Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ՄԻ ՊԱՀԱՆՋՆ Է՞Լ ԿԱՏԱՐՎԵՑ

Ապրիլ 21,2011 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի դատական համակարգից ակնկալում է նոր թափ եւ ընդգծված ակտիվացում 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է երեկ՝  դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Նախագահի մամուլի գրասենյակից  ստացված հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանն անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին՝ ասել է. «Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները  շատ են, եւ, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երեւի ինձնից լավ որեւէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է ե՛ւ մեր պետության, ե՛ւ մեր հասարակության, ե՛ւ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարեւոր հարց է, եւ ձեզ ուղղված իմ պահանջն է՝ կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»: 
Ի դեպ, խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրա տեղակալները, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը,  ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը:
Երեկ «Առավոտը» Հայ ազգային կոնգրեսից փորձեց ճշտել՝ արդյոք Սերժ Սարգսյանի այս ցուցումը կարելի՞ է համարել որպես ՀԱԿ-ի պահանջներից մեկի՝ իշխանությունների կողմից «Մարտի 1»-ի բացահայտման հավաստիացում, կատարում կամ արձագանք: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց, որ միայն հայտարարության բովանդակությանը ծանոթանալուց հետո կպատասխանի այդ հարցին: Պատասխանն ակնկալում ենք ստանալ գոնե այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել