Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ ՋՐՈՒՄ» ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Ապրիլ 12,2011 00:00

Դեռ պարզ չէ՝ աշխատավարձե՞րն են կրճատվելու, աշխատակիցնե՞րը, թե՝ այլ ծախսեր

Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտնեց այն մասին, որ իր մատակարարած ջրի դիմաց 6 դրամով պակաս գումար է նախատեսում վերցնել ջրօգտագործողներից՝ ջրի սակագինը դարձնելով 1 խմ-ի համար 175 դրամ: Նոր սակագինը, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել հունիս ամսից: Ինչքան էլ սպառողների համար այս լուրն ուրախալի է, պարզվում է, սակայն, որ «Երեւան ջուր» ընկերությունը դա անելու համար ստիպված է ծախսերը նվազեցնել եւ ինչ-որ թվով աշխատատեղեր կրճատել: Դա էլ նախատեսված է անել ամռան ամիսներին, երբ արդեն կգործի նոր սակագինը եւ պարզ կլինի, թե որքան ծախսերի կրճատում պետք է անել: Չնայած դեռ ապրիլն է, սակայն «Երեւան ջուր» ընկերության «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» աշխատակիցները տարբեր տեղերից բանավոր խոսակցություններ են լսում, որ իրենց ամբողջ տնօրինությունը մայիսից կրճատվելու է, քանի որ ընկերության գործադիր տնօրեն Պասկալ Ռուեյնը այլեւս ցանկություն չունի նման տնօրինություն ունենալու: Այս մասին, ըստ վերահսկողական տնօրինության, Պ. Ռուեյնն անգամ մի քանի անգամ է ասել իր ենթակաների ներկայությամբ, սակայն դեռեւս ոչ մի կոնկրետ գործողություն այդ ուղղությամբ չի արել:
Նշենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը մայրաքաղաքում ջրամատակարարման գործունեություն ծավալում է արդեն 5 տարի, բայց այդ տարիների ընթացքում մի քանի անգամ հասցրել է բացել եւ փակել վերահսկողական ծառայություններ, որոնք, ի դեպ, ինքնաֆինանսավորվող են եղել. վերահսկողական ծառայությունները գումարներ են մուտք արել ընկերության բյուջե՝ իրենց կազմած ակտերի եւ տուգանքների հիման վրա եւ ստացել իրենց հասանելիք տոկոսները: Վերջին վերահսկողական տնօրինությունը, որի ղեկավարն է Միքայել Դավթյանը, իր 40 աշխատակիցների հետ իրենց գործունեության միայն 11 ամիսների ընթացքում «Երեւան ջուր» ընկերության բյուջե է գանձել 160 միլիոն դրամ՝ հայտնաբերելով բազմաթիվ խախտումներ եւ օրինական դաշտ բերելով մի շարք «լեւի» գծեր:
Թե ինչո՞ւ է «Երեւան ջուր» ընկերությունը ցանկանում առաջին հերթին ազատվել իրեն այդքան օգուտ բերած տնօրինությունից, փորձեցինք պարզել ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանից, որի համար մեր հարցումը չափազանց զարմանալի թվաց: Նրա խոսքերով, ինքն այդ մասին առաջին անգամ մեզնից էր լսում. «Նախ ասեմ, որ սակագինը նվազելու է ոչ թե 6 դրամով, այլ՝ 20, քանի որ սակագինը մեզ համար 195 դրամ էր, բնակչության համար՝ 14 դրամով ավելի էժան, տարբերությունը փոխհատուցում էր պետությունը՝ Երեւանի ավագանու որոշման համաձայն: Բնականաբար, այդ 20 դրամը բավականին մեծ կշիռ ունի, ուստի մեր ընկերությունը պետք է գնա ծախսերի կրճատման, թե ինչպիսին եւ ինչքան կլինեն ծախսերը՝ ես չեմ կարող ասել»: Մեր այն դիտարկմանը, որ վերահսկողական ծառայությունն ինքնաֆինանսավորվող ընկերություն է, ուստի ծախս չէ ընկերության համար, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ներողություն, իսկ մենք բյուջետայի՞ն ենք: Մեր ամբողջ ընկերությունն է ինքնաֆինանսավորվող, առեւտրային կազմակերպություն ենք, բոլորիս աշխատավարձը գոյանում է մեր ընկերության հաշվեհամարին մուտք եղած գումարով, այդ գումարի մեծ մասը մուտք է լինում ջրի դիմաց վճարներից, ունենք նաեւ ապօրինությունների հայտնաբերման մասով եկող գումարներ, սակայն ընդհանուր առմամբ մեր բյուջեն լցվում է վաճառված ջրից, մնացածը շատ փոքրիկ մասն է կազմում: Ինչ վերաբերում է կոնկրետ վերահսկողական տնօրինությանը, դուք այնպիսի բաներ գիտեք, որ ես չգիտեմ: Ո՞վ է նրանց զգուշացրել: Ինչ-որ պաշտոնական թուղթ ունե՞ն իրենց ձեռքին: Չէ՞ որ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատանքից ազատման կամ կրճատման մասին աշխատակցին պետք է զգուշացվի 2 ամիս առաջ: Մենք որակի եւ սպասարկման առումով պրոգրես ենք ապրելու, բայց եթե պետք է ծախսերի նվազում լինի, դա պետք է օպտիմալացվի, որը հիմա չենք կարող ասել, թե ինչ ձեւով կանդրադառնա ընկերության վրա, աշխատավարձերը կամ աշխատակիցնե՞րը կկրճատվեն, թե՝ վառելիքը, չեմ կարող ասել: Այսպիսի ծախսեր կան, որոնք չենք կարող նվազեցնել, օրինակ՝ հարկերը, շինարարությունը, որը պարտավորվել ենք անել: Թե ինչ կորոշվի եւ ինչ կարվի, պաշտոնապես կներկայացնենք առաջիկայում»:
Խոսելով ջրի սպասարկումից, պարոն Մարգարյանը նշեց, որ հիմա իրենք աղբյուրից մոտ 6%-ով պակաս ջուր են վերցնում, սակայն 3 ժամով ավելի ջուր են կարողանում ապահովել Երեւանի բնակիչներին. «Ասում ենք, որ 85% ջրային կորուստները նվազեցրել ենք 2%-ով, սակայն դա արել ենք աղբյուրից ավելի քիչ ջուր վերցնելով, ավելի երկար ժամանակ ջրամատակարարումն ապահովելով: 1 ժամով եթե հաշվարկենք, մոտ 20%-ով կրճատել ենք ջրային կորուստները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930