Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ՝ հանուն Ղարաբաղի ճանաչման

Ապրիլ 19,2011 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել մի ֆիլմ, որը գրված է հանուն Ղարաբաղի ճանաչման, եւ որն անպայման կծառայի իր գլխավոր նպատակին, երբ ստանա Ձեր հովանավորությունն ու աջակցությունը:
Այսօր աշխարհի ժողովուրդները Ղարաբաղի մասին չգիտեն կամ էլ գիտեն սխալ եւ խեղաթյուրված: Ցավոք, Ադրբեջանի հակահայկական պրոպոգանդան շատ ուժեղ է, եւ նպաստում է Ղարաբաղի մասին ճշմարտությունը խեղաթյուրված տարածելուն:
2010-ին «Ժառանգ» հ/կ-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատրաստած հակահայ քարոզչություն իրականացրած ֆիլմերի թիվը հասնում է մի քանի հարյուրի: Այդ ֆիլմերում հայերը ներկայացվում են որպես քոչվորներ, նենգ ու արյունարբու ահաբեկիչներ: Նման ֆիլմերի համար նրանք հսկայական գումարներ են ծախսում: 2009-ին Ադրբեջանում ֆինանսական հսկայական միջոցներով նկարահանվել է «Ղարաբաղը Ադրբեջան է» ֆիլմը, որում նշվում է. «Հայ ես, թե սատանա, իմացի՛ր, որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Հայերը քոչվոր են եղել, մեր հողում հայրենիք են ստեղծել»: Մեզ համար, իհարկե, ադրբեջանական ֆիլմերը զավեշտալի են, բայց դրանք պետք է այդպիսին լինեն նաեւ միջազգային հանրության համար:
Մեր ազգին այսօր պետք են Ղարաբաղի մասին պատմող լուրջ, մեծածավալ, պատմական ֆիլմեր, այլ ոչ թե սերիալներ: Եթե պետք է ֆիլմ նկարենք, որպեսզի մենք մեզ նայենք՝ իմաստ չունի: Պետք է այնպես անենք, որ աշխարհն էլ մեր պատմությունը լավ իմանա եւ իմանա ճշմարտությունը: Պատերազմի մասին կարող են եւ իրավունք ունեն խոսել, ցուցադրել նրանք, ովքեր տեսել են այդ պատերազմը: «Թեկուզ» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները ապրել ու պայքարել են Ղարաբաղում, եւ գիտեն «պատերազմ» բառի ողջ իմաստը:
Ֆիլմում նկարահանվելու են հայտնի դերասաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ ՌԴ-ից ու արտերկրից: Արդեն կան նախնական պայմանավորվածություններ: Ֆիլմի նկարահանումները կիրականացվեն գեղարվեստական ֆիլմերի համար նախատեսված ժամանակակից տեխնիկայով:
Մեծարգո նախագահ, Դուք այն անհատականությունն եք, ով՝ անկախ ամեն մի դժվարությունից, միշտ եղել է առաջին գծում՝ պատերազմի դաշտում, հրամանատարական կազմում, նորօրյա Արցախի ու Հայաստանի շենացման գործում, քաղաքականություն կերտելիս, ամեն-ամեն տեղ, ուր պետք է նվիրում, սառը դատողություն ու անսպառ հայրենասիրություն: Դուք ի զորու եք կտրուկ խոսք ասել մեր հակառակորդներին, եւ դա անթաքույց հպարտություն է առաջացնում մեզ՝ ղարաբաղցիներիս մոտ:
Մենք՝ «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներս, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ աջակցել ֆիլմի ստեղծմանը: Խնդրում ենք ի մի հավաքել հայրենասեր հայերին այս հայրենասիրական ու Ղարաբաղի համար շատ կարեւոր նախագծի շուրջ:

«Թեկուզ» գեղարվեստական
ֆիլմի ստեղծագործական կազմ
Հեռ. +37455235550. +37496025550. +37494245550, 37496036652

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930