Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԻՆ ԽԼԵՑԻՆ ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻՑ

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չորրորդ օրը կայացած տղամարդկանց 77 կգ քաշային կարգում հայաստանցի Արայիկ Միրզոյանը նվաճեց մեկ փոքր ոսկե (պոկում վարժությունում՝ 160 կգ) եւ երկու արծաթե (հրումում՝ 187 եւ երկամարտում՝ 347 կգ) մեդալ: Սակայն հարկ է նշել, որ կողմնակալ մրցավարներն օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի սանին կոպտորեն զրկեցին նաեւ երկրորդ վարժությունում ու երկամարտում Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունից:
 Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Արայիկը պայքարի մեջ ներգրավվեց այն ժամանակ, երբ ուժեղագույնների խմբում ընդգրկված ութ մասնակիցներից վեցն արդեն առնվազն մեկ կամ երկու մոտեցում կատարել էր, եւ վստահ բարձրացրեց 155 կգ-ն: Այդ պահից սկսած արդեն հայտնի էր, որ մրցակցությունն ընթանալու է նրա եւ թուրք Սեմիհ Յագչիի եւ ալբանացի Էրկանդ Քեմիրայի միջեւ, որոնց լավագույն արդյունքը եղավ 155 կիլոգրամը: Իսկ հայ ծանրորդը վերջին մոտեցմամբ սանձեց նաեւ 160 կգ ծանրաձողը եւ կիլոգրամների տարբերության զգալի առավելությամբ արժանացավ պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:
Սակայն հիմնական եւ դրամատիկ իրադարձությունները ծավալվեցին հրում մրցաձեւում: Թուրք ծանրորդն սկսեց 181 կգ-ից, ինչին լեհ Կրժիշտով Զվարիչը պատասխանեց 182 կգ-ով, Արայիկը՝ 183-ով, իսկ ռումինացի Ալեքսանդրու Ռոսուն՝ 185-ով: Սակայն մեր ծանրորդը, միեւնույն է, կիլոգրամների բավականին պաշար ուներ: Անսպասելի պատվիրած 188 կգ նախնական պատվերում երեք անգամ տապալվեց Քերիմայը: Իսկ մինչ այդ Արայիկը մեկ անգամ 187 կգ-ում ձախողվելուց հետո երրորդ մոտեցմամբ սանձել էր ծանրաձողը՝ երկամարտում վաստակելով 347 կգ: Դա չեմպիոնության լիարժեք հայտ էր: Յագչին երկրորդ մոտեցմամբ ֆիքսեց 188 կգ-ն: Նույն արդյունքն արձանագրեց նաեւ լեհ Կրժիշտոֆ Զվարիչը: Սակայն երբ արդեն մրցահարթակում էր հաղորդավարի հրավիրած հաջորդ մարզիկը, քարտուղարության պահանջով նրան ետ կանչեցին: Պարզվեց, որ մրցավարները ուշացումով տեղն էին բերել, որ լեհը քաշը բարձրացնելիս կանոնների աննշան խախտում է թույլ տվել, ու … մոտեցումը չհաշվեցին: Իսկ երբ արդեն բոլորն ավարտել էին մրցելույթները, Յագչիին մնում էր ընդամենը մեկ մոտեցում: Արայիկ Միրզոյանին երկամարտում հավասարվելու եւ անձնական թեթեւ քաշի շնորհիվ նրան շրջանցելու համար թուրք մարզիկը պետք է բարձրացներ առնվազն 192 կգ: Նա մեծ ջանքերի գնով այդ ծանրությունը պահեց գլխավերեւում, սակայն պարզորոշ երեւաց, որ ոտքերը ծալված էին, այսինքն՝ վարժությունը հստակ չֆիքսվեց: Այ հենց այստեղ էլ կատարվեց անսպասելին: Մրցավարները, չգիտես ինչու, այս անգամ չնկատեցին խախտումը եւ քաշը գրանցեցին՝ թուրք ծանրորդին սկուտեղի վրա մատուցելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մեր մարզիչները, ֆեդերացիայի ղեկավար Սամվել Խաչատրյանը բավականին երկար բողոքարկում էին մրցավարների որոշումը: Ու չնայած նրանցից մեկը, հավանաբար՝ գլխավոր մրցավարը, համաձայն էր մեր պատվիրակության բողոքին, սակայն բացատրությունն ավելի քան տարօրինակ էր. իբր կանոնակարգով քաշն արձանագրելուց հետո որոշումը վերանայելու մասին կետ չկա:
Ինչեւէ, Արայիկ Միրզոյանը Հայաստանի հավաքականի հաշվարկին բերեց երկու արծաթե եւ մեկ ոսկե մեդալ:
Մասնագետներն ու հայ մարզասերները մեդալի լուրջ ակնկալիքներ ունեին նաեւ Աղասի Աղասյանից: Առաջին մրցաձեւում 153 կգ-ով վեցերորդ արդյունքը ցույց տալուց հետո, Աղասին պետք է որ կորցրածը ետ բերեր հրումում, որտեղ իրեն անհամեմատ ավելի ուժեղ ու վստահ է զգում: Եվ պատահական չէ, որ նրա մոտեցումները պետք է սկսվեր ամենավերջինը՝ 190 կգ-ից: Բայց այդ քաշը երեք անգամ չենթարկվեց Աղասիին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930