Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՆԱՅՔ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Ապրիլ 19,2011 00:00

Դա անդաստիարակությա՞ն նշան է, թե՞ ծննդաբերության ցավերի հետեւանք

\"\"

Պատահական չէ, որ ծննդաբերությունը կնոջ համար համարվում է երկրորդ ծնունդ, քանի որ այն բարդ գործընթաց է, որին պատրաստվելիս եւ որի ընթացքում կնոջ մոտ տեղի են ունենում թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ առողջական, թե՛ հոգեբանական փոփոխություններ: Ըստ հոգեբանների՝ հղիության ընթացքում տեղի ունեցող հոգեբանական փոփոխություններն իրենց արտահայտությունն են գտնում հղի կնոջ վերաբերմունքում: Ըստ այդմ՝ տարբերվում են հղի կնոջ վերաբերմունքի մի քանի տեսակներ՝ վերաբերմունք իր հանդեպ, երեխայի հոր հանդեպ, երեխայի հանդեպ: Հղի կանանց վերաբերմունքն ունի օպտիմալ, էյֆորիկ, դեպրեսիվ, տագնապային տիպեր: Օպտիմալ տիպի դեպքում հղի կինը հղիությանը վերաբերվում է պատասխանատվությամբ եւ կատարում բժշկի հրահանգները, էյֆորիկ տիպի վերաբերմունք է առաջանում այն կանանց մոտ, որոնք դժվարությամբ են հղիացել, եւ հղիությունը դարձել է ամուսնու հետ հարաբերությունների բարելավման առիթ: Տագնապային տիպի վերաբերմունք ունեն այն կանայք, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, ընտանիքում ոչ ներդաշնակ իրավիճակ է տիրում, նյութական անբավարարվածություն: Դեպրեսիվ վերաբերմունքի արտահայտման նախանշան է այն, որ կնոջ համար հղիությունը դառնում է անցանկալի մի բեռ, երբ կինը մտածում է, որ ինքը չի կարող ծննդաբերել, որ գուցե իր երեխան առողջ չլինի: Այս վերաբերմունքն ունեցող կանանց մոտ հաճախ են ծնվում սեփական տգեղության մասին մտքեր, հաճախ լաց են լինում, նրանց թվում է, թե հղիությունն այլանդակել է իրենց, ինչի պատճառով ամուսինն իրեն կլքի:
Թերեւս այս տիպին են պատկանում այն հղի կանայք, որոնց մասին պատմեց «Առավոտի» զրուցակից Արուսյակ Հովհաննիսյանը. «Երբ երկու տարի առաջ ծննդաբերում էի, մասնակից դարձա մի շատ տհաճ իրավիճակի: Ինչպես բոլոր հղի կանանց, ինձ էլ տարան ծնարան, որտեղ ծննդաբերության էին սպասում մի քանի կանայք: Ինձ մոտ խնդիրներ առաջացան, ինչի արդյունքում ես չէի կարող բնական ճանապարհով երեխա ունենալ, ուստի դա պետք է կատարվեր կեսարյան հատումով: Այս ընթացքում, մինչ ես սպասում եմ, որպեսզի բժշկական անձնակազմը պատրաստվի այդ գործողությանը, հայտնվեցի շատ տհաճ իրավիճակում: Կողքիս պառկած հղի կանայք, որոնք գալարվում էին նախածննդաբերական ցավերի մեջ, անդադար հայհոյում էին իրենց ամուսիններին, դժգոհելով, թե նրանց մեղքն է, որ իրենք հայտնվել են այդպիսի անտանելի ցավերի մեջ: Երբեք չէր կարող մտքովս անցնել, թե նման բան կարող է տեղի ունենալ հղի կնոջ, իր մեջ անմեղ բալիկի կրող՝ այն էլ հայ կնոջ հետ: Իհարկե, ամերիկյան ֆիլմերում երբեմն ականատես եղել եմ նման տեսարանների, բայց մտածել եմ, որ ֆիլմի հեղինակների հնարքն է՝ հնարավորինս սուր զգացողություններով տեսարան ստանալու համար: Բայց արի ու տես, նման բաներ տեղի են ունենում նաեւ իրականում»:
«Առավոտը» փորձեց այս երեւույթի մասին պարզաբանումներ ստանալ գինեկոլոգից եւ հոգեբանից: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊԲՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Ոսկանյանը փոքր-ինչ վրդովված պատասխանեց մեր հարցին. «Նշված երեւույթը շատ անհատական է եւ կապված է միայն տվյալ անձի դաստիարակության պակասի հետ: Դա նույնն է, ինչ կինը փողոցում թքի, ուստի նշված երեւույթը կոնկրետ ծննդաբերության հետ չի կապված, այլ անձի խառնվածքի, նրա դաստիարակության աստիճանի»:
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանն էլ խնդրին մոտեցավ հոգեբանական տեսանկյունից. «Նման դրսեւորումներ կարող են գրանցվել ուժեղ ցավի զգացողության ազդեցության ներքո, երբ կնոջ մոտ գիտակցության նեղացում է տեղի ունենում, նա ծննդաբերության պահին կենտրոնանում է միայն ցավի վրա եւ չի մտածում ուրիշ ոչնչի մասին՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նման իրավիճակի մյուս պատճառը կարող է լինել այն, որ կինը պատրաստ չէ ծննդաբերությանը, չգիտի՝ ինչ է կատարվում իր հետ: Դա թերեւս բաց դաշտ է մեր երկրում, քանի որ մեզանում չկան դասընթացներ, որոնք կանանց պատրաստում են ծննդաբերությանը, ինչն արտասահմանում ընդունված երեւույթ է: Եվ ինչքան քիչ գիտելիքներ ունենա կինը, այնքան մեծ կլինեն նրա վախերն ու տագնապները, որոնք կարող են ծնել նման տհաճ երեւույթներ»: Այնպես որ, տղամարդիկ որքան կարող են՝ պետք է անհոգ եւ հաճելի անակնկալներով լի հղիություն ապահովեն իրենց սիրելի կանանց համար, ավելորդ հայհոյանքների արժանանալուց խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել