Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանն անտեսված է բնապահպանական բյուջեում

Ապրիլ 13,2011 00:00

Բնօգտագործման եւ բնապահպանական վճարների վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ ողջ հանրապետությունում, վստահ է «Բնապահպան իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Էրիկ Գրիգորյանը:

Բնօգտագործման եւ բնապահպանական վճարների հարթությունում իրենց իրավունքներից մարզային եւ համայնքային իշխանությունների տեղեկացվածությունը բարձրացնելու համար մարզերի «Օրհուս» կենտրոններում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են կազմակերպվում:

Նման մի հանդիպում էլ Կապանի բնապահպանական, տեղեկատվական «Օրհուս» կենտրոնում էր, ուր Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ բնօգտագործման եւ բնապահպանական վճարների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը պայմանավորված է մի շարք պատճառներով. ինտերնետից օգտվելու խնդիր կա, օրենքների չիմացություն, տեղեկատվություն ստանալու դժվարություններ:

ՀՀ բնապահպանության նախարարության գնումների գործընթացի կազմակերպման բաժնի պետ Արման Չոբանյանն էլ ներկայացրեց իրազեկվածության ցածր մակարդակով պայմանավորված խնդիրներ. օրինակ, որ բնապահպանական վճարների շրջանակներում համայնքները շատ հաճախ ներկայացնում են բնապահպանական հիմքեր չունեցող ծրագրեր:

Այս տարվա պետական բյուջեով բնապահպանական վճարներից Կապանի համար բաժին նախատեսված չէ, իսկ անցած տարվա բնապահպանական գումարներից, ըստ Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի՝ 13 միլիոն դրամով մաքրվել է Ողջի գետի Կապանի միջով հոսող հատվածը, երեք միլիոնով էլ քաղաքի հիվանդանոցի համար սրածայրերի հոր է կառուցվել: Եկող տարվա համար Կապանի քաղաքապետարանը առողջապահական եւ բնապահպանական ուղղվածության ծրագիր է մշակել, որը կյանքի կոչելու համար 30 միլիոն դրամ է պետք:

Բնօգտագործման եւ բնապահպանական վճարները ավելի շատ կլինեն, եթե չլինեն ապօրինի անտառահատումները: Այս թեման մտահոգում է «Խուստուփ» բնապահպանական հ/կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանին: Ապօրինի անտառահատումների համար մեղավորին գտնել ու պատժելուց բացի, պետությունը պատժում է նաեւ անտառապահին: Պարոն Մարտիրոսյանը համաձայն չէ այս մոտեցմանը: «Սյունիքի անտառները կտրտված են ջրբաժաններով, եւ նման աշխարհագրական ռելիեֆով պայմանավորված՝ անտառապահներն ի վիճակի չեն հսկել միաժամանակ մի քանի հարյուր հեկտար անտառ: Ջուրն ու ջրբաժանը թույլ չեն տալիս, որ անտառապահը լսի՝ մյուս կողմում ծառ են հատում, դա անհնարին է: Ստուգումների արդյունքում 7-8 ապօրինի ծառահատում արձանագրելիս պետք է ոչ թե անտառապահին պատասխանատվության ենթարկել, այլ պարգեւատրել: Օր է գալու, որ անտառապահ չենք գտնելու», -մտահոգվում է պարոն Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել