Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ԵԼՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միայն որոշ անդամներ են իրենց պարտքը համարում հակահարված տալ Ադրբեջանին՝ վերջինիս բոլոր պատվիրակների գրեթե ոչ մի ելույթ  չի հնչում առանց հայերին անդրադարձի:

Չնայած ԵԽԽՎ ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի նախագահի նախապես արած հայտարարությանը, թե Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանում կազմավորվելու է այդ հանձնաժողովը՝ դա այդպես էլ տեղի չունեցավ: Եվ անհնար է պատկերացնել հայերի եւ ադրբեջանցիների համատեղ աշխատանքն այն փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում, որն առկա էր նաեւ այս նստաշրջանի ընթացքում: Որպես ապացույց՝ ներկայացնենք  պնդումներ որոշ ելույթներից, որոնց չենք անդրադարձել անցած օրերին:
Ապրիլի 12-ին կրոնական հարթության մեջ միջմշակութային երկխոսության վերաբերյալ զեկույցի ամփոփիչ քննարկման ժամանակ ելույթ ունեցան Ադրբեջանի մի քանի պատվիրակներ: Գանիրա Փաշաեւան հայտարարեց, թե «1988 թվականին Հայաստանի կառավարությունը սկսեց իրագործել էթնիկ զտումների քաղաքականություն Ադրբեջանում, ինչի հետեւանքով սպանվեց ավելի քան 20 000 մարդ, եւ ներքին տեղահանված դարձան 1 միլիոնը: Քանդվեցին մշակութային հուշարձաններ»: Ռովշան Ռզայեւն իր ելույթում նշեց, թե Հայաստանը փորձում է «Ադրբեջանի տարածքի գրավումը» կրոնական հիմքով հակամարտություն ներկայացնել, բայց իրականում այդպես չէ: Իսկ Սեվնիյ Ֆաթալիեւան հայտարարեց, որ թեեւ Ադրբեջանի բնակչության մեծ մասը մահմեդականներ են, բայց նրանց կողքին «դարերով եւ եղբայրաբար» ապրում են շատ այլ ազգերի եւ կրոնների ներկայացուցիչներ. «Չնայած Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է՝ հազարավոր հայեր են ապրում Ադրբեջանում, եւ ոչ ոք նրանց չի հալածում կրոնի կամ ազգության պատճառով»:
Ապրիլի 14-ին, երբ քննարկվում էր «Գյուղացի կանայք Եվրոպայում» զեկույցը՝ Ռաֆայել Հուսեյնովը ելույթում հայտարարեց. «Մոտ 1 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը, որոնք արդեն ներքին տեղահանվածներ են կամ վերջին 20 տարիների ընթացքում ստիպված են ապրել իբրեւ փախստականներ՝ գյուղական վայրերից են: Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետեւանքով այս կանայք զրկվել են ոչ միայն իրենց տներից, այլ նաեւ իրենց բնական կենսապայմաններից, որոնց վարժվել էին: Օկուպացիան զրկել է հարյուր հազարավոր ադրբեջանցի կանանց մայր դառնալու, նորմալ կյանք վարելու, հողագործությամբ եւ այգեգործությամբ զբաղվելու հնարավորությունից»: Եվ խոսքն ուղղելով ԵԽԽՎ կին պատվիրակներին՝ ասաց. «Երբ մերձավորների հետ նստած՝ վայելում եք ձեր տների հարմարավետությունը, խնդրեմ հիշեք, որ ինչ-որ տեղ կան հարյուր հազարավոր ադրբեջանցի կանայք, որոնք հայկական օկուպացիայի հետեւանքով զրկված են իրենց տներից, սեփականությունից, հայրենիքի մասին հիշողություններից եւ մարդու տարրական իրավունքներից: Հողն ու բնությունը կենդանի են, եւ մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ նրանք նույնպես ունեն իրավունքներ: Ադրբեջանական տասնյակ հազարավոր քառակուսի մետր բերրի հող է ենթարկվել Հայաստանի օկուպացիայի՝ ավելի քան 20 տարի կորած լինելով մարդկանց համար: Սա մեկ այլ հանցագործություն է՝ իրագործված Հայաստանի կողմից: Հայաստանը չունի ոչ կարողություն, ոչ բավարար մարդկային ներուժ՝ արդյունավետ օգտագործելու իր օկուպացրած հողը»: Եվ հերթական անգամ պնդեց, թե այդ տարածքներում «մշակում են թմրանյութեր, տեղակայում ահաբեկչական ճամբարներ եւ թաղում միջուկային թափոններ, որոնք բերված են Հայաստանից եւ այլ երկրներից՝ թունավոր մանրէաբանական եւ քիմիական նյութերի հետ մեկտեղ»: Սահիբա Գաֆարովան իր երկրում կանանց նկատմամբ տարվող քաղաքականությունը գովերգելուց հետո էլի հայտարարեց, թե գյուղաբնակ կանանց մեծ մասն ապրում է հակամարտության առաջին գծում: Եվ շարունակությունը ճիշտ նույն ոգով եւ բառընտրությամբ էր, ինչ եւ Հուսեյնովի ելույթը. «Գյուղաբնակ կանայք, որոնք ապրում են այդ վայրերում՝ նայում են վտանգի դեմքին ամեն օր, քանի որ դիպուկահարներն ամեն պահի պատրաստ են կրակել»: Սակայն անգամ տիկին Գաֆարովան իր ելույթի վերջում խոստովանեց. «Ես գիտակցում եմ, որ բարձրաձայնում եմ հարցեր, որոնք բազմիցս են հնչել այս Վեհաժողովում: Ես գիտեմ, որ նրանք հավանաբար դարձել են հռետորական»:
Այս ամենի համատեքստում առնվազն արտառոց էր, երբ ապրիլի 12-ի վերոհիշյալ քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը (նկարում)՝ խոսելով Թուրքիայի ԱԳ նախարարին ուղղված հարցերի մասին, դեռ բողոքեց, թե իրենց հասցեին հնչել են սեւացնող ելույթներ. «Չեմ ուզում պատասխանել դրանց, բայց ուզում եմ ասել, թե մենք պետք է գտնենք ընդհանուր արժեքներ: Մենք պետք է աշխատենք միասին գտնել մեր ապագան այստեղ՝ Եվրոպայի խորհրդում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930