Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ ԿՍԿՍԻ

Ապրիլ 09,2011 00:00

\"\"Երեկ այդ մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը

Հակառակ հոռետեսների կանխատեսումներին եւ անձրեւային եղանակին՝ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած երեկվա հանրահավաքը նույնքան բազմամարդ էր, որքան մարտի 17-ինը: Ու, թերեւս, հենց դա էր այն հիմնական գրավականը, որ Կոնգրեսին ու նրա առաջնորդած հանրահավաքի մասնակիցներին երեկ էլ հաջողվեց առանց լուրջ խոչընդոտների մտնել ու հանրահավաքի գլխավոր հատվածը՝ Կոնգրեսի առաջնորդ ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լսել հենց Ազատության հրապարակում:
Իսկ մինչ այդ՝ Մատենադարանում, հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, թե երեք տարի առաջ, ապրիլի 9-ին «սկսվեց մեր դժբախտությունների հերթական փուլը»՝ հիշեցնելով, որ 2008-ի ապրիլի 9-ին՝ փետրվարի 19-ից 40 օր հետո, ոստիկանության ուժերի պաշտպանության ներքո «ինչ-որ մեկը (Սերժ Սարգսյանը) ինչ-որ երդում տվեց», ու Ազատության հրապարակով նրա քայլարշավի ժամանակ նրա ոտքերի տակ «ինչ-որ դատարկ, փուչ ցելոֆոններ օդ թռան: Ժողովուրդ չկար». «Չգիտեմ՝ կա՞ն էլի օրինակներ, որ երբ մարդը երկրի թիվ մեկ պաշտոնն է զբաղեցնում միայն զենքի պաշտպանությամբ, ու որեւէ քաղաքացի դրան չի մասնակցում: Առավել եւս՝ այդ օրը 150 մարդ արդեն բանտերում էր, առնվազն 10 զոհ ունեինք: Այդ օրն արդեն երկիրը գահավիժում էր: Երեք տարի մենք պայքարում ենք, եւ երեք տարի իշխանությունը համառորեն դիմադրում է, բայց մոտեցել է պահը»: Հանրահավաքը վարողն ասաց, թե այս ընթացքում կոնգրեսականներն այցելել են 80 գյուղ, եւ բոլոր այդ բնակավայրերում էլ ժողովուրդը կանգնած է, ժողովրդի մեծամասնությունը կանգնած է իշխանափոխության պահանջի կողքին: Իշխանափոխությունն անխուսափելի է: «Մենք չենք մեղավոր, իրենք են մեղավոր, որ ժողովրդին հասցրին էս վիճակին»,- ասաց Ա. Մանուկյանն ու թվարկեց երկրի տնտեսական վիճակը, մարդու իրավունքների հարցը, բայց ամենակարեւորը համարեց սոցիալական լարվածությունն ու գնաճը, որոնք, նրա ասելով, բավարար պայման են, «որ երկրում 5 անգամ իշխանափոխություն կատարվի»:
Ելույթները հայտարարելու ընթացքում նա նաեւ տեղեկացրեց, որ հանրահավաքը հայկական կայքերի միջոցով նախորդի նման ուղիղ հեռարձակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ որ մասնավորապես ԱՄՆ-ում մեր շատ հայրենակիցներ իրենց զորակցությունն են հայտնել ՀԱԿ-ի պահանջներին ու հորդորել հայաստանաբնակ իրենց հարազատներին մասնակցել հանրահավաքին: Ա. Մանուկյանը հավաստիացրեց, որ առժամանակ հետո համահայաստանյան բողոքի ալիքը կարող է իրապես դառնալ համահայկական՝ ներառելով նաեւ Սփյուռքը:
Խոսեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա հայտարարեց, թե «ամենահիմնական քայլը, որը մեզ կհասցնի ցանկալի փոփոխության եւ ժողովրդի վերջնական հաղթանակի՝ ժողովրդի ամբողջական, գիտակցված ու հավատով» մասնակցությունն է հանրահավաքներին: Նա բնական համարեց հնչող հարցադրումները՝ դեռ ինչքա՞ն պետք է հավաքվենք ու նորից տուն գնանք, ու պատասխանեց. «Մենք մի օրվա փոքրիկ խնդիր չենք դրել մեր առաջ, որ դրան մեկ օրում չհասնելու դեպքում զայրանանք, հիասթափվենք ու տուն գնանք: Մենք պայքարում ենք մեր զավակների, մեր երկրի, ապագա սերունդների համար, եւ ինչքան այդ հավաքվելը կազմակերպված ու բազմամարդ լինի, մեր նպատակին հասնելու պահը մոտ կլինի, բայց եթե անհրաժեշտ լինի, պետք է հավաքվել 100 ու 1000 անգամ էլ»: Անդրադառնալով մարտի 17-ին Ազատության հրապարակ մտնելու փաստին՝ նա հայտարարեց. «Ազատության հրապարակը մենք չենք նվաճել: Երկրի տերն իր երկիրը չի նվաճում: Մենք նորից ենք մտնելու Ազատության հրապարակ, եւ սա այն ճանապարհն է, որը տանում է Բաղրամյան պողոտա: Երբն ու ինչպեսը չեմ ասում, բայց այն անցնելու է մեր բոլորի տներով, անցնելու է խաղաղ ու անցնցում»:
Ելույթ ունեցավ նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. «Երեք տարի է, ինչ համաժողովրդական շարժումը, հայ ժողովուրդը ազգային- ազատագրական ու կամավոր պայքար է մղում Հայաստանում իշխանությունը ռազմական հեղաշրջման զավթած վարչախմբի դեմ»: Նա ասաց, թե Համաժողովրդական շարժման պայքարը պակաս կարեւոր չէ, քան ժամանակին Արցախում Հայաստանի անկախացման համար ազգային-ազատագրական պայքարն էր, ու շեշտեց, որ այս մի պայքարի արդյունքում էլ եղան հալածյալներ, բանտարկվածներ ու աշխատանքից եւ ապրուստից զրկվածներ:
Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ հավելեց, որ ժողովուրդը «իրավազոր է վերադարձնել իրենից խլվածը ցանկացած միջոցներով: Այս պայքարում որքան անթույլատրելի է հապաղումն ու ուշանալը, նույնքան անթույլատրելի է գործընթացների տրամաբանությունից առաջ ընկնելը», ու միաժամանակ շեշտեց, թե շարժման հետդարձը Հայաստանի կործանում կնշանակի: «Համաժողովրդական շարժման դիմակայության եւս մի փուլ, եւ ես վստահ եմ, որ մենք արձանագրելու ենք հաղթանակ»,- հայտարարեց Ջհանգիրյանը՝ նկատելով, որ եթե ռեժիմն ականջալուր չլինի ժողովրդի ձայնին, անտեսի նրա ընդդիմության օրինական պահանջները ու չհեռանա՝ «մեղքն իր վիզը», մենք ոչ արաբից ենք վատը, ոչ էլ Մուբարաքից ու Քադաֆֆիից մեր բռնապետն է զորեղ»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ հայտարարեց, թե «Հայաստանի քաղաքական գարունը մտնում է նոր փուլ»: «Մենք հստակ պահանջներ ներկայացրինք իշխանություններին, որոնց կատարումը ճանապարհ կբացեր ՀՀ-ում ժողովրդավարության վերականգնման, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումների շուրջ երկխոսության համար, որը թույլ կտար սահուն եւ անցնցում կերպով կատարել ժողովրդի պահանջած փոփոխությունները, ինչից կշահեր ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ մեր պետականությունը, ե՛ւ քաղաքական առճակատման մեջ ներգրավված երկու կողմերը»,- հայտարարեց Զուրաբյանը՝ ավելացնելով, թե այս հնարավորությունը ՀԱԿ-ը դեռ սպառված չի համարում: Այնուամենայնիվ, նա փաստեց, որ առայժմ ռեժիմը որեւէ պահանջ չի կատարել: ՀԱԿ համակարգողն ասաց, թե ռեժիմը երեւի չի հասկանում ժողովրդի մեջ կուտակված դժգոհության չափը, ու հավելեց. «Մեր շարժմանը, ժողովրդին այլ ելք չի մնում, քան վճռական գործողություններով սթափեցնել այս իշխանություններին: Ուստի կոչ ենք անում ժողովրդին՝ այսօրվանից սկսել համազգային նախապատրաստությունը ամբողջ Հայաստանում քաղաքացիական անհնազանդության արշավ ծավալելու համար: Եվ ոչ ոք թող չկասկածի, որ ժողովրդի համբերությունը սպառվում է, որ մենք վճռական ենք այս արշավը սկսելու»: Իր ելույթը եզրափակելով՝ Զուրաբյանն ասաց՝ թեեւ քաղաքապետարանը հերթական անգամ արգելել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, ու հարցրեց. «Կա՞ այստեղ մեկը, որ կարծում է, թե մենք կարող ենք հաշտվել 100 հազար քաղաքացու կամքի ոտնահարման հետ»: «Ոչ» պատասխանը լսելուց հետո նա շարունակեց՝ ասելով, որ իշխանության այդ անմիտ համառությանը հասարակությունը պիտի պատասխանի իր սահմանադրական իրավունքները վերականգնելու իր համառությամբ, ու հայտարարեց, որ հանրահավաքը երթով գնալու, բանակցելու է ոստիկանության հետ ու մտնելու է Ազատության հրապարակ՝ շարունակելու իր հանրահավաքը:
Մատենադարանից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որի բոլոր մուտքերը նախկինի նման իր վերահսկողության տակ էին առել ոստիկանության ուժերը: Վերջիններիս հետ Լ. Զուրաբյանի վարած բանակցություններից հետո մուտքերից մեկը բացվեց բազմահազարանոց երթի մասնակիցների առաջ: Արդեն Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 28-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել