Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն հայոց 34-րդ կաթողիկոսը

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Ապրիլի 17-ը Սուրբ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հիշատակի օրն է

Նշանավոր եկեղեցական, մշակութային, պետական-հասարակական-քաղաքական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչ- ղեկավար, իրավագետ-օրենսդիր («Կանոնագիրք Հայոց»-ի համակարգող- հեղինակ), փիլիսոփա-դավանաբան, չգերազանցված դիվանագետ, շինարար, երգահան, անվանի մանկավարժ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը ծնվել է 7-րդ դարի 2-րդ կեսին, Գուգարաց աշխարհի Տաշիրք գավառի Օձուն գյուղում, ազնվականի ընտանիքում: Նա աշակերտել է անվանի մանկավարժ, հայտնի վարդապետ Թեոդորոս Քոթենավորին, այնուհետեւ ուսանել է Սյունյաց դպրոցում: Դաստիարակվել է  միջնադարյան ճգնավորական-ասկետական (սակավապետ), հայրենապաշտական ոգով: 717-ին, Եղիա Արճիշեցու մահից հետո, ընտրվում է Ամենայն հայոց (34-րդ) կաթողիկոս:
* * *
Կաթողիկոսական գահին հաստատվելուց կարճ ժամանակ անց Հովհան Օձնեցին, Օմար ամիրապետի հրավերով, 719-ի գարնանն այցելեց Դամասկոս: Իմաստասեր հայրապետը արքայավայել ընդունվեց ամիրապետի կողմից, արդյունավետ բանակցեց նրա հետ, կնքեց հայանպաստ պայմանագիր (որից դժգոհ էին շատ ու շատ արաբ կառավարողներ՝ նույնիսկ դարեր անց): Այսպիսով, քաղաքական բարդ հանգույցերի մեջ խճճված Հայաստանի համար ձեռք բերվեց կիսանկախություն՝ «պետություն պետության մեջ» (իբրեւ միակ հնարավոր ու ձեռնտու գոյավիճակ), որն ավելի դժվար էր, քան երբեմնի անկախ թագավորության պահպանումը: Նույն թվականին Դվինում հրավիրեց եկեղեցական ժողով, որին մասնակցում էին եկեղեցու եւ աշխարհիկ իշխանները: Ժողովի ընդունած 32 կանոնների հիման վրա Օձնեցին կազմեց «Կանոնագիրք Հայոց» -ը, որն իրավամբ համարվում է իմաստասեր կաթողիկոսի գործունեության փառապսակը: Հասկանալով, որ առանց ազգային ինքնության ու գաղափարախոսության, առանց ներքին կարգ ու կանոնի, առանց օրենքի ու օրենսդրության, առանց արդարության ու արդարադատության, առանց եկեղեցու ու աշխարհիկի, իշխանավորի ու ժողովրդի կուռ միասնության անհնար է ունենալ հզոր հարեւանների կողմից գնահատվող, հարգված եւ ընդունված երկիր, իրագործեց անիրագործելին, իրականացրեց անիրականանալին. «երկու դարի արանքում, երկու քարի արանքում» ստեղծեց պետություն պետության մեջ, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով հետագա սերունդներին նախ արաբական զորակցությամբ ձերբազատվել բյուզանդական գերիշխանությունից, ապա նաեւ, որը խիստ կարեւոր էր, այլակրոն արաբական ստրկացումից, եւ ստեղծել հայկական անկախ պետականություն:
Ուսանելի է նաեւ նրա կյանքի վերջին տարիները: Երբ Հայաստանում ուժեղացել էին Բյուզանդիայի ազդեցությունն ու բյուզանդամետությունը, եւ խորացել Իր եւ Բյուզանդիոնի հակասությունները, իմաստուն հայրենասերը, ի շահ հայրենիքի բարօրության, հրաժարվեց հայրապետական գահից եւ, մեկուսանալով Արդվու իր կառուցած անապատում, ապրեց ճգնավորի կյանքով՝ զբաղվելով փիլիսոփայությամբ, ուսուցչությամբ:  Ցավով նշենք, որ չնայած Օձնեցու հայրենանվեր գործունեության եւ թողած մշակութային ժառանգության կարեւորությանն ու վիթխարիությանը, նա դեռեւս պատշաճորեն չի ուսումնասիրված ու լուսաբանված, առավել եւս՝ չի ներկայացված հանրությանը: Այնուամենայնիվ, ուրախությամբ հաստատենք, որ Օձնեցին մեծարվել է դեռեւս իր կյանքի ընթացքում, նրա բազմաբնույթ ու բազմասպարեզ հրաշագործությունները փառաբանել են հայ եւ օտար պատմիչներն ու եկեղեցու այրերը, մատենագիրներն ու պատմաբանները: Երախտապարտ հայ ժողովուրդն իր նվիրյալ զավակին հիշում է ավանդապատումներում, իր գրավոր ու բանավոր խոսքում: Իսկ հայ եկեղեցին, որն իր գործիչներին սրբացնելու հարցում խիստ պահանջկոտ է ու ժլատ, իր փոքրաթիվ սրբերի կարգում, Մեսրոպների ու Սահակների, Գրիգորի ու Վարդանների կողքին տեղ է հատկացրել Հայրենապաշտ Հայրապետին: Իսկ այս կիրակի, հիշատակի արարողություններից զատ,  օծվելու են Օձունի եկեղեցու նոր զանգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930