Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի, կառավարման արվեստը դիմադրությունը հաղթահարելու արվեստն է:

– Երկրի վարչապետը օրերս պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, թե ցանկացած քաղաքական ուժի ներսում լինում են տարաձայնություններ, եւ նույն կուսակցության անդամ լինելը չի նշանակում ամեն հարցում միասնական լինել, ըստ Ձեզ՝ արդյոք Հանրապետականի ներսում որքանո՞վ են տարաձայնությունները խորքային եւ խորը:
– Բացարձակապես կիսում եմ վարչապետի ասածը, որովհետեւ կարծիքները կարող են լինել այնքան բազմազան, որքան բազմազան կարող են լինել առհասարակ մարդիկ: Հանրապետական կուսակցության ներսում գաղափարական տարաձայնություններ ես չեմ տեսնում, բայց այս կամ այն խնդրի լուծումը յուրաքանչյուր մարդ տեսնում է յուրովի, եւ այդպես էլ պիտի լինի, որովհետեւ յուրաքանչյուր մարդ ունի իր փորձը, իր կրթությունը եւ իր տեսլականները, այլ կերպ ինչպե՞ս կարելի է պատկերացնել. քաղաքական ուժը բանակ չի, որտեղ որոշում է հրամանատարը, եւ մյուսներն ասում են՝ «Ճիշտ այդպես»: Բայց ես կուզեի խոսել այդ ամենի ներկայացման ձեւի մասին: Այսօր նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը ստանձնել են մեծածավալ բարեփոխումներ, եւ գուցե դա առայժմ այդքան ակներեւ չի, քանի որ ցանկացած հարցի լուծում ժամանակ է պահանջում: Բայց լուսաբանումը, ցավոք, երբեմն իջեցվում է վուլգարային մակարդակի:
– Վարչապետը ասաց նաեւ, թե տնտեսության զարգացմանը ոչ միայն տնտեսական ճգնաժամը խոչընդոտեց, այլեւ բազմաթիվ այլ պատճառներ, որոնցից մեկն էլ  դիմադրությունն էր մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ պայքարում: Դուք, որպես գործարար աշխարհի ներկայացուցիչ, համամի՞տ եք, որ կա այդ դիմադրությունը;
– Իհարկե՝ կա, որովհետեւ ցանկացած համակարգի մեջ երբ փոփոխություն ես անում, իներցիայի ուժով ստեղծվում է հակազդեցություն: Օրինակ, չինովնիկական համակարգում մարդիկ տասնամյակներ շարունակ սովոր են աշխատել մի ձեւով, գործարար հանրության մեջ՝ մեկ այլ ձեւով:
Հիմա ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, ինչպե՞ս կարող է դա դիմադրություն չառաջացնել: Իհարկե, այդ դիմադրությունը հաղթահարելու արվեստն է հենց կառավարման արվեստը:
– Նախընտրական տարում որեւէ արտառոց զարգացում ակնկալո՞ւմ եք:
– Որեւէ արտառոց բան չեմ տեսնում եւ չեմ սպասում, քանի որ ցանկացած ընտրությունից առաջ տեղի է ունենում պայքարի սրացում, որը նորմալ մրցակցային գործընթաց է: Այդ սրացման մի մասը ունի, իրոք, օբյեկտիվ հիմքեր, մի մասը՝ շոուի էլեմենտներ, դուք դա շատ լավ գիտեք: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում, որ նախընտրական տարում պայքար չլինի, բախումներ չլինեն, եւ դա նորմալ է: Մենք տեսել ենք, որ այդ բաները չկային կոմունիստական հասարակարգի ժամանակ, երբ ընտրությունից ընտրություն որեւէ փոփոխության ակնկալիք չկար: Բայց այն, որ ժողովուրդը ունի փոփոխությունների ակնկալիք, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մեր հանրությունը այնքան էլ տոտալիտար չէ, որքան փորձում են ներկայացնել: Շատ քննադատելու եւ խոցելի տեղեր ունի մեր թե կառավարման համակարգը, թե մեր բարոյահոգեբանական կերպարը, յուրաքանչյուրինս առանձին-առանձին եւ բոլորինը միասին: Դրանք հարցեր են, որոնք մենք բարձրացնում ենք եւ փորձում ենք լուծումներ գտնել, եւ այդ ընթացքն անընդհատ է:
– Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ 2012-ի խորհրդարանում օլիգարխներ եւ գործարարներ չեն լինելու, անհանգստություն չունե՞ք:
– Հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, բայց կուզեի մի քիչ փիլիսոփայել այդ հարցի շուրջ: Նախ, ի՞նչ է նշանակում օլիգարխ, որտեղի՞ց ծնվեց այդ բառը, եւ ինչո՞ւ են գործարարները նույնացվում օլիգարխ ասվածի հետ: Օլիգարխ բառը կազմված է հունական երկու արմատներից՝ օլիգո, որը նշանակում է քիչ, եւ արխ, որը նշանակում է իշխանություն, այսինքն՝ քչերի իշխանություն: Քչերի իշխանությունը կարող է լինել եւ գործարարների իշխանություն, եւ բյուրոկրատների իշխանություն, եւ ցանկացած: Մեր իշխանական համակարգը օլիգարխիկ անվանելը ճի՞շտ է՝ չգիտեմ, բայց դա կապել գործարարության հետ, բացարձակ սխալ է, որովհետեւ գործարար հանրությունը իշխանության վրա չունի ազդեցություն կամ՝ մեծ ազդեցություն: Հիմա ինչ վերաբերում է ԱԺ-ում ներկայացված լինելուն: Տեսականորեն գտնում եմ, որ ցանկացած մասնագիտության մարդ, իսկ բիզնեսմեն լինելը նույնպես մասնագիտություն է, իրավունք ունի ներկայացված լինել խորհրդարանում: Ինչո՞ւ երաժիշտը կամ ուսուցիչը, կամ նախկին ոստիկանը, մանավանդ՝ լրագրողը իրավունք պիտի ունենան, իսկ գործարարները՝ ոչ: Սոսկ տրամաբանության տեսակետից, մարդու իրավունքների տեսակետից չի կարելի մարդուն մեղադրել իր մասնագիտության մեջ: Նպատակահարմարության տեսակետից ԱԺ կառուցվածքում պետք է արտահայտվի հասարակության պատկերը: Գուցե չափազանց շատ է գործարարների տեսակարար կշիռը ասօրվա պառլամենտում, բայց այդպես էլ պետք է լինի, որովհետեւ գործարարները եւս հասարակության մաս են եւ ամենաակտիվ մարդիկ են: Եվ ի վերջո, ամեն ինչ որոշվում է ընտրություններով. ինչքան էլ դուք ասեք՝ ընտրությունները կեղծվում են, բայց այդքան էլ այդպես չի, եւ ամեն ինչ ընտրություններով է որոշվում, եւ անգամ շատ գործարարներ չեն էլ ընտրվում, պարտվում են ընտրություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել