Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ապրիլ 20,2011 00:00

Եղել են եւ հնարավոր են՝ նոր նշանակումներ

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի  տնօրեն Կամո Հովհաննիսյանը շուտով, 65 տարին լրանալու պատճառով, հեռանալու է պաշտոնից: Նա ավելի քան 10 տարի ղեկավարեց թատրոնը ու այն դուրս բերեց ծանր ճգնաժամային վիճակից, եւ այդ է պատճառը, որ Թատերական գործիչների միությունում ցավով են արձանագրում պարտադրված պաշտոնաթողման այս փաստը եւ անգամ զայրանում, որ մեր երկրում չկան բացառություններ: Օրինակ, Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հրապարակավ իր դժգոհությունը հայտնեց այս առիթով: Թե ո՞վ կփոխարինի Կամո Հովհաննիսյանին՝ չգիտենք, սակայն  շրջանառվում է մեկ անուն՝ ՀՀ մշակույթի գործող նախարար Հասմիկ Պողոսյան: Ի դեպ, նախարարն այսօր էլ հանդիսանում է թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահը:
Վերջին շրջանում Օպերային թատրոնում եղել են փոփոխություններ՝ նոր նշանակումների տեսքով. երգչախմբի վարիչ է նշանակվել Մինաս Խաչատրյանը, բալետային խմբի տեսուչ՝ Գեւորգ Մելիքյանը, վոկալի դասուսույց՝ անվանի երգիչ Գեղամ Գրիգորյանը, ավելի վաղ թանգարանի վարիչի պաշտոնն էր ստանձնել Սերգեյ Առաքելյանը, պաշտոնից ազատվել է փոխտնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը, ով թատերական ասպարեզում ամենափորձառու կառավարիչներից մեկն է. նա 10 տարուց ավելի հանդիսացել է Մայր թատրոնի տնօրենն ու փոխտնօրենը: Իսկ թե ով կլինի նոր փոխտնօրենը, ըստ լուրերի՝ քննարկվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի անունը: Այս առիթով նա «Առավոտին» ասաց, որ առաջին անգամ է լսում նման լուր, հավելելով. «Մեր քաղաքում ամեն վայրկյան լուրեր են հորինվում, հավանաբար սա էլ այդ շարքից է»:
Մենք նախօրեին փորձեցինք կապվել թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանի հետ, ինչը չհաջողվեց: Փոխտնօրեն Հրաչյա Գրիգորյանը տնօրենի բջջային «անհասանելիությունը» բացատրեց թատրոնի ծանրաբեռնված աշխատանքով, հայտնելով, որ պատրաստվում են մայիսին ներկայացնել Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը, շուտով թատրոնում կկայանա երեւանյան միջազգային տանգոյի փառատոն, բանակցություններ են ընթանում բալետային խմբի հյուրախաղերի հետ կապված (չմանրամասնեց) եւ, որ այս պահին ամենակարեւորն է՝ օրերս ավարտվել են մեներգիչների որակավորման լսումները, ինչի արդյունքները կհայտարարվեն ընթացիկ ամսվա վերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել