ է, անկրկնելի ու իր ներաշխարհով՝ առեղծվածային: Եվ տիեզերածավալ առաջնայնությունը մարդու հանդեպ ոչ միայն տուրք է նրա իմացաբանական եւ կենսաբանական կարողություններին, այլեւ անակնկալ, դժվարին իրավիճակներում նրա ցուցաբերած արիությունը: Մաքառող մարդը հաղթանակած մարդն է: Մաքառելն ինքնին հաղթանակ է: Յուրաքանչյուր անշուք թվացող կենսագրություն լի է աննախադեպ բացահայտումներով, եւ կարծում ենք, որ այդ բացահայտումները հանդիսականին հասցնելու համար թատերական արվեստն ու բեմը լավագույն հարթակը կարող են հանդիսանալ»: Հեղինակը նշեց, որ պատահական չի ընտրել հայ հոր կերպարը. «Հայ հոր կերպարը նույնացրել եմ հայ հողի, մեր երկրի հետ: Մենք այսօր մի համազգային խնդիր ունենք՝ մեր երկիրը դատարկվում է: Հայ մարդն այսօր ամենասուղ միջոցները չի կարողանում հայթայթել հայրենիքում: Հայ հոր կերպարի մեջ զարգացրել եմ մեր հողը, երկիրը, պետականությունը, իսկ պանդխտություն գնացած այդ տղան այսօրվա մեր հասարակության մի ստվար հատվածն է»:

Ս. Բաղինյանը կարծում է, որ հավուր պատշաճի չի մատուցել ասելիքը: Նա նկատեց, որ պիեսի թեման իր համար շատ հոգեհարազատ է, քանի որ հետաքրքիր զուգադիպությամբ երկար տարիներ ապրել ու աշխատել է Լեհաստանում:

«Արտաշեսը իմ ուսանողական տարիների ընկերն է եւ նույնիսկ տեղյակ չի եղել, որ ես որոշ ժամանակ բնակվել եմ այդ երկրում»: Դերասանը հավելեց, որ ներկայացումը չի համարում լիարժեք ավարտված, քանի որ կարճ ժամանակ է վրան աշխատել. «Սա համարում եմ գլխավոր փորձ, մենք դեռ կշտկենք թերությունները»: Ի դեպ, դահլիճում ներկաները պիեսի ավարտից 30 րոպե առաջ արդեն փնթփնթում էին, որ մոնոներկայացումը ձգձգված է: Չնայած չէր թույլատրվում, սակայն մի քանի հոգի չդիմացան ու դուրս եկան դահլիճից: Մեկն էլ անգամ քթի տակ մրթմրթաց՝ «Կարո՞ղ ա պատանդ ենք, բա էսքան երկար բեմադրությո՞ւն ա լինում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել