Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, թե ովքեր են տերերը»

Ապրիլ 21,2011 00:00

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) խոստանում է բացահայտել որոշ ճշմարտություններ

Ի պատասխան վերջին օրերին մամուլի որոշ միջոցներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ վերլուծությունների, ըստ որոնց՝ կուսակցությունը ակնհայտորեն քաղաքական պասիվություն է դրսեւորում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Պետք է նկատել, որ նման, այսպես կոչված, վերլուծությունները զարմանալիորեն համընկնում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ միջազգային կապերի ակտիվացման եւ ըստ այդմ՝ կուսակցության հեղինակության բարձրացման հետ: Ու եթե հետեւում ենք, թե հատկապես ո՞ր լրատվամիջոցներում են հայտնվում նման կարգի անլուրջ վերլուծություններ, եւ մտաբերում ենք այդ լրատվամիջոցների հովանավորներին, ապա պատկերը դառնում է ամբողջական:
Ակնհայտ է մեկ բան՝ ԲՀԿ-ի քաղաքական պասիվության մասին այդ հրապարակումները մակերեսային եւ արհեստական բնույթ են կրում եւ ուղղակիորեն հրահրված են: Իհարկե, ի տարբերություն որոշների, մենք լրատվամիջոցներով ամեն օր չենք պատվիրում մեզ գովերգող նյութեր եւ ռեպորտաժներ եւ ամեն չեղած բան չենք ներկայացնում որպես աննախադեպ ծրագիր կամ ձեռքբերում:
Այս իմաստով, գուցեեւ կուսակցությունը պասիվ է, ես ընդունում եմ։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Իսկ իրականությունն այն է, որ շատ լուրջ աշխատանք է կատարվում կուսակցության ներսում: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ձեւավորվել են մի քանի աշխատանքային խմբեր՝ համալրված ոլորտների լավագույն մասնագետներով: Մշակվում են լուրջ ծրագրեր հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ: Ծրագրեր, որոնք չեն լինելու թղթի վրա գրված պարզ ցանկություններ, այլ դրանք լինելու են հստակ քայլերի հաջորդականություն, որը մեր ժողովրդի համար լինելու է ընդունելի եւ ընկալելի:
Այդուհանդերձ, ես հասկանում եմ այն դրդապատճառները, որով առաջնորդվում են ԲՀԿ-ի մասին բամբասանքներ եւ «վերլուծություններ»  պատվիրողները: Դա առաջին հերթին Ծառուկյանի անձնական բարձր վարկանիշն է  եւ այն կոնսոլիդացիան, որն այսօր կա ԲՀԿ-ի շուրջ:
Իհարկե, մենք այդ պատվերներին պատրաստ ենք շարունակել ըմբռնումով ու նաեւ մի քիչ էլ հումորով մոտենալ, որովհետեւ հասկանում ենք, որ շատերի համար դժվար է համակերպվել ԲՀԿ նախագահի հեղինակության ու ժողովրդականության հետ:
Բայցեւ մենք ուշադիր հետեւում ենք այդ կարգի հրապարակումներին, եւ կարծում եմ՝ մոտենում է այն պահը, երբ  պատվիրատուների մասին մի շարք ճշմարտություններ մենք նույնպես կդարձնենք  հանրության քննարկման առարկա: Սակայն, ի տարբերություն այլոց՝ առանց լրագրողների հետեւում թաքնվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել