Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՎԵՐ»

Ապրիլ 14,2011 00:00

\"\"ՀԱԿ-ում այլախոհներից մեկի՝ Կարապետ Ռուբինյանի  դիտարկմամբ, Կոնգրեսը պատրաստվում է ԱԺ մտնել

Հայ ազգային կոնգրեսը մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքը, բնականաբար, չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու սպասել իր առաջնորդի՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած «կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օրվան»: Կոնգրեսը ապրիլի 8-ի հանրահավաքից առաջ էլ, այսօր էլ ակտիվ քարոզչություն է իրականացնում՝ հիմա էլ ամսի 28-ի հանրահավաքի ինտրիգն ապահովելու համար: Իսկ մինչ Կոնգրեսը կորոշի իր անելիքը ապրիլի 28-ին ու դրանից հետո, երբ պարզ կդառնա, որ իշխանությունները, բացի եւս 2-3 քաղբանտարկյալների ազատ արձակելուց, ՀԱԿ-ի մյուս պահանջների կատարման ուղղությամբ քայլեր չեն արել, ՀԱԿ-ում առանձին շրջանակներ քննարկում են ապրիլի 8-ին Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը: Կոնգրեսում կան ոչ միայն Տեր-Պետրոսյանի ելույթները անվերապահորեն ողջունողներ, այլեւ անհատներ, որոնք հակված են կառուցողական քննադատության ճանապարհով ընդդիմության պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ճանապարհով գնալ: Նրանցից մեկը, օրինակ՝ Facebook սոց. ցանցում «Առցանց ազատականների ալյանս»՝ «3Ա» խմբի նախաձեռնող Կարապետ Ռուբինյանն է, որն օրերս իր դիտարկումները ներկայացրեց ապրիլի 8-ի հանրահավաքի ու Տեր-Պետրոսյանի ելույթի առնչությամբ:
«Եթե վերլուծենք կայացած հանրահավաքը՝ մինչ այդ հնչած, այդ թվում եւ մեր, քննադատությունների եւ առաջարկների լույսի ներքո, ապա կարող ենք անել հետեւյալ եզրահանգումները. առաջին, ցավոք, ոչ միայն փորձ չարվեց մեղմել ընդդիմադիր դաշտի ներքին հակամարտությունը, այլեւ նորից «վերլուծական» հարվածներ տեղացին «երրորդուժականների» պիտակին արժանացած բոլոր այլախոհների ուղղությամբ: Հասկացությունների փոքրիկ փոխատեղում անելով՝ ընդդիմադիր դաշտը մենաշնորհացնելու ձգտման համար քննադատությունը, որպես մենաշնորհի կայացած փաստի արձանագրում ներկայացնելով, հզոր եւ տրամաբանական հակահարված տրվեց դրան: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի քաղաքականապես ակտիվ զանգվածի թվաքանակը փոխարինվեց չափահաս բնակչության ընդհանուր թվաքանակով եւ եզրակացվեց, որ 18 երրորդուժական միավորման համար հանրահավաքային ռեսուրս կա:
Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չկամորեն է անդրադառնում «երրորդուժականների» թեմային, ելույթի մոտավոր թվային վերլուծությունը ցույց է տալիս, որ Կոնգրեսի պահանջների կրկնակի պարզաբանմանը նա նվիրել էր իր ելույթի մոտ 38 տոկոսը, իսկ «երրորդուժականների» հետ «բանավիճելուն»՝ մոտ 43 տոկոսը, իսկ մնացած մոտ 19 տոկոսը կազմում են ներածությունն ու Կոնգրեսի քաղաքական օրակարգի հստակեցումը: Կարո՞ղ ենք ասվածից հետեւություն անել, որ ճառի ամենակարեւոր մասը «կողքից խանգարողների» թեման էր: Կարո՞ղ ենք արձանագրել, որ անհանդուրժողական մթնոլորտը խտանում է: Անհանդուրժողականության դրսեւորումներից մեկը չէ՞ր արդյոք Ժիրայր Սեֆիլյանի՝ հանուն ընդդիմադիր դաշտի միասնության «Լեւոն, նախագահ» միտինգային կոչից հրաժարվելու տրամաբանական առաջարկին «չեմբեռլենավարի» պատասխանելը»,- հռետորական հարցադրում, բայց, թերեւս, ավելի շատ՝ դիտարկում է արել Կ. Ռուբինյանը:
«Երկրորդ, այնուամենայնիվ, հնչած քննադատություններից որոշակի հետեւություններ արվել էին, այն առումով, որ այլեւս չհնչեցին Կոնգրեսին եւ Լ. Տեր-Պետրոսյանին անվերապահորեն հավատալու կոչեր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի ներածականում հնչեց. «…ես չեմ ուզում, որ դուք կույր հավատ ու անվերապահ վստահություն տածեք Կոնգրեսի նկատմամբ, այլ, որ այդ հավատն ու վստահությունը խարսխված լինեն բանականության ու համոզմունքի վրա, ինչից եւ, առաջին հերթին, կախված է ցանկացած մեծ գործի հաջողությունը»: Ուրախալի է նաեւ, որ Լ. Զուրաբյանի ելույթում հնչեց քաղաքացիական անհնազանդության համազգային գործողությունների նախապատրաստվելու կոչ, բայց, ցավոք, այդ միտքը որեւէ զարգացում չունեցավ եւ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչին եւ ինչպես պետք է նախապատրաստվի ժողովուրդը»,- նկատել է Ռուբինյանը:
Ներկայացնելով հանրահավաքից ստացած իր ընդհանուր տպավորությունը՝ «3Ա»-ի նախաձեռնողն արձանագրեց, թե Տեր-Պետրոսյանի՝ «ինչպես միշտ, շատ հաճելի եւ գեղեցիկ հայերենով հնչած ելույթի հիմնական իմաստն այն էր, որ ժողովրդին համոզեն, որ նախորդ հանրահավաքում «պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու» ու պետք է էլի սպասենք մինչեւ ապրիլի 28-ը: Հատկանշական է, որ երեք պայմանների վերաշարադրումը շատ մեղմ էր:
Նոր նրբերանգներ է ձեռք բերում քաղբանտարկյալների ազատագրման հարցը: Փաստորեն ոչ թե համաժողովրդական պայքարի հետեւանքով է ակնկալվում նրանց ազատումը, այլ Սերժին ուղղված՝ ողջախոհություն դրսեւորելու կոչերով: Ես լինեմ Սերժի տեղը, հրամանագիր կարձակեմ հետեւյալ ձեւակերպմամբ. «Հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հաջորդական հանրահավաքներում մի շարք բանտարկյալների ներում շնորհելու վերաբերյալ հրապարակային դիմումները՝ ներում շնորհել …(թվարկում)»: Մենք իրավամբ հպարտանում ենք ներման խնդրագիր գրելու առաջարկները մերժող մեր քաղբանտարկյալ եղբայրների կեցվածքով, բայց չտեսնելու ենք տալիս, երբ Կոնգրեսի առաջնորդը արդեն երկրորդ ներման դիմումն է հնչեցնում հանրահավաքում»,- եզրակացրել է Ռուբինյանը: Նա եւս երկու լուրջ խնդիրների մասին դիտարկումներ է արել: «Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգի մասին Տեր-Պետրոսյանն ասում է. «Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից»: Այս պնդումն անողը ո՞նց է ապրիլի 28-ին վերջնագիր ներկայացնելու Սերժին, ո՞նց է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելու: Սա պայքարից հրաժարվելու հայտարարության տակ դրված պարզ ստորագրություն չէ՞: Եվ եթե այդ պնդումը ճիշտ է՝ ավելի ազնիվ չի՞ լինի մարդկանց տներից չհանել հանրահավաքի:
Տեր-Պետրոսյանն ասում է. «Երեւույթի ընդհանուր գնահատականից բացի, կա նաեւ մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է Երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը։ Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները։ Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա»։
Հիմա հարցադրման ճշմարտացիությունը չվիճարկող ու դրա հետ կապ չունեցող մեկ հարց. ո՞ր՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների մասին է հռետորի խոսքը: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է՝ խորհրդարանական»,- արձանագրել է Ռուբինյանը՝ հավելելով, թե՝ դա եւս մի ապացույց է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է ԱԺ ընտրությունների. կապ չունի՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ: «Կարեւոր է գիտակցել, որ դրանք լինելու են Սերժի նախագահության ներքո՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ուստի՝ ճշմարտացի էինք, երբ, մասնավորապես, վերաբերմունքը «Ժառանգության» ու Րաֆֆիի հանդեպ բացատրում էինք նախընտրական հովերով»,- իր այս դիտարկումների հետգրությունում էլ Ռուբինյանը անդրադարձել է նաեւ «բա ի՞նչ անել» հարցին: Ըստ նրա, դա ազգովի որոշելիք հարց է. «Իմ համեստ կարծիքը դրա վերաբերյալ արտահայտված էր «3Ա»-ի վերջին հայտարարությունում»: Ի դեպ, «Առավոտը» այն հրապարակել է մարտի 31-ի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930