Լրահոս
Օրվա լրահոսը

Մելինե Դալուզյանը չմեկնեց Կազան

Ապրիլ 09,2011 00:00

Այսօր լուսադեմին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականները մեկնեցին Կազան՝ մասնակցելու մարզաձեւի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, իսկ երեկ «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչների հետ:
Արտաշես Ներսիսյան, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ. «Պլանավորել էինք երեք աղջիկների մասնակցություն՝ Էլեն Գրիգորյան (63 կգ), Մելինե Դալուզյան (69), Հռիփսիմե Խուրշուդյան (+75), եւ այս ընթացքում նախապատրաստվում էինք: Սակայն Մելինեն օրերս ստամոքսի շրջանում ցավեր ունեցավ: Բժիշկներն ասում են, որ վտանգավոր ոչինչ չկա: Այդուհանդերձ, նպատակահարմար գտանք, որ նա չմեկնի Կազան: Ավելի լավ է հիմա վերացնի թեթեւ խնդիրը, որպեսզի աշխարհի առաջնության ժամանակ լավ հանդես գա: Հետաքրքրասեր մարզասերներին միանգամից հանգստացնեմ, որ Մելինեի այժմվա վատառողջությունը որեւէ կապ չունի օլիմպիական խաղերից առաջ եղածի հետ»:
Պողոս Պողոսյան, տղաների հավաքականի գլխավոր մարզիչ. «Կազանում մրցահարթակ մտնելու է ութ հոգի. 56 կիլոգրամ քաշային կարգում՝ Սմբատ Մարգարյան, 69-ում՝ Վանիկ Ավետիսյան եւ Սամվել Գրիգորյան, 77-ում՝ Արայիկ Միրզոյան եւ Աղասի Աղասյան, 85-ում՝ Էդգար Գեւորգյան, 94-ում՝ Գեւորգ Պողոսյան եւ 105-ում՝ Արթուր Բաբայան: Թիմը մեծամասամբ համալրված է երիտասարդներով: Գիտեք, որ մեր առաջատարները վնասվածքներից հետո նոր են վերսկսել մարզումները եւ նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը: Եվրոպական այս ստուգատեսը մեր հեռանկարային տղաների համար ինքնադրսեւորման, մրցափորձի կուտակման հիանալի առիթ է, իսկ մարզիչներիս համար՝ ապագայում նրանց հետ ճիշտ աշխատելու հնարավորություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել