Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊՐԻԼԻ 28-Ը ՀԱՏՈՒԿ ՕՐ ՉԻ ԴԱՌՆԱ»

Ապրիլ 12,2011 00:00

\"\"Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ փորձ է արվում «վերաբեռնավորել Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան իշխանության բաժանման մոդելը Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան զույգի կատարմամբ»:

– Ամսի 8-ի հանրահավաքից առաջ ՀԱԿ տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, որ այդ օրը ժողովուրդը չի հիասթափվի. Դուք հիասթափվեցի՞ք այդ հանրահավաքից, թե՞ ավելի ոգեւորվեցիք:
– Զուտ անձնական առումով չունեի որեւէ ակնկալիք, չեղավ որեւէ չկանխատեսված քայլ, որը հիասթափեցներ կամ ոգեւորեր: Իսկ ի՞նչը ինձ ու մտածելու ունակ այլոց կարող էր ոգեւորել: Մասնավորապես, եթե առաջին նախագահի խոսքում տեսնեի այն բանի գիտակցումը, որ այսօրվա վիճակը հետեւանք է պետական կառավարման ավտորիտար համակարգի, որի հիմքերը դրեց անձամբ ինքը՝ իր շրջապատով, 1995թ.-ին կեղծիքներով ընդունված այդ համակարգի հիմք հանդիսացող Սահմանադրությամբ, որն էլ հետո՝ 2005թ.-ին, պահպանելով բուն էությունը, «քաղաքակիրթ» տեսք ստացավ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք ու ձեռամբ: Եվ որ մարդիկ, պաշտոնյաները վատը չեն ի սկզբանե, այլ որ այս համակարգն է մարդուն դարձնում այդպիսին:
Պատկերացնո՞ւմ եք արդյոք, թե Սերժ Սարգսյանը ինչպիսի դրական բնութագիր է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի մոտ, որ դեռեւս 90-ականների կեսերին հենց նրան վստահեց ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարարությունները միաժամանակ: Իսկ գուցե այն ժամանա՞կ էլ իշխանությունների էությունը «մոնղոլ-թաթարական» էր, ուղղակի այդ մասին չի բարձրաձայնվել: Ղրղըզներն ու արաբական աշխարհը հասկացել են դա, եւ համակարգային փոփոխությունները սկսել են հենց սահմանադրությունից, իսկ մեզ մոտ ընդդիմության լիդերը պնդում է, որ չի կարելի փոփոխել Սահմանադրությունը, եւ ամեն հանրահավաքում (այլոք էլ ծոմապահությամբ) հյուսում են «բարոյական, ազնիվ թագավորներ (պապի)» հեքիաթը:
– «Ապրիլի 28-ը պետք է դառնա կամ երկխոսության սկզբնավորման, կամ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպե՞ս եք ընկալել դա, եւ ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
– Ապրիլի 28-ը մեծ առումով ոչ մի հատուկ օր չի դառնա: Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է, օգտագործելով ժողովրդի արդարացի դժգոհությունը, պարտադրել Սերժ Սարգսյանին գալու երկխոսության: Դատելով վերջին շրջանում Կոնգրեսի հայտարարություններից՝ եկել եմ եզրակացության, որ փորձ է արվում, այսպես ասած, վերաբեռնավորել Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան իշխանության բաժանման մոդելը Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան զույգի կատարմամբ, որտեղ «բոբոյի» դերը նորից տրված է երկրորդ նախագահին, իսկ իշխանությունը կորցնելու վտանգը գալիս է հեղափոխականորեն տրամադրված ժողովրդից, որին առայժմ «զսպում» է Կոնգրեսը: 200000 միտինգավորներն այն դամոկլյան սուրն է, որը իբր պետք է ստիպի Սերժ Սարգսյանին երկխոսության միջոցով գալ պայմանավորվածությունների իշխանության բաժանմամբ տանդեմով գործելու, այդպիսով նաեւ ժողովրդական հուզումները կանխատեսելի հուն տեղափոխելու համար: Ինչ վերաբերում է երեք պահանջներին, ապա դրանք միայն կզարդարեն նշված պայմանավորվածությունները:
– Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտը: Փաստացի սկսված նախընտրական փուլում ի՞նչ դասավորումներ եւ վերադասավորումներ եք հավանական համարում:
– Անցած 20 տարիների փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական ընտրությունները ինչ սցենարով էլ ընթանան, լուրջ, բեկումնային ազդեցություն չեն ունենում եւ կառավարման այս համակարգի պայմաններում չեն էլ կարող ունենալ: Խորհրդարանը լուրջ գործոն չէ գործող համակարգում: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեծ թվով անհատներ ու կուսակցություն կոչվող ուժեր կենաց-մահու կռիվ են մղելու վերին իշխանության բարեհաճությանը (դաբրոյին) արժանանալու համար: Կլինեն ականներ, փիստոններ, բայց կարծես թե նորից չի ձեւավորվի այն ընդդիմությունը, որի ծրագիրը կլինի ժամանակավոր, անցումային իշխանության ձեւավորումը (1-2 տարի ժամկետով), որը կլուծի 3 հիմնական հարց. սահմանադրական կարգի ժողովրդավարացում (նոր սահմանադրություն), ընտրակեղծիքների համակարգի ու 15-ամյա կեղծարարության ավանդույթի վերացում (սահմանադրական հանրաքվե, արտահերթ տեղական, ԱԺ, նախագահի ընտրություններ), քաղաքակիրթ իշխանափոխություն:
– ՀՀ երկրորդ նախագահի՝ վերադառնալու հավակնությունների իրականացման հնարավորություններ տեսնո՞ւմ եք:
– Այն, որ երկրորդ նախագահը կփորձի վերադարձի հնարավորություններ ստեղծել, դա ակնհայտ է: Նաեւ այն, որ դա անհնար է, նույնպես հասկանալի է: Այսօր համակարգը Սերժ Սարգսյանին տվել է անվերահսկելի իշխանություն ու դժգոհ, ակտիվ ժողովուրդ: Ուստի նրան անհրաժեշտ է ունենալ բուֆեր, միջնորդ ժողովրդի ու իր միջեւ: Այդ գործում երկրորդ նախագահը պետքական չէ, նույնիսկ կլինի վնասաբեր: Ահա այդ դերի համար է այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից խաղարկվող շախմատային պարտիան, որի արդյունքը պետք է լինի ոչ թե իշխանափոխությունն ու «մոնղոլ-թաթարական ավազակապետության» կազմաքանդումը, այլ ընդամենը իշխանաբաժանումը: Իսկ երրորդ նախագահը քանի դեռ բիզնես հետաքրքրություններ ունի Հայաստանում, միշտ էլ կփորձի միջնորդավորված կամ ուղիղ ազդեցություն ունենալ իշխանությունում: Ինչպես գործնականում է արվում, ավելի շուտ՝ միջնորդավորված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել