Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ պայմանավորվածությո՞ւն կա

Ապրիլ 12,2011 00:00

ՀՀԿ խոսնակը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահի այս պնդումն անվանում է «իրականության հետ որեւէ կապ չունեցող»:

Երեկ «Դե ֆակտո» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է. «Քաղաքական առումով, կարծում եմ, որ որոշակի պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին։ Որպես քաղաքագետ՝ պետք է ասեմ, որ այս պահին երկու կողմի համար էլ շահեկան է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն»: ՀԱԿ-ի համար շահեկանությունը մասնավորապես այսպես է հիմնավորել. «Պետք է նաեւ խոստովանել, որ, այո՛, ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտի դոմինանտ ուժն է, գոնե մինչեւ այսօր, եւ ՀԱԿ-ի համար շատ շահեկան է, որ կարողանա այս պահին արտահերթ ընտրությունների մասնակցել: Եվ այդ դեպքում մոտավորապես այն քանակը, որը նախատեսվում է ՀԱԿ-ի համար, որը, իմ կարծիքով, նաեւ իշխանությունների հետ բանակցությունների արդյունք է՝ կարող է ինքը ունենալ ԱԺ-ում։ Ես համոզված եմ, որ եթե ՀԱԿ-ն այս պահին չմասնակցի ընտրություններին, այսինքն՝ չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա այս բովանդակությամբ, որը ՀԱԿ-ը որդեգրել է քաղաքական դաշտում, հերթական ընտրությունների ժամանակ, մի քիչ կոպիտ է հնչում, բայց ՀԱԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը, որովհետեւ նույնիսկ այս ժամանակահատվածում՝ մարտի 17-ի հանրահավաքից հետո, ապրիլի 8-ի հանրահավաքին մասնակից մարդկանց թիվը պակասեց, եւ այդ միտումը շարունակվելու է առաջիկայում»:
Անդրադառնալով ապրիլի 8-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Ռուբեն Հակոբյանը նշել է, թե իր համար «կարծես թե ցինիզմի բացառիկ դրսեւորում էր, որ հայտարարվեց, թե ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են խոչընդոտել այս երկխոսությունը։ Ես չգիտեմ, թե ինչ նկատի ուներ, բայց նաեւ նկատի ունենալով, որ «Ժառանգությունն» էր այս վերջին ընթացքում շատ ակտիվ, եւ ՀԱԿ-ի կողմից հիմնականում հարձակումները եղել են «Ժառանգության» հասցեին՝ ուզում եմ ուղղակի պատասխանել։ Երբ որ ապրիլի 8-ի հանրահավաքին հայտարարվում է, որ պետք է պետության մեջ ցնցումներ չլինեն, որ ներքաղաքական լարվածությունից կարող է օգտվել Ադրբեջանը եւ հարձակում գործել Ղարաբաղի վրա, որ իշխանությունների հետ պետք չէ վերջնագրերի տեսքով խոսել՝ հարց է առաջանում. երբ 2008թ. փետրվարի այդ ամբողջ տասնօրյակի ժամանակ ամբողջությամբ կազմալուծվել էր հանրապետության կենսագործունեությունը, երբ հստակ էր, որ ցանկացած շարունակության դեպքում բախումներ կլինեն, եւ Ադրբեջանը կարող է օգտվել այդ իրավիճակից, երբ տասնյակ հազարավոր մարդկանց նախապատրաստում եւ հեղափոխական էներգիա էր ներդրվում իշխանությունը վերցնելու համար՝ այդ պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր մտածում, չունե՞ր այդ մտահոգությունը։ Կամ՝ այս դեպքում ո՞ւմ խղճին է այդ 10 զոհի արյունը։ Ես կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից. այն պատճառով, որ այն, ինչ արեց Արթուր Բաղդասարյանը՝ շատ հրապարակային, առանց թաքցնելու, առանց իր ընտրազանգվածից թաքուն պահելու այն, ինչ անում էր, ու գնաց իշխանությունների հետ երկխոսության՝ Արթուր Բաղդասարյանը դարձավ դավաճան, «ախք» անվանվեց, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա արեց 3 տարի հետո՝ 10 զոհից հետո, եւ այս ընթացքում, իր իսկ խոսքերով, Հայաստանի վարկը միջազգային կառույցներում բավական հստակ թուլացնելով եւ ըստ էության՝ մշտական լարվածության մեջ պահելով ՀՀ ներքաղաքական կյանքը»:
«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ՀԱԿ-ն ինչպես է գնահատում այս հայտարարությունները՝ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Մեր քննադատության թիրախը իշխանությունն է, մեր բանավեճը, մեր պայքարը, եթե կուզեք՝ առճակատումը, իշխանությունների հետ է: Իշխանական կոալիցիայից դուրս որեւէ քաղաքական ուժի հետ մենք բանավեճի մեջ չենք ներքաշվելու: Եվ իրենց ընդդիմադիր հորջորջող բոլոր ուժերին նույն խորհուրդը կտայինք»:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը Epress.am-ին այս կապակցությամբ ասել է, որ իրականությունից հեռու եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող հայտարարությունները չի մեկնաբանում. «Վերջերս «Ժառանգության» մեր գործընկերները նման սենսացիոն հայտարարություններ շատ են անում: Ինչքան մոտենան 2012-ի ընտրությունները, այնքան ավելի շատ կլինեն նման հայտարարություններ: Մենք միշտ ասել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության բոլոր ուժերի հետ, եւ դա է դեպի ժողովրդավարություն տանող միակ ճանապարհը: Հիմա ակնհայտ է դառնում, որ պայքարը հիմնականում գնում է ընդդիմադիր դաշտում, ինչպես նաեւ՝ Հակոբյանի հայտարարությունը պայմանավորված է ընդդիմադիր ընտրազանգվածին տիրանալու ցանկությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930