Լրահոս
Օրվա լրահոսը

Կոյուղագիծն էին փոխում

Ապրիլ 13,2011 00:00

«Առավոտի» ապրիլի 4-ի համարում տպագրված «Մինչեւ թացը չորից ջոկի» հրապարակման առնչությամբ Աշտարակի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ տարիներ շարունակ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 28ա շենքի բնակիչները խնդրել են փոխել իրենց կոյուղագիծը, որը կառուցված լինելով տասնամյակներ առաջ եւ ոչ առանց թերությունների, մշտապես առաջացրել է խցանումներ. «Իրարից բավականին հեռու կառուցված եւ սպասարկման համար անհարմար դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողել են տարածքն ու խառնվել խմելու ջրին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ այն կարգավորելու անհրաժեշտությունը, «Հայջրմուղկոյուղու» եւ Աշտարակ տեղամասի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ինչպես նաեւ կա Քաղաքաշինական պետական տեսչության պետի նշված տարածքի ինժեներական ենթակառուցվածքները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելու վերաբերյալ հանձնարարական եւ արդեն շինարարական աշխատանքներ են իրականացվում իրավիճակը կարգավորելու համար: Կոյուղագծերի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են Տիգրան Մեծի 28ա շենքի եւ միջպետական Մ-3 մայրուղու միջեւ ընկած հատվածում, որը խաղահրապարակ լինել չէր կարող: Նշված տարածքը նաեւ ասֆալտապատված չէ: Տիգրան Մեծի 28ա շենքի խաղահրապարակը գտնվում է շենքի հակառակ կողմում: Բագրատ Մարգարյանն էլ լայնամասշտաբ շինարարություն իրականացնել չի կարող, քանի որ նշված տարածքում նրան վարձակալությամբ հատկացվել է 20 քմ: Տիգրան Մեծի 28ա շենքի բակի նշված մասում տարբեր չափերի (100քմ, 30քմ, 40 քմ) հողատարածքներ ունեն եւս 5 քաղաքացիներ, որոնց պայմանագրերը կնքվել են 2002-2004 թվականներին: Հայտնում ենք նաեւ, որ նախագահի վերահսկողական ծառայությունը նշված տարածքում ստուգումներ չի անցկացրել եւ քաղաքապետարանին հանձնարարական չի տվել»:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 28 ա շենքի բնակիչները դժգոհում էին, որ իրենց շենքի դիմացի կանաչ տարածքը քանդում են եւ խողովակներ անցկացնում: Բնակիչները տարակուսում էին, որ խողովակների անցկացման անվան տակ ջրմուղի իրավաբան, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կապի բաժնի աշխատակից, մայոր Բագրատ Մարգարյանը փորձում է շենքի հարեւանությամբ գտնվող խաղահրապարակի ու այգու տարածքում խանութ կառուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել