Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵԽԽՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Ապրիլ 15,2011 00:00

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում երեկ Հայաստանի վերաբերյալ հնչեցված եզրակացությունները դեռեւս խորհրդապահական բնույթի են:

\"\"
Համմարբերգը Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը հրապարակելու է մայիսին:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մասնակցությամբ երեկ քննարկեց Հայաստանի հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» փոխանցեց, որ մեր համազեկուցողներից մեկը՝ Ջոն Պրեսկոտը, ներկա չէր քննարկմանը, եւ մարտի 16-17-ը Երեւան կատարած փաստահավաք այցի մասին տեղեկատվություն է ներկայացրել նորանշանակ համազեկուցողը՝ Աքսել Ֆիշերը: Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնել է, որ նախապես առանձնազրույց է ունեցել պրն Ֆիշերի հետ եւ նրան փոխանցել նյութեր:

Շուրջ 20 րոպե տեւած քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ Թոմաս Համմարբերգը, Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը: Ինչպես հայտնեց պրն Հարությունյանը՝ անդրադարձ է եղել 2008 թվականի մարտի 1-ին 10 սպանվածների մահվան հանգամանքների հետաքննությանը, «Ա1+»-ի խնդրին՝ հեռուստաեթերում բազմակարծությունն ավելացնելու համատեքստում, «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին, ոստիկանական եւ դատական բարեփոխումներին: Քննարկումից հետո չի ընդունվել որեւէ որոշում: Աքսել Ֆիշերը ներկայացրել է որոշ եզրակացություններ եւ գնահատականներ, սակայն Դավիթ Հարությունյանը հայտնեց, թե դրանք դեռեւս խորհրդապահական բնույթի են:

Քննարկման մասնակից Թոմաս Համմարբերգը դեռ նախօրեին էր առիթ ունեցել հրապարակավ պատասխանելու Հայաստանի եւ հայերի վերաբերյալ մի շարք հարցերի, երբ ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացնում էր 2010 թվականին իր գործունեության վերաբերյալ զեկույցը:

Ֆրանսուա Ռոշբշլուանը հիշեցրեց, թե 2008-ի օգոստոսից հետո պրն Համմարբերգը 8 անգամ եղել է Վրաստանում. «Սակայն իր զեկույցներում չի հիշատակել այն դժվարությունները, որոնք դիմագրավում են այն հայ քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանում»: Հարցին, թե ինչո՞ւ այս կապակցությամբ որեւէ քայլ չի ձեռնարկել՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նախ այսպես արձագանքեց. «Գուշակեք՝ ո՞ր երկիրն եմ ես մեկշաբաթյա այց կատարելու առաջիկա կիրակի: Վրաստա՛ն»: Սակայն հայտնեց, թե Ռոշբլուանի նշած հարցն օրակարգում չէ. թեեւ որոշակի քննարկումներ ունեցել է Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդրի վերաբերյալ, բայց առավել շեշտադրվել են ոչ թե հայերի, այլ մեսխեթցի թուրքերի խնդիրները: Եվ հույս հայտնեց, որ նշված խնդիրը հնարավոր կլինի ավելի հանգամանալից քննարկել հաջորդ շաբաթ:

Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովն ուղղեց հետեւյալ հարցը. «Այն պատճառով, որ Հայաստանը պարբերաբար թունավորում է Ադրբեջանի գրավյալ տարածքների ջրերը տարբեր ռադիոակտիվ եւ կենսաբանական թափոններով՝ ոչնչացել են մի շարք ձկնատեսակներ: Անտառների դաժան ոչնչացման պատճառով վնասվել են որոշ թռչունների եւ կենդանիների բնականոն կենսապայմանները: Սա խախտել է բնության հավասարակշռությունը եւ վնասել մարդկային էակներին: Մենք հպարտ ենք այն ձեռքբերումներով, որոնց հասել ենք Հայաստանի ագրեսիայի հետեւանքով խախտված՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հնարավորություն կունենա՞նք տեսնել ցանկալի արդյունքներ նաեւ կենդանիների իրավունքների պաշտպանության առումով»: Մարդու իրավունքների հանձնակատարը պատասխանեց. «Չեմ կարծում, թե կկարողանանք ընդլայնել մեր մանդատը՝ ներառելով նաեւ կենդանիների իրավունքները: Իհարկե, կա կապ շրջակա միջավայրի դեգրադացիայի, անասնաբուծության ու սննդի եւ պատշաճ գոյության իրավունքի միջեւ: Անկեղծ ասած, մենք արդեն բավակա՜ն ծանրաբեռնված ենք, ուստի այնքան էլ շահագրգիռ չեմ շրջանակների լայնացմամբ՝ ներառելու սա: Իհարկե, եթե կարող եք մեզ տրամադրել կոնկրետ տեղեկատվություն՝ կուսումնասիրենք այն»:

Գանիրա Փաշաեւայի հարցից հետո նիստը նախագահող ԵԽԽՎ փոխնախագահ պրն Կոխն առաջարկեց պրն Համմարբերգին պատասխանել հարցի միայն առաջին հատվածին: Ադրբեջանցի պատվիրակն ասաց. «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում կամ ծրագրում վերականգնելու հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղահանված անձանց իրավունքները, որոնք խախտվել են Հայաստանի կողմից: Ֆարիզ Բադալովը, որը 9 տարեկան էր եւ Աղդամի շրջանի բնակիչ՝ մարտի 8-ին սպանվեց հայկական ուժերի կողմից, երբ խաղում էր իր տան մոտ: Որպես հանձնակատար՝ ո՞րն է Ձեր կարծիքը մի փոքրիկ երեխայի այս սպանության մասին: Մայրը, որը կորցրել է իր միակ երեխային՝ խնդրում է ձեզ եւ ակնկալում ձեր աջակցությունը՝ պատժելու այն մարդկանց, ովքեր իրականացրել են այս հանցագործությունը»: Թոմաս Համմարբերգն ասաց. «Երբ խոսքը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի ու Ղարաբաղի հարցի մասին է՝ մենք բոլորս եզրակացնում ենք, թե միակ ուղին՝ լուծելու չլուծված խնդիրները, քաղաքական համաձայնությունն է: Միջազգային հանրության կողմից կա ըմբռնում, որը ես իրավունք չունեմ վիճարկել, թե, այսպես կոչված, Մինսկի խումբն է՝ իր երեք համանախագահներով, պատասխանատու՝ փորձելու գտնել ճանապարհ՝ հասնելու քաղաքական համաձայնության, որը, հուսով ենք, ազդեցություն կունենա նաեւ մարդու իրավունքների խնդիրների լուծման վրա»: Իր այս դիրքորոշումը նա վկայակոչեց նաեւ այնժամ, երբ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե արդյոք մտահոգվա՞ծ է, որ Ադրբեջանը սպառնացել է ռմբակոծել Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռները:

ԵԽԽՎ փոխնախագահը թույլ չտվեց, որ պրն Համմարբերգը պատասխանի Զարուհի Փոստանջյանին, քանի որ նա գերազանցել էր սահմանված 30 վայրկյանը եւ խոսեց 1 րոպե, որի ընթացքում՝ ըստ նիստը վարողի, չհնչեց հարց: Զարուհի Փոստանջյանն ասաց. «Հայաստանի գործող իշխանությունները կրկին պատրաստվում են վերարտադրվել ցանկացած գնով: Երկրի ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ սկսվել են քաղաքական հալածանքների նոր ձեւեր: Այս տարվա փետրվարին ու մարտին ոստիկանությունը խոչընդոտեց «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը: Շատ դեպքերում ոստիկանությունը հարձակվել է իմ եւ իմ գործընկերների վրա՝ կոպտորեն խախտելով մեր պատգամավորական անձեռնմխելիությունը, եւ մինչ այսօր նրանք չեն կանչվել պատասխանատվության՝ իրենց գործողությունների համար: Քանի որ նրանք չհասան որեւէ արդյունքի՝ փետրվարի 23-ին կալանավորեցին եղբորս ու պահում են իբրեւ քաղաքական պատանդ: Միաժամանակ, իշխանությունները կանխում էին Վեհաժողովի նիստերին իմ մասնակցելը: Ես հասկանում եմ, որ ազատությունը պարգեւ չէ, այլ նվաճում»:

Այնուամենայնիվ, հաջորդ հարցին պատասխանելուց առաջ՝ Թոմաս Համմարբերգը նախ անուղղակի անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի հարցին՝ հայտարարելով. «Մենք մայիսի սկզբին կհրապարակենք Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որտեղ կնշենք խնդիրները եւ կանենք որոշ առաջարկներ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ պատասխանելով Ջոն Պրեսկոտի հարցին՝ «Արդյոք Հայաստանի վերաբերյալ Ձեր զեկույցում անդրադառնալո՞ւ եք 2008-ի ցույցերի ընթացքում 10 զոհերի մահվան հանգամանքներում ոստիկանության դերի մասին հետաքննության ձախողմանը»՝ պրն Համմարբերգն ասել էր. «Այո՛: Թեեւ զեկույցը դեռ չի հրապարակվել՝ ակնհայտ է, որ մենք պետք է անդրադառնանք այդ հետաքննության ձախողմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել