Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 17-ԻՑ ԱՊՐԻԼԻ 17

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Մարտին չհանդիպեցին, հանդիպեցին ապրիլին

Ապրիլի 17-ին լրացավ Հայաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ եւ 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի ծննդյան 79-ամյակը: Ինչպես եւ ակնկալվում էր, այդ օրը պետական գործիչ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Պանթեոն էին այցելել ոչ միայն նրա հարազատները, այլեւ քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Հենց Պանթեոնում էլ տեղի է ունեցել հայաստանյան երկու՝ իրարից գժտված ընդդիմադիր միավորումների՝ Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդների՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ առ դեմ հանդիպումը: Այդպիսի հանդիպում երկու՝ իրար նկատմամբ ոչ այնքան ջերմ ուժերի առաջնորդների միջեւ կարող էր տեղի ունենալ նաեւ դրանից ուղիղ մեկ ամիս առաջ՝ մարտի 17-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ էր հայտարարել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Կոնգրեսն էլ եռամյա ընդմիջումից հետո առաջին անգամ մտավ Ազատության հրապարակ: Այն ժամանակ, սակայն, երկու առաջնորդներն այդպես էլ, հակառակ հասարակության մի որոշակի հատվածի ակնկալիքների, դեմ առ դեմ չհանդիպեցին. Տեր-Պետրոսյանը համարեց, որ քրիստոնեաբար չի լինի «պասի» օրերին «ցուցադրական ծոմ պահող» Հովհաննիսյանին մոտենալը: Ու այդ միջադեպից հետո երկու ուժերի ակտիվի միջեւ ծայր առած փոխադարձ մեղադրանքները հասան մինչեւ մեղադրանքների գագաթնակետն ու նույնքան աստիճանաբար սկսեցին մարել՝ երկուսի համար էլ որոշակիորեն ծանր նստվածք թողնելով: Իսկ Տեր-Պետրոսյան-Հովհաննիսյան դեմ առ դեմ հանդիպում, այնուամենայնիվ, կայացավ մեկ ամիս անց, ըստ ականատեսների, Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Ասում են, ապրիլի 17-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Պանթեոնի տարածքում շրջելիս է եղել, երբ նրան, հակառակ վերջինիս պլանների, մոտեցել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ու նրանք հենց էդպես էլ՝ պատին դեմ առած շուրջ 15 րոպե զրուցել են. թե՝ ինչի՞ մասին, պատմությունը լռում է, որովհետեւ կողմերից որեւէ մեկն այդպես էլ չգիտի կամ չի ուզում բացահայտել երկխոսության թեման, թեեւ հայտնի է, որ այդ առանձնազրույցը գրավել է այդ պահին Պանթեոնում բոլոր ներկաների ուշադրությունը:
Այսպես, tert.am-ին ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ «առանց մեկնաբանությունների» ասելով, հրաժարվել է գաղտնազերծել զրույցը, եթե, իհարկե, նա դրան ընդհանրապես ծանոթ եղել է:
Իսկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ «Առավոտին» ասաց, թե տեղյակ չէ զրույցից, բայցեւ հավելեց, որ եթե «հրատապ անհրաժեշտություն» լիներ, ապա վարչության նիստ կգումարվեր, եւ կուսակցության վերնախավը տեղյակ կպահվեր այդ զրույցի մասին: «Իսկ եթե դա չի արվել, նշանակում է՝ կուսակցության կոլեգիալ որոշում ընդունելու կարիք չկա»,- հայտարարեց Ստ. Սաֆարյանը: Ասել է թե՝ դեմ առ դեմ հանդիպումը երկու ուժերի միջեւ հարաբերությունների տեսանկյունից դարակազմիկ նշանակություն չի ունեցել: Այդուհանդերձ, Սաֆարյանը հավելեց, որ Հովհաննիսյանի եւ Տեր-Պետրոսյանի զրույցի բովանդակության մասին իրենք կիմանան, հավանաբար, կուսակցության վարչության առաջիկա նիստին. «Որպես կանոն, մեր վարչության նիստերը սկսվում են մեր բոլորի հանդիպումների հակիրճ ներկայացմամբ»:
Փոխարենը՝ երեկ «Ժառանգությունը» հաղորդագրություն է տարածել իր վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի՝ ապրիլի 11-ին «Դե ֆակտո», իսկ ապրիլի 12-ին Ստեփան Սաֆարյանի՝ «Հայացք» մամուլի ակումբներում արած որոշ հայտարարությունների առնչությամբ՝ պարզաբանելով, որ երկու դեպքում էլ վերջիններիս տեսակետները ոչ թե կուսակցության դիրքորոշում, այլ անձնական կարծիքներ ու կանխատեսումներ են եղել, մինչդեռ դրանք լուսաբանելու եւ վերլուծելու ընթացքում «փորձ է արվել հակադրություն ստեղծել քաղաքական զարգացումների վերաբերյալ բանախոսների տված գնահատականների ու կատարած կանխատեսումների միջեւ»: Ըստ այդմ, «Ժառանգությունը» «հետագա վերլուծական եւ լրատվական հրապարակումներում արհեստածին շահարկումները բացառելու առումով» հարկ է համարել հիշեցնել, որ կուսակցության պաշտոնական դիրքորոշումները այս կամ այն խնդրի կապակցությամբ ամրագրված են նրա ղեկավար մարմինների (համագումար, խորհուրդ, վարչություն) բանաձեւերում եւ որոշումներում, եւ երկու բանախոսներն էլ չեն հնչեցրել դրանցում ամրագրված գնահատականներին հակասող կամ բացառող որեւէ դիրքորոշում, իսկ բանախոսների կանխատեսումները մի շարք հնարավոր ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նույնական են եղել՝ «անկախ նրանց օգտագործած եզրույթների տարբերությունից, մինչդեռ դրանց լուսաբանումներում եղել են թյուրըմբռնումներ»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Ժառանգության» երկու գործիչների կողմից ՀԱԿ-իշխանություն ենթադրյալ երկխոսությանը, դրա հնարավոր առարկայի շուրջ ու դրանից բխող արդյունքին վերաբերող գնահատականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930