Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ»

Ապրիլ 13,2011 00:00

\"\"Կարծում է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը

– Ինչո՞ւ «Ազգային միաբանություն» կուսակցությունն ակտիվ քաղաքականություն չի վարում: Ազգին փրկելու ծրագիրն այլեւս կուսակցության օրակարգում չկա՞:

– Ցավում եմ, որ անտարբեր եք մեր կուսակցության գործունեության նկատմամբ. եթե գոնե կայքին հետեւեիք, ապա կհամոզվեիք, որ ԱՄ-ն ՀՀ-ում եզակի կուսակցություն է, որն ամենաակտիվ մտավոր գործունեություն է ծավալել: 2007 թվականից մինչ օրս հրապարակվել են երկու գրքեր՝ 1000-ից ավելի էջով, որտեղ զետեղված են միայն եւ միայն ձեր խոնարհ ծառայի հրապարակային ելույթները հեռուստատեսությամբ եւ մամուլով: Գրքերը բարձր գնահատականների արժանացան թե կամեցողների կողմից, թե քննադատների, որովհետեւ մասնագիտական լուրջ վերլուծություններ էին: Իսկ «ազգը փրկելուն» վերաբերող հարցադրումը պայմանավորված է նրանով, որ դուք իմ հրապարակային ելույթների նկատմամբ, ավաղ, ուշադիր չեք: ՀՀ տնտեսությանը վերաբերող այն վերլուծությունները, որոնք կատարվել են իմ կողմից, հավատացնում եմ՝ չափից դուրս լուրջ են, մտահոգիչ եւ միտված են տնտեսությունում տեղ գտած սխալներն ուղղելուն, շտկելուն, որովհետեւ, այո, դա կհանգեցնի ազգի հոգսերի մեղմմանը եւ ինչու չէ՝ նաեւ որոշակի իմաստով փրկությանը: Գոնե մարդիկ կհասկանան՝ որ ճանապարհով գնալիս իրենց ինչ ապագա է խոստանում ԱՄ-ն, երբ հանդես է գալիս տնտեսագիտական վերլուծություններով:

– Առաջիկա ընտրություններին «Ազգային միաբանությունը» մասնակցելո՞ւ է:

– Անտարակույս: Մեր կուսակցության անդամ Արա Սիմոնյանն այս կարճ ժամանակում, կարծում եմ՝ դուք էլ համոզվեցիք, թե ինչքան ակտիվ օրենսդրական գործունեություն է ծավալել: Դե, պատկերացրեք՝ Արա Սիմոնյանի գործընկերներն էլ եթե թվով մի 15 հոգի լինեին, մենք կհեղեղեինք ԱԺ օրակարգը պահանջված օրենքների նախագծերով:

– Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ապրիլի 28-ը լինելու է ջրբաժան՝ ժողովրդի եւ իշխանության միջեւ, եթե իշխանությունն ընդառաջ չգնա եւ չկատարի երեք հայտնի պահանջները: Կգնա՞ իշխանությունն ընդառաջ:

– Պարոն Տեր-Պետրոսյանն իրավունք չունի ողջ ժողովրդի անունից նման ձեւակերպումներ անել: Ուրիշ բան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ջատագով ուժերն այլեւս չեն ցանկանա իշխանությունների հետ համագործակցել: Դա այլ խնդիր է, ինչի հետ, ինչ խոսք, պետք է համաձայնել: Բայց պետք չէ ժողովրդի հոգսերը կապել միայն եւ միայն իր գործունեության հետ եւ ժողովրդի անունից նման հետեւություններ անել՝ մանավանդ որ չկան սոցիոլոգիական վերլուծություններ, որոնք իրավունք կվերապահեն Տեր-Պետրոսյանին խոսել ժողովրդի անունից:

– Դրանք ՀԱԿ-ի բազմահազարանոց հանրահավաքներն են:

– Ես ընդունում եմ իրենց իսկ կողմից ասված թվերը եւ Տեր-Պետրոսյանի սթափ վերլուծությունը, երբ նա ասաց, որ 1 միլիոն 800 հազար չափահասներ, ընտրողներ կան, եւ հրապարակվեց, որ 100 հազարն է մասնակցում հանրահավաքին: Հետեւելով իր տրամաբանությանը՝ կնշանակի 1 միլիոն 700 հազարի մասին պարոն Տեր-Պետրոսյանը դատողություններ անելու իրավունք չունի: 6-7 տոկոսի աջակցությունը կա, բայց դու խոսում ես մնացած 93-94 տոկոսի անունից, կարծում եմ, այնքան էլ կոռեկտ չէ քաղաքագիտական առումով: Կարող է նաեւ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվել, որ ՀԱԿ-ի առաջնորդը թվաբանության հետ լուրջ խնդիրներ ունի:

– «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իրենք փորձելու են ՀԱԿ-ին հակակշիռ նոր բեւեռ ձեւավորել: ԱՄ-ն կարո՞ղ է լինել այդտեղ:

– Երբ մենք ձեզ հետ միասին ականատեսն ենք, թե ինչ արյունալի զարգացումներ են ընթանում մեր սահմաններից ոչ այնքան հեռու, եւ տեսնում ենք, որ այդ տենդենցը զարգանալու ու շարունակվելու նախանշաններ է ցույց տալիս, այս պարագայում բառացիորեն անհեռանկար է եւ, ըստ իս, սխալ է ընդհանրապես նոր բեւեռներ, ճակատներ ստեղծելը: Ազգի համար ստեղծված ծանր վիճակում բոլոր այդ հնարավոր պոտենցիալ ճակատները պետք է մտածեն, եւ յուրաքանչյուրն առաջարկի գործնականորեն՝ ի՞նչ է պետք մեր իշխանություններին եւ ողջ քաղաքական դասին ձեռնարկել, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր երկրի համար հնարավոր վտանգավոր զարգացումներին: Հիմա կոնսոլիդացիայի խնդիրն է պահանջված, եւ եթե նման շարժում սկսվի, ԱՄ-ն անշուշտ կլինի առաջիններից:

– Ինչո՞ւ Դուք չեք նախաձեռնում այդ շարժումը:

– Նմանատիպ նախաձեռնության ականատեսը, հուսով եմ, կլինեք: ԱՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հյուսիսային հեռանկար» հ/կ-ն, որի խնդիրն է մեր ժողովրդին մանրակրկիտ վերլուծությունների հիման վրա ներկայացնել մեր տեսլականը՝ Հայաստանի հնարավոր զարգացումներով պայմանավորված: Զարգացումներ, որոնք, ըստ մեզ, դրական անդրադարձ կունենան եւ երկրի տնտեսության զարգացմանը, եւ կերաշխավորեն ՀՀ անվտանգությունը: Եթե կարողանանք այդ գաղափարը հասու եւ մատչելի դարձնել մեր ազգաբնակչության համար, այն կտրվածքով, որ յուրաքանչյուրը տեսնի իր մասնակցության չափը, տեղը եւ այլն, ապա դա կլինի մեր համեստ ներդրումը՝ այսօր խիստ պահանջված ազգի համախմբման ճանապարհին:

– Ներքաղաքական դաշտում, այդուհանդերձ, եղան իրադարձություններ, որոնց չարձագանքեցիք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահությունը, այդ համատեքստում սկսված եւ շարունակվող ՀԱԿ-«Ժառանգություն» «փոխհրաձգությունները». լուրջ չե՞ք վերաբերվում նման բաներին:

– Ես իմ պարտքը համարեցի այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, իմ աջակցությունն ու զորակցությունը հայտնել իր ընտրած պայքարի ձեւին: Այլ բան, որ ես կարող եմ բաժանել այդ ձեւը կամ ոչ: Բայց մարդկային առումով, եթե ես իրավամբ ժողովրդավարական արժեքների կողմնակիցն եմ, ես պետք է հարգանքով վերաբերվեմ ցանկացած քաղաքական ուժի դրսեւորումներին, հատկապես այնպիսի նրբանկատ դրսեւորումներին, ինչպիսինն է ծոմապահությունը: Ես շատ լուրջ եմ այդ հարցին մոտեցել, բայց ոմանք, չգիտես ինչու, փորձում են անլրջացնել դա: Նման փորձ կատարողները, հավատացեք, ավելի շատ կորցնում են, քան շահում: Նպատակները, որ դրել են իրենց առաջ եւ փորձում են նման դրսեւորումներով հասնել, տուժելու են: Եվ վերջապես, տղամարդկանց սազական չէ խանդել: Դա պարզապես խանդ է Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, եւ այդ խանդը թերեւս պայմանավորված է նրանով, որ ՀԱԿ-ի առանձին առաջնորդներ հասկանում եւ գիտակցում են, որ ուժի համաշխարհային կենտրոններն արդեն վերակողմնորոշվում են իրենց ֆավորիտի ընտրության գործում: Խանդում են, որ կարող է հանկարծ իրենք չլինեն այն քաղաքական ֆավորիտը, տվյալ պահին դա կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած բոլորը ճամարտակություններ եւ դատարկախոսություններ են: Իսկ Րաֆֆիին ես հաջողություններ եմ ցանկանում, որպես կոլեգայի՝ կուսակցության ղեկավարի, որովհետեւ ենթադրում եմ եւ ներքուստ կարծում եմ, որ ինքը քաղաքական պայքարի ամենաքաղաքակիրթ ձեւերի կողմնակից է, ինչը նա ապացուցել է վերջին երեք տարիների ընթացքում՝ գլխավորելով «Ժառանգություն» կուսակցությունը:

– Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում են մի բանում՝ համագործակցություն երկրորդ նախագահի հետ, ինչի մեջ ժամանակին Ձեզ էին մեղադրում:

– Գիտեք, Գրիբոյեդովն ուներ «Խելքից պատուհաս» հայտնի պիեսը, որտեղ ասում է՝ իսկ դատավորներն ովքե՞ր են: Ինչպե՞ս կարելի է ժողովրդի կոնսոլիդացիայի մասին խոսել, այն էլ մեծաքանակ մարդկանցով հանրահավաքում, երբ բոլորին փորձում են պիտակավորել, անվանարկել, արատավորել: Դա շատ վտանգավոր դրսեւորում է: Եվ պատկերացրեք, որ այդ ատելությունը հանկարծ զինված լինի նաեւ իշխանական լծակներով՝ ինչքա՞ն վատ զարգացումներ կարող են Հայաստանում տեղի ունենալ: Իմ եւ իմ գործընկերների համար արդեն սովորական է դարձել, երբ մեր քաղաքական մոտեցումներն իրենց գիտակցությանը ոչ հասու լինելու համար արժանանում ենք զանազան մեղադրանքների: Բայց ժամանակի ընթացքում, երբ իրենց համար հասու եւ հասկանալի է դառնում մեր որդեգրած քաղաքականությունը՝ մեզ չհիշատակելով, իրենք նույնկերպ են վարվում: Մասնավորաբար, նույն Կոնգրեսը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հիմա ասում են՝ իշխանությանը քիչ եք քննադատում, գրքերի 1000 էջից առնվազն 700-ը շատ խիստ ու սուր քննադատություն է իշխանության հասցեին:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել