Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐ ԷՋ» ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԱԽԵՑՆԵԼ»

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Ասում է Արցախի էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Վարդգես Օվյանը

-Պարոն Օվյան, Արցախում տպագրվող միակ անկախ թերթի՝ «Նոր էջի» էլեկտրոնային տարբերակից պատահմամբ իմացա, որ թերթի հետագա գոյության հետ կապված խնդիրներ կան: Հնարավո՞ր է, որ դա կապված է Հայաստանի անկախ պարբերականների դեմ դատական քաշքշուկներ սկսելու արդեն իսկ ավանդույթ դարձող օրինակների հետ:
\"\"– Չէ, մեզ մոտ նման քաշքշուկներ չկան: Ամենահիմնական պատճառը ֆինանսական դժվարություններն են, որը մեզ ստիպում է նվազեցնել լույսընծայման հաճախականությունը: Ճիշտն ասած, «Նոր էջի» խմբագրակազմը ստիպված է քննարկել նաեւ թերթի տպագրությունը լիովին դադարեցնելու տարբերակը, վերջնական որոշման մասին կհայտնվի ընթերցողներին:
– Երբվանի՞ց էիք լույս տեսնում եւ առավելապես ինչպիսի՞ նյութեր էին տպագրվում:
– Թերթը լույս է տեսնում 2009 թվականից: Սկզբում տպագրվում էր 3 շաբաթը մեկ, հետո՝ 4 շաբաթը մեկ: Քանի որ Արցախում չկա անկախ հանրային լրատվամիջոց, թերթը ստանձնել էր հանրային թերթի դեր: Տպագրում ենք քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներ շոշափող քննադատական բնույթի ու զանազան պրոբլեմային հարցեր շոշափող նյութեր, ղարաբաղյան խնդրի հետ կապված հոդվածներ՝ ի հակակշիռ տեղի լրատվամիջոցներում պտտվող պաշտոնական հրապարակումների…
– Վարդգես, այսօր Արցախում ինչպիսի՞ն է մարդու իրավունքների, խոսքի ազատության վիճակը: Բավականին մտահոգիչ է «Freedom House»-ի վերջին զեկույցի Արցախին վերաբերող հատվածը: Փաստորեն, Ղարաբաղը «մասամբ ազատից» հայտնվել է «ոչ ազատ» Ադրբեջանի կողքին:
– Ինչ վերաբերում է «Freedom House»-ի վերջին զեկույցին, մեր մեջ ասած, մի քիչ տարօրինակ է, որ Արցախում մարդու ազատության առումով վիճակը համեմատաբար ավելի բարվոք է, քան Հայաստանում… ասենք, այստեղ քաղբանտարկյալներ չկան, չբացահայտված աղմկահարույց հանցագործություններ չկան, սակայն, չգիտես ինչու, ՀՀ-ն այդ զեկույցում համարվել է «մասամբ ազատ», իսկ Արցախը՝ «ոչ ազատ»: Անկասկած՝ դեր է խաղացել այն, որ այսօր այստեղ չկա ընդդիմություն: Բայց Արցախում վերջին տասնամյակում էլ երբեք ընդդիմություն չի եղել..
Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, անկախ մամուլին, վերջին մեկուկես տասնամյակում Արցախում իրոք եղել են անկախ պարբերականներ: Երեւի հիշում եք, որ առաջին անկախ թերթը՝ «10-րդ նահանգը», որն ինչ-որ տեղ ստանձնել էր ընդդիմադիր պահվածք, ԼՂՀ նախկին նախագահի եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ ծագած հակամարտության ու մահափորձի պատճառով նույնպես ներքաշվել էր դատական քաշքշուկի մեջ: Եվ դա պատճառ դարձավ, որ շուրջ 6-ամսյա գոյությունից հետո թերթը փակվի: Դրանից մի քանի տարի հետո սկսեց լույս տեսնել «Դեմոն», բայց անկախ մամուլի հանդեպ Արցախի իշխանությունների վերաբերմունքն արդեն թշնամական չէր, ավելի ճիշտ՝ թունդ թշնամական չէր:
Այնպես որ, Արցախի թվով 3-րդ անկախ թերթը՝ «Նոր էջը», անկախ թերթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքից, Արցախի քաղաքական վերնախավի կողմից տպագրությանը խոչընդոտելու միտումներ դեռ չի տեսել: Չնայած, մյուս կողմից, մեզ մոտ կան մի քանի գերատեսչությունների չափազանց խելոք ղեկավարներ, ովքեր փորձում են խանգարել թերթի մուտքը իրենց «կայսրություն», իրենց աշխատողներին «Նոր էջ» կարդալու համար ուզում են վախեցնել:
– Այսինքն՝ խոսքի ազատության առումով խնդիրներ չունե՞ք:
– Ոչ մի քննադատական խոսք, համարձակ հրապարակում երբեք դուրս չի մնացել թերթի էջերից: Ես ինքս միշտ գրել եւ գրում եմ այն, ինչ ցանկանում եմ: Ինձ թվում է, թե մեզանում յուրաքանչյուրն իր համար ստեղծել է խոսքի ազատության իր նշաձողը: Ես քննադատական սուր նյութեր եմ գրել ոչ միայն «10-րդ նահանգում» կամ «Դեմոյում» աշխատելու տարիներիս, այլեւ Արցախի հանրապետական պաշտոնաթերթում: Այլ հարց է, որ այսօր այդ նույն պաշտոնաթերթում, շրջանային թերթերում եւ կուսակցական մամուլում լրագրողների խոսքի ազատության, այսպես ասած, նշաձողը բավականին ցածր է: Բայց այդ նշաձողն իրենք են իրենց համար ստեղծել, իրենք են այն սահմանել: Նրանցից ոչ ոք երազում անգամ չի կարող ասել, թե «թագավորը մերկ է»: Իշխանություններն այստեղ մեղք չունեն: Տարիներ առաջ «Ազատ Արցախ» պաշտոնաթերթում տեղի ղեկավարներին համեմատել եմ Բորիս Կեւորկովի հետ, որին, ինչպես գիտեք, անվանում են Ղարաբաղի դահիճ:
– Իսկ չե՞ք կարծում, թե Ղարաբաղի միակ անկախ թերթի փակումը վնասելու է Ղարաբաղի միջազգային հեղինակությանը: Երկիր, որը նույնիսկ ընդդիմություն չունի եւ «անազատ երկրի» համարում ունի:
– Ճիշտն ասած, այս թերթը տպագրվում է Արցախի ժողովրդի համար, որն այսօր ազատ արտահայտվելու այլ խոսափող չունի: Աշխարհում բոլորը խոսում են ղարաբաղյան խնդրից, բացի մեզնից՝ արցախցիներից… Նաեւ դրա համար ենք տպագրում «Նոր էջը»: Ի դեպ, կարդալով այդ թեմայով նյութերը, հաճախ է պատահում, որ մեզանում շատերը զարմանում են, քանզի նրանց թվում է (կամ համոզել են), թե ղարաբաղյան խնդիրը, հանձինս ՀՀ ղեկավարների, հուսալի ձեռքերում է…
Ինչ վերաբերում է Արցախի միջազգային հեղինակությանը, ապա այդ մասին թող իշխանությունները մտածեն, դա նրանց խնդիրն է: Ճիշտ է, ես սիրում եմ իմ հայրենիքը, բայց նույնը չեմ կարող ասել իմ հայրենիքում գոյություն ունեցող քաղաքական համակարգի մասին: Եթե ես հստակ իմանամ, որ մեր թերթը իշխանություններին պետք է միայն այն բանի համար, որ աշխարհին ասեն՝ տեսեք, մեզ մոտ ընդդիմություն չկա, բայց մենք անկախ մամուլ ունենք, այլակարծությունը չենք ճնշում եւ այլն… Ապա մենք անմիջապես կդադարեցնենք թերթի տպագրությունը: Մենք մեր առջեւ նպատակ չենք դրել դիմակի դեր ստանձնել… Եթե Արցախում ընդդիմություն չկա, ապա ամենեւին չի նշանակում, թե այդ «բույսը» Արցախի լեռնային պայմաններում չի աճում: Ուրեմն՝ ամեն ինչ արել են, որ այստեղ ընդդիմություն չլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930