Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵՆՈՄԵՆԱԼ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Մոսկվաբնակ ճանաչված երաժիշտ Նարեկ Հախնազարյանին այսպես են բնորոշում ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները

«Առավոտը» օրերս պատահականորեն ականատես եղավ մի տեսարանի. «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճակատային մասում կախված մեծադիր ազդագրի դիմաց խմբված մի խումբ երիտասարդներ բարձրաձայն քննարկում էին հիշյալ սրահում ապրիլի 16-ին կայանալիք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) ընկերակցությամբ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, ասելով, որ եթե Սերգեյ Խաչատրյանը որպես ջութակահար նշանավոր է ողջ աշխարհում, նույնպիսի ճանաչում ու հռչակ ունի 23-ամյա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի այն մտքից հետո, թե թավջութակահարի հայաստանյան գրաֆիկը դարձյալ խիստ ծանրաբեռնված է, չփորձեցինք անգամ հանդիպում խնդրել նրա հետ: Որպես բացառություն, այս անգամ ներկայացնում ենք տնօրենի խոսքը Ն. Հախնազարյանի մասին, մանավանդ որ, 2006թ. հայաստանյան Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում Հախնազարյանի փայլուն հաղթանակից հետո առիթ չենք ունեցել հանդիպել արտիստին:

Ա. Տեր-Հովակիմյանը զրույցի սկզբում մեր ուշադրությունը հրավիրեց հայտնի պարբերականներին՝ «Վաշինգթոն պոստ», «Նյու Յորք Թայմս», որտեղ Նարեկին որակել են որպես ֆենոմենալ թավջութակահար: Նա նաեւ մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Չայկովսկու անվան, ԱՄՆ-ում կայացած Յոհանսենի անվան երիտասարդ կատարողների եւ այլն: Ներկայումս Ն. Հախնազարյանը մասնակցում է Բոստոնի «Նոր Անգլիա» կոնսերվատորիայում «Արտիստ դիպլոմա» ծրագրին՝ որպես Լորենս Լեսսերի եւ Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ Ալեքսեյ Սելեզնյովի ուսանող: Ցանկացած երաժշտի համար կարեւոր մի փաստ՝ երաժիշտը նվագում է 1698թ. Դավիդ Տեքչլերի պատրաստած թավջութակով, այն վարձակալելով ճանաչված վարպետ Ժակ Ֆրենսիսի թոռնուհի Վալենտին Սաարմայից: Ա. Տեր-Հովակիմյանը հայտնեց նաեւ, որ աննկարագրելի կարճ ժամանակահատվածում թավջութակահարը ելույթ է ունեցել բոլոր մայրցամաքներում, բեմ բարձրանալով հայտնի համերգասրահներում՝ այնպիսի հայտնի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փասադենայի սիմֆոնիկը, Նեպալի ֆիլհարմոնիկը, Բոստոնի սիմֆոնիկը եւ, որ գոնե մեզ համար ամենակարեւորն է՝ ներկայացնելով նաեւ հայ կոմպոզիտորների երկեր: Մի հետաքրքիր փաստ. թավջութակահարը հանդես է գալիս Վաշինգտոնի դեսպանատների համերգաշարում: Օրինակ, մարտի 15-ին Վաշինգտոնում տեղի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահարի համերգը, որտեղ, ի դեպ, ինչպես տեղեկացրեց տնօրենը, հնչել են նաեւ Ադամ Խուդոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Կարծում ենք, սա հիանալի օրինակ է, որպեսզի մեր երկրում էլ կազմակերպվեն նման «դռնփակ» համերգներ, որոնց միջոցով մեր բարձրակարգ արվեստագետներին կճանաչեն դիվանագիտական մակարդակներում, ինչը հետագայում հնարավորություն կտա նրանց՝ ներկայանալ արտերկրում:

Ա. Տեր-Հովակիմյանն ասաց, որ թավջութակահարը չի բավարարվում ժամանակին Մ. Ռոստրոպովիչի, Դ. Գերինգասի, Ռ. Կիրշբաումի, Լ. Լեսերի, Ս. Իսերլիսի նման ականավոր գործիչների վարպետության դասերով, եւ ցանկացած կատարելագործվելու առիթ բաց չի թողնում: Տնօրենը ուրախությամբ նշեց, որ դեռեւս անցյալ դարի 30-ականներից Ա. Այվազյանի, Է. Ասլամազյանի, Գ. Խիզանյանի, Է. Գրիգորյանի, Գ. Ադամյանի, Գ. Թալալյանի, Մ. Աբրահամյանի, Վ. Սարաջյանի, միջին սերնդի՝ Ս. Բագրատունու, Ալ. Չաուշյանի անունների կողքին այսօր ունենք Նարեկ Հախնազարյան: Ցավով փաստենք, որ Արեւմուտքում ճանաչված միջին սերնդի ոչ մի հայ ներկայացուցիչ հայրենիքում չի ստեղծագործում. Ն. Հախնազարյանն էլ բնակվում է Մոսկվայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել